Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մերժել են Նռնաձորը վերակառուցելու և վերաբնակեցնելու վերաբերյալ Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամի համագործակցության առաջարկը

Հունիս 02,2021 13:09

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ստեղծված Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է Հայաստանի հարավ-արևելյան սահմանակետին գտնվող սահմանամերձ Նռնաձոր գյուղի վերակառուցման և վերաբնակեցման ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նոր բնակելի թաղամասի շինարարություն, որի շրջանակներում կառուցվելու է 30 բնակելի առանձնատներ։ Համաձայն ծրագրի նախատեսվում է գյուղում վերաբնակեցնել Արցախի հարակից տարածքներում բնակված և պատերազմի հետևանքով ունեզրկված բազմազավակ ընտանիքներին։ Ծրագրով նախատեսվում է նաև մի շարք սոցիալական երաշխիքներ։ Ներկայումս ծրագիրը մեկնարկել է և կառուցվում են առաջին երկու առանձնատները։ Հիմնադրամի և վերջինիս կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքներին մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հիմնադրամի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Նամակին կից ներկայացնում ենք նաև Ծրագիրը:

Սակայն, ինչպես ցանկացած նախաձեռնության պարագայում, մեր դեպքում էլ անհրաժեշտություն կա համագործակցելու համապատասխան լիազոր գերատեսչությունների հետ, որի շրջանակում հիմնադրամը դեռևս ապրիլ ամսին դիմել էր Արցախի Հանրապետության կառավարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ Միգրացիոն ծառայությանը՝ ակնկալելով համագործակցություն հնարավոր շահառուներ հայտնաբերելու հարցում։

Ցավոք, նշված գերատեսչությունները, չհետևելով իրենց գործառութային խնդիրներին, դրսևորելով ակնհայտ անտարբեր վերաբերմունք` ըստ էության մերժել են համագործակցության առաջարկը, /պատասխանները կցվում են/, իսկ Արցախի Հանրապետության կառավարությունից մինչ օրս չի ստացվել որևէ պատասխան։

Հաշվի առնելով Մեղրիի տարածաշրջանի, մասնավորապես` Նռնաձոր գյուղի վերաբնակեցման և զարգացման կարևորությունը, ինչպես նաև պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը, ակնկալում ենք ձեր աջակցությունը`լրագրողական գործունեության միջոցով հայտնաբերելու հնարավոր շահառուների և վերջիններիս ուղղորդելու հիմնադրամ։

Հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը հնարավոր բոլոր ձևաչափերով համագործակցել լրատվամիջոցների հետ։
Լիահույս ենք, որ միասին կկարողանանք վերականգնել և հզորացնել մեր երկու պետությունները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանը
Մեղրիի տարածաշրջանային զարգացման բարեգործական հիմնադրամին

Ձեր  29.04.2021թ.
N Ել-29042021-15 

«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ  ՊԱՐՈՆ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
(Ք. Երևան, Կոմիտասի պողոտա, 19/1 շենք, 23/1 տարածք)

Հարգելի՛ պարոն Գրիգորյան,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր շնորհակալությունն է հայտնում բարեգործական հիմնադրամին՝ ՀՀ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում նախաձեռնած գործունեության համար, ինչն էականորեն կբարելավի համայնքի ընտանիքների բնակարանային պայմաններն ու կլուծի սոցիալական խնդիրների մեծ մասը:

Ծրագրի վերաբերյալ նախարարությունն առարկություններ չունի և առաջարկում է աջակցության կոնկրետ առաջարկներով դիմել Կառավարություն։

Միաժամանակ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր գյուղի զարգացման ծրագրի առնչությամբ հայտնում եմ, որ ծրագրի  առաջին փուլի՝ բնակության պայմանների ապահովման, վերաբնակեցման ավարտից հետո ծրագրի շահառու դարձած անձանց զբաղվածության խնդիրների լուծման նպատակով կարող են իրականացվել զբաղվածության պետական մի շարք ծրագրեր։

Մասնավորապես, «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը, որի շահառուները կարող են լինել մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ այն անձինք, որոնք (նաև ընտանիքի անդամները) ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում։ Ծրագրում ընդգրկված հողօգտագործողին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար նախատեսվում է ֆինանսական օժանդակություն` չորս հազար դրամի չափով, նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում՝ հողօգտագործողին տրվում է ֆինանսական օժանդակություն՝ մեկ ժամվա համար հինգ հազար դրամի չափով: Ընդ որում, մեկ ծրագրի արժեքը չի կարող ցածր լինել հիսուն հազար դրամից, և գերազանցել երեք հարյուր հիսուն հազար դրամը:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որի շահառուները աշխատաշուկայում անմրցունակ անձինք են։ Ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է ամսական գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, 1 տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, կենդանիների ձեռքբերման համար՝ առավելագույնը 350 հազ. դրամ՝ միանվագ, անասնակերի ձեռքբերման համար առավելագույնը՝ 230 հազ. դրամ, միանվագ։ Բացի այդ, անասնաբույժին տրամադրվում է ամսական գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, 1 տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը։ Ծրագրի առավելագույն արժեքը 1 350.0 հազ․ դրամ է։

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կատ.՝  Ա. Գևորգյան
Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչություն

Մեղրիի տարածաշրջանային զարգացման բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930