Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիում 1905-1906 թթ. զոհված հայ հերոսների տապանաքարերը

Հունիս 02,2021 12:30

Վերջերս նկատելի էր, որ թշնամին Շուշիի հյուսիսային՝ հայկական, գերեզմանոցի տարածքում շինություն է կառուցել, բնականաբար ավերելով սույն հատվածը: Այդ գերեզմանոցը զբաղեցնում է մոտ 4,5 հա տարածք: Նրա հարավային սահմանը կազմում է բերդի պարիսպը, հյուսիսայինը եւ հյուսիս-արեւմտյանը՝ Ստեփանակերտ-Գորիս-Երեւան ավտոճանապարհը, իսկ արեւելյանը՝ ձորակ, որը ձգվում է բերդի պարսպից դեպի հյուսիս-արեւելք:

Ինչպես հայտնի է, Շուշին լինելով հայ բնակչությամբ ծաղկուն քաղաք, բնականաբար ուներ մի քանի հայկական գերեզմանոցներ, որոնք բնակավայրի տարբեր մասերում էին՝ Ղազանչեցոց եկեղեցու ու Երեւանյան դարպասների մոտ, հարավային մասում եւ այլն: Հարավային գերեզմանոցը Ժամհարյանների հիվանդանոցի եւ ռեալական ուսումնարանի շենքերից վերեւ, հարթ տեղանքում է:

Գերեզմանոց Շուշիում

Այն զբաղեցնում է մոտ 1 հա տարածք եւ անվանվում է ազգամիջյան ընդհարումների ժամանակ զոհված հայերի գերեզմանատուն: Այստեղ հիմնականում ամփոփված են 1905-1906 թթ. թաթարական (թուրքական) հարձակումներից զոհվածները, որոնք քաջաբար դիմադրել են թշնամուն: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ տարիներին զոհվել է 156 մարդ:

Այս գերեզմանոցն էլ ավերակ վիճակում էր եւ ադրբեջանցիները նրա մեծ մասը ոչնչացրել էին դեռեւս խորհրդային տարիներին ու տապանաքարերը օգտագործել զանազան շինությունների մեջ:

Ազատամարտիկ Մռավը՝ Մ. Ժամհարյան, զոհվել է 1905թ. Շուշիում

Ստորեւ ներկայացնում ենք մի քանի հայ քաջարի մարտիկների տապանաքարերը:

1905թ. Շուշիի տապանաքարերից մեկի արձանագրությունը

Զոհվածների մեջ է Սյունիքի Կոռնիձոր գյուղից 25-ամյա Ասլան Աղաբաբյանցը, ով ավարտելով ծառայությունը ցարական բանակում՝ վերադառնում է հայրենիք, հասնում է Շուշի ու զինվորագրվում ազատամարտիկների խմբին՝ տասնապետի պաշտոնով: Նա զոհվում է Ագուլեցոց եկեղեցին պաշտպանելիս: Նրա հայրը եւ եղբայրը գալիս են Շուշի ու հողին հանձնում մարմինը:

Նրա տապանաքարը ունի ընդհանուր 46 տող տապանագրություն.
Շուշի մէջ կռւեցիր: Աւաղ մեզնից հեռացիր, Ակուլեաց մայր ժամումը էիր տասնապետ ու քաջընտիր: Քաջ կռւում էիր տու հատուկ փափակտ թերի հայտուկ, հասակտ քսանհինգ ամաց, ազգանունտ Աղաբաբեանց: Շատերը թողիր քեզ փափագ, գիշերւան սուրբ նահատակ, փափակտ թերի մնացաւ, եղաւ մեզի սրտացաւ, օրիորտները միաձայն կանչում են քեզ ազրեր [ազրայիլ, քաջ] ջան, նշանածտ վիզը ծռած լալէն աչքերն է ուռած, չըարժանացաւ պսակիտ, ծնողներից ամաչելով, կանչում էր քեզ ողբալով, խընայէ ինձ ով անգին, հողը մտնենք միասին:

Նույն տապանաքարի մյուս ճակատին.
Ո՜հ շատ քաջեր հայից ընկան, դու էլ ընկար քաջ Ասլան, ոմանք զինւոր են դժգոհ, իսկ դուք եղաք ազգի զոհ, եղբայրք ունիս քաջընտիր, Արսենն է վրէժխնդիր, կըերազէ տխուր ողբալով, ծնողանցտ սիրտ տալով…

20-ամյա Բաղդասար (Բադաս) Զաքարի Սարգսյանը զոհվել է 1906թ. հուլիսի 14-ին.
Ծաղիկ հասակում մտայ գերեզման,
Գրկեցի շիրիմ անժամանակ,
Մահւան ազգիս բաշտբանութեան,
Եղայ նահատագ հատուգ քաջութեան ցոյց դւի օրինակ…

30-ամյա Անդրիաս Մելքումյանը զոհվել է 1906թ. հուլիսի 12-ին.
Աստ հանգչի մարմին քաջամարդիկ Անդրիաս Մելքուեանցի, որը
անցեալ տարւան 1906 ամի յուլիսի կոտորածի յարձակումի խստագոյն
ճգնաժամում զոհ գնաց ազգային քաջութեան. վկայ հանդիսանալով
թուրքաց դէմ. թողնելով սգաւոր ամուսինը իր որբ մանկիկով…

Թեմիր Բուդաղյանը զոհվել է 1905թ. օգոստոսի 10-ին.
25 տարի մատաղ հասակում դաժան գնդակը վերչ տւաւ կեանքիս,
Եւ ես պառկելով գերեզմանում, թողեցի մենակ իմ մօրս լալիս…

58-ամյա Խոսրով Նաջարյանցը զոհվել է 1905թ. օգոստոսի 16-ին.
Տապանս Խոսրով Նաջառեանցիս, զոհ գնալով Շուշվայ
թույրք-հայկական ընթարման ժամանակին … աղաչում եմ աստուած, որ
օքնե իմ որբերիս եւ ազատութիւն տայ հայերիս. փոխարեն անմեղ արիւնիս:

18-ամյա Նաբաթ Հայրապետի Քարամյանցը զոհվել է 1906թ. օգոստոսի 15-ին.
Ընտ յարկաւ արձանիս ամփոփի մարմինն,
Նաբաթի Հայրաբետեան Քարամեանց, որ
հայ-թուրքական ընդհարման ժամանակ
թուրքի գնդակը եկաւ եւ տիբաւ, որբ թողնելով
մանուկ Գաբրիէլին, որ յետոյ մեռաւ մէկ ու կէս տարեկան հասակում:

Զոհված 17-ամյա Նաբաթ Ավանեսյանը Սոս գյուղից էր.
Հայ տաճկական ընտհարման ժամանակին՝ 1906թ.
օգոստոսի 18-ին, տապան Նաբաթին…

Գերեզմանոցում կանգուն են նաեւ 18-ամյա Աստվածատուր Միքայելի Բալայանի (զոհվել է 1905թ. օգոստոսի 16-ին), 20-ամյա Ներսես Մովսեսի Քոչարյանցի (զոհ. 1905թ. օգոստ. 16-ին), 35-ամյա Սարգիս Հարությունի Մինասյանցի (զոհ. 1905թ. հուիսին), Ալեքսան Բաղդասարի Ղարամյանցի (1905թ.), 26-ամյա Հովհաննես Բալայանի (զոհ. 1905թ. սեպ. 18-ին) եւ այլոց տապանաքարերը: Այստեղ գտնվում են նաեւ մի քանի ռուս զինվորականների (կրտսեր հրամանատար Իվան Պրիվալով, զոհ. 1906թ. հուլիսին եւ այլք) տապանաքարեր, որոնք զոհ են դարձել թաթարների հարձակումների ժամանակ ծառայական պարտականությունները կատարելիս:

Հարկ է նշել, որ թաթարական (թուրքական) բարբարոսության հետքերը Շուշիի գերեզմանոցներում ամենուր են:

Ահա օրինակ. 1876թ. մայիսի 15-ին սպանված Իվան Ղուկասի Տեր-Մկրտչյանցի տապանաքարը.
Անգութ հրացանը թուրք աւազակին,
Ինձնից յաւիտեան խլեց իմ հոգին,
Թողեց քարհատում իմ անուշ մարմին
Քառասուն եւ հինգ տարւոյս հասակին:
Եվ վերջում նշենք, որ տապանագրությունները ներկայացվել են Հ. Հարությունյանի ընթերցմամբ:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային՝ գերեզմանոց Շուշիում

«Առավոտ» օրաթերթ
01.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930