Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես միայն այդ չափանիշներով չեմ առաջնորդվում՝ ընտրություններին ում ձայն տամ». ՊԵԿ նախագահին հորդորում են 3 պատճառ ասել՝ ՔՊ-ին ձայն տալու

Հունիս 02,2021 13:21

«Բարձրացել է հարկային կամավոր կարգապահությունը եւ հարկեր վճարելու հարցում վստահորեն մենք առաջընթաց ունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մեղրիում մաքսային նոր տերմինալ է կառուցվում ու տեղեկություններ կան, որ կառուցողը Խաչատուր Սուքիասյանն է: Այս առնչությամբ ՊԵԿ նախագահն ասաց. «Ես չունեմ նման տեղեկություն՝ տերմինալ կառուցվում է, թե ոչ, կամ ով է կառուցում, ձեզանից իմացա: Տեղյակ չեմ: Տերմինալ կառուցելու վերաբերյալ մենք այդպիսի ընթացակարգ չունենք, որ մեզ պետք է դիմեն, նոր կառուցեն: Հնարավոր է նախաձեռնեն, կառուցեն, վերջում դիմեն՝ թույլտվություն ստանալու համար: Երբ որ կդիմեն՝ կտեղեկացնենք, որ անձը կառուցել է մաքսային պահեստ: Այս պահին այդպիսի դիմում չկա»:

Կառավարության որոշմամբ՝ 2021-ի հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով սահմանափակվել էր թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումը: Իսկ հունիսի 1-ից արդեն Վրաստանի սահմանը բաց է եւ ֆիզիկական անձանց համար թույլատրվում է մարդանց տեղաշարժը: ՊԵԿ նախագահն ասաց, որ ամեն դեպքում թուրքական ծագման ապրանքների սահմանափակումը գործում է եւ վերաբերում է նաեւ ֆիզիկական անձանց կողմից այդ թվում՝ անձնական օգտագործման նպատակով ապրանքների հնարավոր ներկրմանը. «Հորդորում եմ մեր քաղաքացներին Հայաստանի սահմանով ուղղակի այդպիսի փորձ չանեն, քանի որ այդ ապրանքների ներկրումը կարգելվի»:

Հարցին՝ ո՞նց եք ստուգելու՝ մարդկանց ճամպրուկնե՞րն եք բացելու, անձնական իրերի մե՞ջ եք նայելու՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Մաքսային հսկողությունն ունի իր կանոնները, այդ կանոններով կստուգվեն: Ճամպրուկները, բոլոր իրերը հարկ եղած դեպքում ենթակա են զննության»:

Ինչ վերաբերում է թուրքական ծագման բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի ներկրմանը, ՊԵԿ նախագահն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է նույնականացնել, որ ներկրվածը հենց թուրքական ծագման է, արգելում են ու թույլ չեն տալիս ներկրել մեր երկիր:

Լրագրողները ՊԵԿ նախագահին խնդրեցին 3 պատճառ ասել, որի համար պետք է այս իշխանություններին ձայն տալ: Նա պատասխանեց, որ ունի իր որոշումն ու իր հիմնավորումները: Հարցին՝ հողերը հանձնելը, հազարավոր զոհերը, մարմինները տոպրակների մեջ պահելը, ըստ ձեզ, պատճա՞ռ է՝ նրանց ձայն տալու համար՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես միայն այդ չափանիշներով չեմ առաջնորդվում՝ ընտրություններին ում ձայն տամ: Պատճառները շատ են: Ինձ համար գնահատման տեսանկյունից կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք պատճառ են հանդիսանում որոշում կայացնել, թե ընտրություններին որ քաղաքական ուժին ձայն տամ»:

Նա ասաց, որ դա իր իրավունքն է ու հորդորեց չքաղաքականացնել: Հարցին՝ էլ ի՞նչ պետք է անի այս իշխանությունը, որ ժողովուրդը չուզենա ձայն տալ, նախորդ 30 տարիներին հող չէր հանձնվել՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք այդպե՞ս եք գտնում, դա ձեր ձեւակերպումն է հողերը հանձնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930