Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հանկարծ մայրաքաղաքի փողոցներում սկսեցին երթեւեկել այսպիսի մեքենաներ, այն դեպքում, երբ տարիներ շարունակ գազելներում ուղեւորները կքած էին երթեւեկում. «Հայկական ժամանակ»

Հունիս 02,2021 10:41

Երեւանյան երթուղիներում քաղաքապետարանի ներկրած նոր ու հարմարավետ փոքր դասի ավտոբուսների կողքին ավելի ու ավելի հաճախ են սկսել նկատվել բարձր տանիքով գազելներ, երբեմն էլ՝ ֆորդեր: Հին գազելների «հասակն» ակնհայտորեն բարձրացել է միջամտության արդյունքում, եւ դա մեքենայի գործարանային տեսքը չէ:

Իսկ ինչու հանկարծ մայրաքաղաքի փողոցներում սկսեցին երթեւեկել այսպիսի մեքենաներ, այն դեպքում, երբ տարիներ շարունակ գազելներում ուղեւորները կքած էին երթեւեկում: Արդյոք պատճառը մայրաքաղաքի երթուղային ցանցի սկսված նորացումն է, որի ավարտից հետո, ինչպես հայտարարվել է, գազելներ չեն լինելու, ու տնտեսվարողները հույս ունեն բարձր մեքենաներ շահագործելու դեպքում շարունակել աշխատանքը: Թե՞ խնդիրը քաղաքապետարանի ներկրած բարձր մեքենաների հետ մրցակցությունն է, որին դիմանալ է պետք, քանի դեռ մասնավոր կազմակերպությունները շարունակում են գործունեություն ծավալել այս ոլորտում:

Համար 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը ասաց, որ դեռ 2019 թվականին ինքն է նախաձեռնել, որ Երեւանի քաղաքապետն ընդունի երթուղիները սպասարկող տնտեսվարողներին:

«Ասացի՝ այսօր հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Չպարզաբանված հարցեր ունենք, որ եթե հնարավոր է, կազմակերպեք հանդիպում: Մի քանի օր հետո քաղաքապետը հրավիրեց: Հանդիպման ժամանակ ես հարցրի՝ եթե մեքենաները բարձր տանիքներով լինեն, լա՞վ կլինի: Ասաց՝ հա, գոնե մարդիկ մեջը կկանգնեն: Ասացինք՝ լավ: Մարդ ուղարկեցինք, Ռուսաստանից բերեցին: Հիմա մենք ձգտում ենք, որպեսզի լինեն բարձր տանիքներով, որպեսզի մարդիկ կարողանան մեջը կանգնել: Հիմա դա է, ի՞նչ կարող ենք անել»,- ասաց Վլադիկ Աբրահամյանը՝ նշելով, որ համար 28 երթուղում բարձր տանիքով երեք մեքենա արդեն ունեն, եւ համալրում է սպասվում:

«Ինչքան բարձր տանիքով լինեն, էնքան լավ: Բա մարդը կանգառում կանգնած, մենք կարո՞ղ ենք ասել՝ մեքենա մի նստի: Չենք կարող, չէ, եթե մարդը դպրոցից, ինստիտուտից աշխատանքից ուշանում է, մարդը հացի փող է աշխատում, ուզում է՝ նստի, ասում ես՝ իջիր, չի կարելի»,- շարունակեց նա:

Հարցին, թե քաղաքային իշխանությունների հետ պայմանավորվածություն ունե՞ն, որ եթե երթուղում բարձր տանիքով մեքենաներ շահագործվեն, հետագայում նոր երթուղային ցանցում եւս աշխատելու հնարավորություն կստանան: «Պետության բերածն էլ գազել է, էլի»,- հարցին այսպես պատասխանեց Վլադիկ Աբրահամյանը:

Նա հիշում է, որ երթուղիները սպասարկող տնտեսվարողներին ժամանակին առաջադրվող պահանջները շատ ավելի մեղմ էին, իսկ հիմա քիչ է մնում՝ ինքնաթիռ պահանջեն:

«Պետությունը ասել էր՝ այ մարդ, «Ռաֆով», «Երազով», «Վիլիսով», ինչով ուզում եք, միայն թե ժողովրդի տեղաշարժը ապահովեք: Հետո ասեցին՝ «Ռաֆ» առեք, «Ուազները», «Երազները» հանեք: «Ռաֆ» առանք, հետո ասեցին՝ «Գազել» առեք, «Գազելներ» բերինք, հիմա ասում են՝ ավտոբուս առեք: Հետո պիտի ասեն՝ «սամալյոտ» առեք: Որտեղից առնենք, ինչով առնենք»,- հարց է տալիս համար 28 երթուղու երկարամյա տնօրենը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ բարձրացված տանիքով գազելները նոր երթուղային ցանցում աշխատելու հնարավորություն ստանան, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը շատ հստակ է պատասխանում. «Ո՛չ»:

Կոնկրետ այդ դասի մեքենաները՝ միկրոավտոբուս-գազելները, որոնք այսօր մեծ մասամբ շահագործվում են, ինչքան էլ տանիքները բարձրացվեն-իջեցվեն, մնում են միկրոավտոբուս, որովհետեւ մեկ դռնով են, 17 նստատեղով: Հետեւաբար, իրենց տեխնիկական բնութագրով, անձնագրով, այսպես թե այնպես, կանգնած ուղեւորներ փոխադրել չի կարելի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930