Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում առկա է պարտության էջը փակելու անհուսություն։ Մարդիկ չեն հավատում, որ այս էջը հնարավոր է փակել, որ սա ունի վերջ. Վահե Հովհաննիսյան

Հունիս 02,2021 12:39

Ով կհաղթի այս ընտրություններում

Այս ընտրությունների սոցիոլիոգիան էապես տարբերվում է նախորդներից. հիմա ընտրության հարցը սարսափելի պարզ է՝ վերելքի հնարավորությո՞ւն, թե՞ չդադարող պարտություն։ Բայց նույնիսկ նման հարցադրումն ունի կողմնակիցների ճամբարներ։

Ընդ որում, մի դեպքում հաղթելու են բոլորը, իսկ պարտության դեպքում պարտվելու են բոլորը։

Բոլոր հարցումներով՝ առկա է չկողմնորոշված շատ մեծ զանգված։

Հայաստանում առկա են հանրային տրամադրությունների թափառող հոսանքներ՝ Սյունիքից Տավուշ, Մեղրիից Լոռի, Սև լճից՝ Հյուսիսային պողոտա։ Սա 2018-ի էմոցիաների, մեծ սպասումների, այդ սպասումների փլուզման, 2020-ի ողբերգության արդյունքում հանրային շոկի հետևանքն է։ Պետք է արձանագրել՝ հայ ժողովուրդը գտնվում է շոկի մեջ։

Այս պայմաններում անհրաժեշտություն կա՝ առավելագույնս պարզեցնել ընտրության հարցը, այն դարձնել մատչելի՝ բոլոր խավերի և բոլոր ընտանիքների համար։

Այսօր Հայաստանում գործում են անհատական և կոլեկտիվ հոգեբանության բոլոր վտանգավոր մեխանիզմները։ Իռացիոնալը և սեփական արարքների հանդեպ անհաշվետվողականությունը ծայրահեղ սուր խնդիր է։

Նիկոլի համար գառ մորթող Ակունքի գյուղացին չի կարող բացատրել իր արարքը, նույնիսկ՝ սեփական ինտելեկտի սահմաններում, Ռինդի ուսուցիչը և ծնողը, որոնք երեխաների ձեռքը բռնած ծափահարում են Նիկոլին, չեն կարող բացատրել իրենց արարքը, նույնիսկ Մակունցը, որի հրահանգով մի վագոն ուսապարկ հոտնկայս սկսեց ծափահարել ամեն ինչ պարտված, ամեն ինչ զոհած Նիկոլին, չի կարող բացատրել իր արարքը, որովհետև թե´ ոչխարամորթը, թե´ ուսուցիչը, թե´ Մակունցը այլ միջավայրերում այլ վարքագիծ են դրսևորում՝ գրեթե հակառակ։

Մեկ հաղթանակ, մեկ պարտություն

 Հայաստանում առկա է պարտության էջը փակելու անհուսություն։ Մարդիկ չեն հավատում, որ այս էջը հնարավոր է փակել, որ սա ունի  վերջ։ Նա, ով կարողացավ լայն շերտերի մոտ կոտրել անհուսության գաղափարը, նա, ով կարողացավ  համոզել, որ հնարավոր է փակել պարտության էջը, նա էլ կարձանագրի իր հաղթանակը։ Իմ խորին համոզմամբ՝ հաղթանակ պետք է արձանագրել ընտրության օրից շատ ավելի վաղ։ Դա շատ իրական է, բայց դրա համար պետք է գիտակցել և բացատրել, որ դա լինելու է ոչ թե իքս անձի, դաշինքի, այլ՝ բոլորի հաղթանակը։ Եվ հաղթանակից օգտվելու են թե´ Գեղարքունիքի ոչխար մորթողը, թե´ Ռինդի ուսուցիչը, թե´ Մակունցը։

Իսկ պարտության էջը չփակելը նշանակում է բոլորիս պարտությունը։

Պետք է արժանապատիվ խաղաղության և անվտանգության գաղափարները մտցնել յուրաքանչյուրի տուն, յուրաքանչյուրի միկրոմիջավայր։

Կհաղթի արդյո՞ք պարտությունը 

Ընտրությունները կավարտվեն հետևյալ թեկնածուներից մեկի հաղթանակով.

  • Կհաղթի պարտությունը։ Սա նշանակում է, որ կլինենք այն զարմանալի ժողովուրդը, որը կողմ է քվեարկում իր պարտությանը։ Չի փակի պարտության էջը։ Սա կլինի ժամանակակից հայ հասարակության ինքնապահպանման բնազդի, պետության ընկալման պարտությունը։
  • Կհաղթի Ալիևը։ Դա կարձանագրվի ընտրողների՝ տանը մնալու դեպքում՝ անկախ պատճառաբանությունից՝ անտարբերությունից մինչև լավ թեկնածու չտեսնելը։ Կարձանագրվի, որ այսքանից հետո հայ հասարակությունն անտարբեր է իր ապագայի հանդեպ և չի հասկանում ռիսկերը։ Ալիևն անմիջապես կֆիքսի հայ ժողովրդի անկենուսանակությունը ու ավելի մեծ թափով կսկսի իրականացնել իր ծրագրերը։
  • Կհաղթի վերելքի հույսը։ Եթե ընտրությունների միջոցով հասարակությունը որոշում է փակել պարտության էջը, ապա դա ուղիղ ուղերձ է հայկական աշխարհին ու միջազգային հանրությանը։ Սկսում ենք պետության վերելքը՝ դժվար ու աշխատատար մի ճանապարհ, որը ենթադրելու է բոլոր կարող ուժերի մասնակցություն, վերաիմաստավորումներ և էլիտաների սահուն փոփոխություն։

Սրանք ենք ընտրությունների հնարավոր ելքերը։ Բայց կա նաև 4-րդ տարբերակը. հաղթանակը միառժամանակ կհետաձգվի։ Սա կլինի այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքում տարբեր պատճառներով չհաջողվի ձևավորել նոր էֆեկտիվ իշխանություն։ Այս տարբերակի դեպքում սրընթաց կձևավորվի նոր իշխանության պահանջ։ Հաշվված ամիսների ընթացքում։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930