Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը կառավարությանն է ներկայացրել նորանշանակ պետական նախարարին

Հունիս 02,2021 16:14

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ԱՀ կառավարությանն եմ ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին, որը կհամակարգի չորս նախարարների գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Այս կադրային որոշումը համարում եմ կարևոր և ճիշտ՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում նրա ունեցած կառավարման փորձը, մասնագիտական և մարդկային որակները, մասնավորապես՝ սկզբունքայնությունը, արհեստավարժությունն ու պատասխանատվությունը։­

Վստահ եմ՝ նոր պաշտոնում Արտակ Բեգլարյանը նույնպես կծառայեցնի իր գիտելիքներն ու ունակությունները պետական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու Արցախի զարգացմանը։

Թեև Արտակ Բեգլարյանին և նրա գրագետ ու բարեխիղճ գործունեությանը քաջածանոթ է ոչ միայն Արցախի բնակչությունը, այլ նաև ողջ հայությունը, սակայն կուզեի հակիրճ ներկայացնել նրա կենսագրությունը, որն ընթերցելուց հետո, համոզված եմ, որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինել, որ այս պաշտոնի ու նշված ոլորտների համակարգման համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէ գտնել Արցախում:

• Ա. Բեգլարյանը, 1995թ. Ստեփանակերտում ականի պայթյունից կորցնելով տեսողությունը, ընդունվել և 2006թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը:

• 2006-2010թթ. կրկին գերազանցությամբ ուսանել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում, այնուհետև՝ կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրայում:

• 2010-2011թթ. Եվրոպական Միության «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով սովորել է բիզնեսի կառավարում Հունաստանի Սալոնիկի քաղաքի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում:

• 2011-2012թթ. Ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ. ի դեպ, այդ համալսարանը աշխարհի լավագույն 10 համալսարաններից մեկն է (այդ տարիներին՝ չորրորդն իր վարկանիշով):

• 2013թ. «Թավիթյան» կրթաթոշակով ուսանել է Հանրային կառավարում և վարչարարություն ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որը համարվում է դիվանագիտական կրթության ոլորտում աշխարհի լավագույն համալսարաններից մեկը:

• Այնուհետև ուսանել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ քաղաքագիտություն մասնագիտացմամբ, սակայն պետական ու հասարակական գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված առ այսօր դեռ չի հասցրել պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը:
• Տարբեր տարիների մասնակցել է տարբեր համալսարանների կրթական ու գիտական ծրագրերի, ներառյալ՝ Չեխիայի Չարլզ համալսարանում, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում և այլն:

• Գիտական չորս և վերլուծական տասնյակ հոդվածների հեղինակ է:

Ինչ վերաբերում է Արտակ Բեգլարյանի աշխատանքային գործունեությանը, ապա կառանձնացնեի հետևյալ փորձը՝

• 2012-2013թթ. Եղել է ԱՀ վարչապետի օգնականը:

• 2013 -2017թթ. Աշխատել է որպես ԱՀ վարչապետի մամուլի քարտուղար, այնուհետև՝ մի քանի ամիս՝ պետական նախարարի խորհրդական:

• 2013-2017թթ. Դասավանդել է Արցախի պետական համալսարանում՝ քաղաքագիտությանն առնչվող մի շարք առարկաներ:

• 2018թ. նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար և պաշտոնավարել ինը ամիս:

• 2018թ. հոկտեմբերին ԱՀ Ազգային ժողովի կողմից ընտրվելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ բավականին մեծ ջանքեր է ներդրել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նպաստելով մի շարք բարեփոխումների իրականացմանը տարբեր ոլորտներում: Կուզեի հատուկ ընդգծել նրա հսկայական ու անձնվեր աշխատանքը հատկապես 2020թ. պատերազմի ընթացքում, ինչի շնորհիվ մի շարք որակյալ զեկույցներ են պատրաստվել և միջազգային հանրությունը պարբերաբար իրազեկվում էր Արցախում տեղի ունեցող վայրագությունների մասին:

• 2020թ. դեկտեմբերին ընդունել է իմ առաջարկը և նշանակվել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, որտեղ իրեն դրսևորել է փայլուն՝ որպես սկզբունքային, լայնախոհ ու նվիրյալ պետական գործիչ:

Արտակ Բեգլարյանը տարիներ շարունակ մեծ ակտիվություն է ցուցաբերել նաև հասարակական դաշտում՝ հիմնադրելով ու ղեկավարելով մի շարք կազմակերպություններ ու նախաձեռնություններ:

Կարծում եմ՝ մարդկային արժանիքների ու անցած օրինակելի ճանապարհի մասին ավելորդ է մանրամասներ ներկայացնել:

Արդյունավետ աշխատանք եմ մաղթում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930