Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիմահարդար, վաճառող, մարզիկ, բուժքույր, ուսուցիչ ` ՀԱՊ կուսակցության նախագահն իրենց մաքուր ուժ է համարում

Հունիս 02,2021 14:08

Հայաստանի ազգային պետականություն կուսակցության (ՀԱՊԿ) նախագահ Արթուր Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշել են մտնել քաղաքական դաշտ, որովհետեւ իր խոսքով` անհատ քաղաքացի լինելով խնդիրներ բարձրաձայնելը բարդ է: «Մեր երկրում այս պահին ունենք այնպիսի ծայրահեղ, ծանր իրավիճակ, որ բավական չէ լոկ խոսել դրա մասին, քաղաքական պայքարը իրավական եւ քաղաքական դաշտում անհրաժեշտ է: Եվ բոլոր այն մարդիկ, որոնք ներգրաված են մեր քաղաքական ուժի մեջ` լինեն ուսուցիչներ, թե հասարակական աշխատողներ, լրագրող, թե ինֆորմատիկայի ոլորտի մասնագետ, բոլորն ասելիք ունեն քաղաքական դաշտում եւ ցանկություն` իրենց լուման ներդնել»,-ասաց ՀԱՊԿ-ի նախագահը:

Եվ իսկապես՝ Արթուր Վարդանյանի ղեկավարած կուսակցության ԿԸՀ ներկայացրած ցուցակում, ի թիվս այլ մասնագիտության տեր մարդկանց, կա գիտաշխատող, դիմահարդար, վաճառող, մարզիկ, բուժքույր, վաճառողուհի:

«Այսօր մեր երկրում հավատն ու վստահությունը կորել է, երբ խոսում ենք քաղաքական ուժերի մասին, պատկերացրեք, որ մարդկանց 50 տոկոսից ավելին հիասթափված է, ցանկություն չունի լսելու այն ամենը, ինչ վերաբերվում է քաղաքականությանը: Այսօր ստեղծել մաքուր քաղաքական մի ուժ, որը կկարողանա ինքնաֆինանսավորվել, քաղաքական դաշտում ձեռք բերել վստահություն եւ վերականգնել մեր երկրի ներքին քաղաքական դաշտի հավատը, ներկայիս պահին շատ կարեւոր է»,-հավելեց նա: Ասաց, որ դաշտում եղած տասնյակ կուսակցություններն ու քաղաքական ուժերը զուտ արբանյակներ են:

Հարցրինք` ինչպե՞ս պատահեց, որ մեկ շաբաթում կարողացան առանց քաշքշուկների արագ գրանցել իրենց կուսակցությունը, մի բան, որ հարուցել է շատերի զարմանքը: «Պատկերացրեք, մենք այդ բոլոր քաշքշուկների միջոց անցել ենք… Հիմա էլ օրական 24 ժամ աշխատում ենք… Մեր նախագահող խմբի անդամները, կուսակցության հիմնադիրները օրական 4 ժամ են քնում: Մենք կարողացել ենք 24-ժամյա աշխատանքային ռեժիմի արդյունքում հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը, նաեւ ունենալով հիանալի փաստաբանական ծառայություն՝ ի դեմս Լեւոն Բաղդասարյանի, ներկայացնել, որ հաստատեն: Մեկամսյա ժամկետում պետք է հաստատվեր, մեկամսյա ժամկետում էլ հաստատվել է: Ամենակարեւորն այն է, որ կա մի քաղաքական ուժ, այն մարդիկ, որոնք ներգրաված են այս ուժում, իսկապես ժողովրդի միջից են եւ ժողովրդի համար»,-ասաց Արթուր Վարդանյանը:

Հարցրինք` պատրաստվո՞ւմ են կոալիցիա կազմել իշխող ուժի հետ, սատարել նրան, հատկապես որ հիմա շատ է խոսվում նոր գրանցված կուսակցությունների` ընդդիմության ձայները փոշիացնելու «առաքելության» մասին: «Մենք ընդհանրապես դաշինք չենք կազմելու ոչ մեկի հետ… Մենք գալիս ենք բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք ներկայումս կան մեր երկրում, մեր պետության մեջ: Անելու ենք հնարավորը եւ անհնարինը, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, ոչ թե մնան լոկ խոստումներ եւ խոսքեր: Բացառում եմ որեւէ ուժի հետ կոալիցիա կամ դաշինք կազմելը: Ներկայումս մենք այդպիսի որոշում չունենք եւ միանշանակ գնալու ենք մենակ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արթուր Վարդանյանի լուսանկարը ֆեյսբուքի իր էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930