Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում:
Վարչապետի պաշտոնակատարը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ:
Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներին, արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներին, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել սփյուռքահայության համախմբվածությունը հատկապես պատերազմի օրերին և հայրենիքին ցուցաբերած անգնահատելի օժանդակությունը։
Կարդացեք նաև
Վարչապետի պաշտոնակատարը հանգամանալից պատասխանել է ֆրանսահայերին հետաքրքրող բոլոր հարցերին:
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է: ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բրյուսել, որտեղ հունիսի 2-ին հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։
Վարչապետի աշխատակազմի հաղորդագրություն