Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան ճանաչվեց տուժող

Հունիս 02,2021 14:30

Անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվողն իր կնոջ եւ որդու հետ գնացել էր տուժողի տուն եւ ծնկաչոք ներողություն խնդրել նրանից

Այս տարվա փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում էր ներկայացրել իր 11-ամյա դստեր նկատմամբ իրենց հարեւանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով, երեխան ճանաչվեց տուժող: Աղմկահարույց այս գործով փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ 62-ամյա տղամարդը, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու նպատակով, փետրվարի 7-ին՝ կեսօրին, երեխային կանչել է իր տուն, որտեղ երկրորդ հարկի ննջարաններից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով կատարված հանցագործությունը՝ անառակաբարո գործողություններ կատարելը, միջին ծանրության հանցագործություն է, որի համար նախատեսված է ազատազրկում` 2-5 տարի ժամկետով: Ինչպիսի գործեր կան այս պահին դատարաններում:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա ապրիլի 7-ին ստացել է Տ. Լ.-ի վերաբերյալ քրեական գործը: Վերջինս մեղադրվում է 13 տարին չլրացած մի աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելո համար:

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորում էին ընտրել հունվարի 23-ին: Պաշտպանական կողմը համաձայն չէր խափանման միջոցին, իսկ ըստ դատարանում առկա նիստի արձանագրության, դատախազը հեռախոսագրով դատարանին հայտնել է, որ ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին ներկայանալ չի կարող, սակայն գտնում է, որ ընտրված խափանման միջոցը հիմնավորված է, այլ խափանման միջոց ի զորու չէ ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, ուստի խնդրել էր կալանավորում խափանման միջոցը թողնել անփոփոխ: Պաշտպանը դատարանում հայտնել է, որ ամբաստանյալը մեղքն ընդունել է մասնակիորեն, սակայն հետագայում, երբ մեղադրանքից հանվել է դրա մի մասը` նա ամբողջությամբ ընդունել է մեղքը: Նա նշել է, որ ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, այսինքն, մեղադրանքի կողմը որեւէ հիմնավորում չի ներկայացրել այն մասին, թե նա կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, անօրինական ազդեցություն ունենալ գործին մասնակցող անձանց՝ հնարավոր վկաներ, տուժողի վրա: Բացի այդ էլ, նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն գտնվում է դատարանում, գործով վկաներն իրենց խոսքն ասել են:

Ըստ պաշտպանական կողմի ներկայացրածի, ամբաստանյալն իր կնոջ եւ որդու հետ գնացել է տուժողի տուն եւ ծնկաչոք ներողություն խնդրել նրանից: Ամբաստանյալն ուներ սրտի խնդիր, երկրորդ խմբի հաշմանդամ է, եւ պաշտպանը միջնորդել էր, որպեսզի ամբաստանյալի կալանքը փոխարինվի գրավով, գրավի գումարի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Նախագահող դատավորը (կին է դատավորը) իր որոշմամբ հիմնավոր է համարել կալանքը եւ այն կմնա անփոփոխ` մինչեւ դատական քննության ավարտը:

Արմավիրի մարզում այս պահին նմանատիպ երկու գործ կա: Գ. Մ.-ն գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում 16 տարին չլրացածի նկատմամբ անառակաբարո գործողություններ էր կատարել, կանգնել էր իր վարած սպիտակ գույնի «Գազ 3110» մակնիշի ամտոմեքենայի դիմաց, իջեցրել տաբատի շղթան, «ցուցադրություն» կատարել՝ դպրոցից հատկապես մենակ տուն վերադարձող երեխաներին: Այս կալանավորվածի կալանքի համար էլ նույնպիսի միջնորդություն էր եղել, բողոքարկվել, որ նա կալանավորված է: Սակայն կար մի տարբերություն տավուշցի ամբաստանյալից. Գ. Մ.-ն ըստ դատվածության վերաբերյալ տեղեկանքի` նախկինում դատապարտված է եղել նույն հոդվածով, եւ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել էր եւ կրկին կատարել է նույնպիսի հանցագործություններ:

Մարզի մեկ այլ բնակիչ Վ. Հ.-ն էլ, որի գործը նույնպես դատարանում է, օգտվելով անչափահաս երեխայի անօգնական վիճակից, պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ: Ըստ դատարան ուղարկված մեղադրական եզրակացության, Վ.Հ.-ն «օգտվելով աղջնակի անօգնական վիճակից՝ պառկել է պահակատանը գտնվող մահճակալին, իրեն հպվելու միջոցով մարմինը տաքացնելու մտացածին պատրվակով, առաջարկել է պառկել մահճակալին… ձեռքերով շոյել` տասներկու տարին չլրացած երեխայի մարմնի տարբեր հատվածները…»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930