Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց վարչապետի հետ միասին` չեն կարող ինձ զրկել դասավանդելուց». իշխանությունների քննադատելու համար ազատված տնօրեն

Հունիս 02,2021 15:12

Aravot.am-ը կապվեց Արարատի մարզի Զորակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանի հետ, որից մարզպետարանից պահանջել էին տնօրենի պաշտոնից ազատման դիմում գրել` ֆեյսբուքի իր էջում իշխանության եւ վարչապետի հասցեին գրառումներ կատարելու համար:

Կրթության ոլորտի երկարամյա աշխատակցից հետաքրքրվեցինք` արդյոք «Հետքի» հրապարակումից հետո մարզպետարանից կապվե՞լ են իր հետ: «Բացարձակ ոչ մի արձագանք չի եղել»,-ասաց նա:

Անդրադարձ եղավ այն խնդրին, որ փորձում են իրեն զրկել նաեւ դասավանդելու հնարավորությունից, հարցրինք` ինչպե՞ս կարող են ուսուցչին արգելել դասավանդել:

«Ինձ զրկելու իրավունք, որպես այդպիսին, չունեն, ուղղակի ստիպում են, պարտադրում են` դուրս արի, թե չէ սա կանենք, նա կանենք: Տնօրենի պաշտոնակատարին ստիպում են` ասա, թող դուրս գա, բայց դե տնօրենն էլ հասկանում է, որ դա օրենքից դուրս բան է եւ հնարավոր չէ նման քայլի դիմել… Ինձ միջնորդավորված ասացին, ես էլ միջնորդավորված պատասխանեցի, որ իրենք իրավունք չունեն եւ չեն կարող ինձ զրկել այդ գործունեությունից: Չէին ուզում տնօրեն աշխատել, չաշխատեցի, իսկ մանկավարժությունն իրենք չեն տվել ինձ, իմ երեխաներն են տվել, իմ մանկավարժ ծնողն է տվել, իմ ուսուցիչները …Իրենց վարչապետի հետ միասին իրենք չեն կարող ինձ զրկել դասավանդելուց»,-ասաց Տիգրան Բաբախանյանը, որը կենսաբանության ուսուցիչ է:

Նրանից պարզեցինք, որ շուրջ 20 տարվա մանկավարժ է, 1999-2001 թթ. աշխատել է Արցախում` Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում, ապա Արարատի մարզի Այնթապ գյուղում, իսկ վերջին 10 տարիներին Զորակի դպրոցի տնօրենն էր: «Ապրիլ ամսին ֆեյսբուքում կատարած գրառումից հետո, երբ կանչվել է մարզպետարան, տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել, սակայն շարունակել է գործունեությունը որպես կենսաբանության ուսուցիչ:

«Աշխատել եմ այն գյուղերում, այն եկեղեցիներում, որտեղ հիմա թուրքերը խաչեր են ջնջում, այդ եկեղեցում այնքան երեխաներ եմ կնքել, այնքան երեխեքի քավոր եմ կանգնել, այնքան հարսանիք եմ արել այսքան տարիների ընթացքում, մինչդեռ իրենք տեղն էլ չգիտեն ու չեն էլ պատկերացնում, թե այդ ամենն ինչ ցավ է մարդու համար, դրա համար էլ այդպես են վարվում»,-ասաց մանկավարժը:

Հարցրինք` չի՞ պատրաստվում իր իրավունքները պաշտպանել դատական կարգով: «Ինձ աշխատանքից չեն ազատել, ասել են, որ ուզում են դուրս գամ` այսինչ բանի համար, ես նպատակահարմար եմ գտել դիմում գրել, ասել էին` եթե չգրես, մենք քեզ աշխատանքից կազատենք, մտածեցի` ավելի լավ է, ինքս դուրս գամ ու պայքարեմ ավելի ինտենսիվ եւ ավել շատ ազատ ժամանակ ունենամ…Ու պիտի շարունակեմ դասավանդել, բա ինչ պիտի անեմ: Իսկ երբ ընտրություններ լինեն դպրոցի տնօրենի թափուր տեղի համար, նորից իմ թեկնածությունը դնելու եմ ու շարունակեմ աշխատել»,-ասաց Տիգրան Բաբախանյանը:

Փորձեցինք թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Արարատի մարզպետարանից: Մարզպետարանի կայքում զետեղված հնարավոր բոլոր հեռախոսահամարներին մեր զանգերը մնացին անպատասխան: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Խաչատրյանը երկար ժամանակ հեռախոսազանգերին չէր պատասխանում, միայն մեր sms հաղորդագրությունից հետո նա պատասխան հաղորդագրություն ուղարկեց, որ ավելի ուշ կկապվի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տիգրան Բաբախանյանի լուսանկարները` ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930