«Երկու նկատառումներով շատ չպետք է խոսել ռազմարդյունաբերության մասին։ Նախ, դա մեր ներքին խոհանոցն է եւ անվտանգության ապահովման կարեւոր ուղղություննը։ Շատ խոսելու փոխարեն պետք է գործել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմից հետո ռազմարդյունաբերության զարգացման, ԱԹՍ-ների արտադրության առումով ի՞նչ տեղաշարժեր կան։
«Ես դեմ եմ այն հրապարակային քննարկումներին, որոնք վերաբերում են զենքերի, զինատեսակների ստեղծմանը։ Սա բոլորին ուղերձ համարեք՝ եթե որեւէ մեկը քննարկման ցանկություն կամ առաջարկ ունի, նախարարության դռները միշտ բաց են»,-շեշտեց Հայկ Չոբանյանը։
Նա տեղեկացրեց՝ մեկ ամսից ավելի է, ինչ պաշտոնավարում է եւ օրական մի քանի խումբ մարդկանց է ընդունում․ «Ոգեւորիչ է, որ ձեռնարկատերերի ցանկությունը մեծ է ոլորտում ներգրավվելու։ Հնարավորություն կա առաջիկա ամիսներին էական փոփոխություն կատարելու ՀՀ ռազմական ներուժում՝ հայկական ռազմարդյունաբերական համալիրի ներգրավմամբ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ