Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանասարյա՛ն, ես Ձեզ ընտրություններում հաջողություն չեմ մաղթում. այլ թեկնածու ունեմ». դատավոր Դավիթ Բալայանը՝ Դավիթ Սանասարյանին՝ կատակով

Հունիս 02,2021 13:13

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով հունիսի 2-ին կայացած դատական նիստի (նախագահող դատավոր Դավիթ Բալայան) ընթացքում տեղի ունեցավ վկաների հարցաքննություն:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։

Դատարանի դահլիճում վկայի կարգավիճակում հարցաքննվեց ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Հասմիկ Մնացականյանը: Նա, պատասխանելով նախագահող դատավորի հարցերին, ասաց, որ ճանաչում է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանին: Հիշեցնենք՝ նրա անունը կապվում է «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ: Հասմիկ Մնացականյանն ասաց, որ Սամվել Ադյանին ինքը ճանաչում է դեռ մինչև նրա՝ ՊՎԾ-ում աշխատելը:

Նա մրցույթի հետ կապված, որին մասնակցել է նաև «Զորաշեն» ՍՊԸ-ն, որոշ մանրամասներ ներկայացրեց. «Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող փաստաթղթեր են ներկայացվել, որոնք եղել են մերժելու հիմք: Սամվել Ադյանը եկավ նախարարություն՝ մերժման հիմքը հասկանալու: Սակայն մրցութային այդ փուլում մենք հիմք չունեինք իսկությունը ստուգելու, քանի որ այդ պահին այդ պայմանագիրն ուժի մեջ չէր մտնելու, այդպես ամփոփվեց, փակվեց: Ուստի Զորաշեն ՍՊԸ-ին չմերժեցինք: Մենք մրցույթը պիտի ամփոփեինք՝ անկախ ֆինանսավորում լինելու էր, թե՞ ոչ, կամ պայմանագիր կամ որոշում պիտի լիներ, եթե գիտեինք՝ ֆինանսական միջոց չի հատկացվել, ուժի մեջ չի մտել պայմանագիրը, մենք վատություն չանելու համար այդ հիմքով չէինք ուզում մերժել»:

Հասմիկ Մնացականյանն ասաց, որ Գևորգ Խաչատրյանն էլ էր Սամվել Ադյանի հետ եկել նախարարություն՝ որպես ինժեներ բժշկական սարքավորումների: Պարոն Ադյանը եկել էր որպես գործընկեր: Նշենք, որ Գևորգ Խաչատրյանի անվան հետ է կապվում է «Մեդ էքսպերտ» ՍՊԸ-ն:

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի կողմից ճնշում զգացե՞լ եք, վկան պատասխանեց՝ ոչ ու հավելեց՝ միայն իր համար կարող է ասել, մյուսների համար՝ ոչ:

Նախագահող դատավորը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել վկա Դավիթ Կարապետյանին, քանի որ նա պատշաճ ծանուցվել է, բայց չի ներկայացել:

Հունիսի 16-ի նիստը չեղարկվեց. նախագահող դատավորը պարզաբանեց՝ չի ցանկանում խոչընդոտել Դավիթ Սանասարյանի քարոզարշավին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ ժամը 10:00-ին: Կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Նիստի ավարտից հետո նախագահող դատավորը, կես կատակ կես լուրջ դիմելով Դավիթ Սանասարյանին, ասաց. «Սանասարյան, ես Ձեզ ընտրություններում հաջողություն չեմ մաղթում. այլ թեկնածու ունեմ»: Դավիթ Սանասարյանն էլ արձագանքեց՝ ես էլ Ձեր թեկնածուին հաջողություն չեմ մաղթում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930