«Որեւէ ժամանակ իմ դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ չի փոխվելու։ Տավուշի մարզի սահման ասելով՝ «դե ֆակտո» դիտարկում եմ այն սահմանը, այն գիծը, որտեղ կանգնած են մեր զինվորները։ Քաղաքացու եւ նախարարի իմ պարտականությունն է՝ ջանք չխնայել, որպեսզի այդ «դե ֆակտո» ստատուս քվոն որեւէ կերպ չխախտվի ի վնաս Հայաստանի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր գնահատմամբ՝ Տավուշում կա՞ն «ադրբեջանական անկլավներ»։ Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, «Ւմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը կարծիք էր հայտնել, թե ՀՀ-ում կան «ադրբեջանական անկլավներ»։
Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ եթե սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ստեղծվի, չի բացառվում, որ «ադրբեջանական անկլավների» վերադարձի հարց քննարկվի, Հայկ Չոբանյանն ասաց․ «Առանց ուժեղ տնտեսության չենք կարող ունենալ ուժեղ ԶՈՒ եւ անվտանգության համակարգ։ Նման շտապ խնդիր ունենք, իսկ ձեր ասած ռիսկերն առանձին հաղթահարման ճանապարհներ չունենք։ Այն պահին, երբ կլինենք այնքան ուժեղ, որ թշնամին չկարողանա մտնել սահման, դա կլինի մեր ռիսկի ապահովումը։ Մենք մեծ ու շտապ աշխատանք ունենք անելու՝ երկրի սուվերենությունն ու սահմանային անվտանգությունն ապահովելու համար»։
Հայկ Չոբանյանը հրաժարվեց մեկնաբանել պատերազմում զոհված հայորդիների դիերի ոչ պատշաճ պահման փաստը, ինչպես նաեւ՝ Սոթքից Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ