«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամներին միավորում է երեք բան՝ գիտակցում, փորձառություն և կամք»,-«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամների մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա ձևակերպմամբ՝ այս ընտրությունները, այս ընտրական գործընթացը լինել-չլինելու մակարդակի կարևորության հարց է:
Նշենք՝ «Ընտրությունների վերահսկման կոմիտեն» հիմնել են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, փաստաբան Անահիտ Սարգսյանը:
Անահիտ Սարգսյանը հայտնեց. «Ընտրությունների ողջ գործընթացի նկատմամբ իրականացնելու ենք վերահսկողություն՝ նախընտրական շրջանում, ընտրությունների օրը և հետընտրական շրջանում: Անհրաժեշտության դեպքում կիրականացնենք նաև հարցումներ, դատական հայցեր»:
Կարդացեք նաև
Նարեկ Սամսոնյանն էլ հայտնեց՝ իրականացնելու են նաև շրջիկ դիտորդություն:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ լինելու են ամենասուր տեղերում ու մանրամասնեց. «Օգտագործելու եմ իմ կապերը միջազգային կազմակերպություններում: Սրանք լոկ ընտրություններ չեն, որ որոշելու են ՀՀ տնտեսական զարգացումը: Այս ընտրությունները որոշելու են ՀՀ լինելիությունն ընդհանրապես»:
Աղասի Ենոքյանը նշեց՝ մեծ ուշադրություն են դարձնելու պետական ֆինանսավորում ունեցող, հատկապես հանրային լրատվամիջոցներին ու ասաց. «Դեռ չեն իրականացնում մոնիտորինգ, սակայն վերջին օրերին թերթեցի Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հեռուստածրագիրը, տեսա՝ ում է հրավիրել որպես հյուր: Ալեն Սիմոնյան, Խաչիկ Սուքիասյան, Վահան Քերոբյան… բավականին լուրջ հանրային հետաքրքրություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը լուսաբանված չէր, չէր լուսաբանվել այն, որ հունիսի 1-ի համերգից առաջ եղել է ծնողների բողոքի ակցիան: Եկեք հասկանանք՝ մեր վճարած հարկերն ուզո՞ւմ ենք, որ ծառայեն նրան, որ մեկն ասի՝ օլիգարխ չեմ, օլիգարխը նախկիններն են: Իհարկե, մենք կաշխատենք ներգրավել նաև բոլոր մյուս լրատվամիջոցներին, բայց մեր ուշադրության կենտրոնում հանրային ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցներն են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ