Հայաստանի ազգային պետականություն կուսակցության (ՀԱՊԿ) նախագահ Արթուր Վարդանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` իրենք ի վերջո ի՞նչ ուժ են` ռուսամե՞տ, արեւմտամետ, ի՞նչ են մերժում, ի՞նչ ընդունում: «Մենք հայամետ ենք, կարող եք դա մեծատառերով գրել, ես ռուսամետ չեմ, սորոսական չեմ, արեւմտամետ չեմ եւ չինամետ չեմ, աֆրիկամետ չեմ, լատինամերիկամետ չեմ.. Ես հայամետ եմ: Ճիշտ է կան ուժեր, կուսակցություններ, որոնցից շատերին մեղադրում են սորոսական լինելու մեջ, շատերին` արեւմտամետ կամ ռուսամետ լինելու մեջ, ես այդ կուսակցություններից շատերին, որոնք այժմ էլ մասնակցում են ընտրություններին, պարզ ասում եմ` մենք այն ուժն ենք, որ լինելու է հայամետ, կա հայամետ եւ մնալու է հայամետ»,-ասաց Արթուր Վարդանյանը:
Սահմանային վերջին զարգացումներին, Զանգեզուրյան միջանցքին, Նիկոլ Փաշինյանի` զորքերը հետ քաշելու վերաբերյալ հայտարարությանն էլ անդրադարձ եղավ: «Միանշանակ կան ձախողումներ` եւ դիվանագիտական, եւ իհարկե քաղաքական: Մեր քաղաքական ուժը դեմ է այնպիսի ծրագրի, որը կործանարար կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար եւ չի բխում մեր երկրի շահերից: Ինչ վերաբերվում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, այն մեզ համար անձեռնմխելի է, մենք ունենք միջպետական սահմաններ, պետություն, երկիր, որի համար պայքարելու ենք, հայրենիքի յուրաքանչյուր թզի համար պայքարելու ենք: Հավատում եմ, որ մեր ազգը կոտրված չէ: Ճիշտ է, ունեցել ենք պարտություն, բայց ուժեղանալու տեղ եւ սխալներից սովորելու շատ բան ունենք…Թե չէ 21-րդ դարում հայրենիք ու պետություն կորցնելը կլինի մեր ազգի պատմության ամենաամոթալի էջերից մեկը»,-ասաց ՀԱՊԿ-ի նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ