Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը քննադատել էր Հ1-ին. ՀՀԽ-ն սա համարում է միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը

Հունիս 02,2021 15:30

Մարդու իրավունքների պաշտպանը՝ «Լուրերի» ռեպորտաժի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրայինի «Լուրեր» թողարկմամբ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումներն այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:

Ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն քարտեզներում լինել-չլինելու լույսի ներքո:

Ինչպես Տիգրանաշենի, այնպես էլ մյուս գյուղերի հետ կապված հաշվի առնված չեն նաև պատմական փաստերը ԽՍՀՄ տարիներին, երբ որոշումները կայացվել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ ոտնահարումների հաշվին, ինչպես նաև դրանց ռազմավարական կենսական նշանակությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Այդ նյութում առկա ձևակերպումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու նպաստում են ոչ միայն նրանց, այլ նաև ՀՀ սահմանային անվտանգության խաթարմանը, քանի որ դրանում առկա են բացահայտ ոչ մասնագիտական, մեխանիկական մոտեցումներ ու ակնհայտ սխալ ձևակերպումներ: Հենց այս տեսանկյունից է նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի էլ չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը:

Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն ընկալվում են՝ որպես պետական մոտեցում, ինչն էլ նշանակում է, որ այդ նյութերը կարող են օգտագործվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում:

Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող նմանատիպ ձևակերպումներով նյութերը Մարդու իրավունքների պաշտպանը դիտարկում է նաև այն ձևակերպումների ներքո, որ վերջին շրջանում օգտագործում են ՀՀ որոշ պաշտոնյաներ` դրանով հակասելով սահմանային բնակիչների իրավունքներին ու նրանց անվտանգությանը:

Ուստի, Հանրային հեռուստաընկերությունից պահանջում ենք ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով:

Բոլոր լրատվամիջոցներին ևս հորդորում ենք սահմաններին վերաբերող հարցերի հետ կապված նկատի ունենալ, որ դրանք ուղղակիորեն վերաբերում են նաև սահմանային բնակիչների, իսկ շատ դեպքերում նաև ՀՀ ողջ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը և լուսաբանումներում չանել այնպիսի ձևակերպումներ, որոնք հիմնված չեն մասնագիտական մոտեցումների վրա, հաշվի չեն առնում մարդու իրավունքների վտանգները:

Մարդու իրավունքների պաշտպան

 

«Լուրերի» ռեպորտաժի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը

Վերջերս մի շարք լրատվամիջոցներ անհեթեթ լուրեր են տարածում այն մասին, թե Հանրային հեռուստաընկերությունը օրեր առաջ «ադրբեջանամետ քարոզ է» հեռարձակել։

Խոսքը «Լուրերի» ռեպորտաժի մասին է, որը պատմում էր նախկինում գոյություն ունեցող հայկական և ադրբեջանական անկլավների, դրանց այսօրվա կարգավիճակի և հետագա հնարավոր խնդիրների մասին։ Ինչպես միշտ, Հանրայինը կարևորում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը` համարելով, որ տեղեկացված մարդը նաև պաշտպանված է։

Սակայն կուսակցականացված մամուլը ընտրությունների շեմին չխորշեց այս զգայուն թեման օգտագործել ներքաղաքական քարոզչական պայքարում և շրջանառեց կեղծ թեզը։ Հանրայինը, բնականաբար, չարձագանքեց մեղադրանքներին, որպեսզի տուրք չտա արհեստական ստեղծված օրակարգին։

Սակայն զարմանալիորեն «Լուրերի» ռեպորտաժին անդրադարձավ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր մայիսի 31-ի հայտարարությամբ։ Արման Թաթոյանը նախ ռեպորտաժի մեջ կամայականորեն «հայտնաբերեց» մարդու իրավունքների հորինված խախտումներ, ապա «մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի» համարեց «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը» և պահանջեց Հանրային հեռուստաընկերությունից «ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով»:

Հանրային հեռարձակողի խորհուրդը, որպես Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմին, որը պատասխանատու է Հանրային հեռուստաընկերության ծրագրային քաղաքականության համար, ուշադրությամբ քննելով Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ հայտնում է հետևյալը․

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, գերազանցելով իր լիազորությունները, ինչպես նաև լրագրողական աշխատանքը գնահատելու իր իրավասությունը, բացահայտ միջամտում է լրատվամիջոցի գործունեությանը, ինչն անթույլատրելի է ժողովրդավարության և հենց մարդու իրավունքների տեսանկյունից։

Միաժամանակ հորդորում ենք Հանրային հեռուստաընկերությանը դիմել երրորդ կողմին՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին, իր պատրաստած ռեպորտաժի մասին անկողմնակալ մասնագիտական կարծիք ստանալու և հանրությանը ներկայացնելու համար։

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930