Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գուցե գալիք ԱԺ-ն Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարությունները մեկ օրով չսահմանափակի»

Հունիս 02,2021 13:30

Կկայանա Ժակլին Սարխոշյանի բեմադրած «Պատերազմը մանուկների աչքերով» պարային ներկայացման պրեմիերան

«Առավոտը» Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով հանդիպեց բալետի պրիմա պարուհի, վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանին, որը քառորդ դար (1991-2016թթ.) իրեն նվիրել է մանկավարժությանը։

Մինչ բեմին հրաժեշտ տալն էլ նա դասավանդում էր Երեւանի պարարվեստի պետական քոլեջում, իսկ հետո՝ 6 տարի, շարունակեց մանկավարժական գործունեությունը Բեյրութի Համազգայինի Արվեստի դպրոցում, որպես պարախմբերի գեղարվեստական ղեկավար։ Ընդ որում, նա 30-ամյա այդ դպրոցում հիմնեց բալետի դասարան։ Հայաստան վերադարձավ համավարակի պատճառով, ինչպես ինքն է հավաստիացնում՝ բազում նախագծերով, բայց, հասկանալի պատճառով, դրանք իրականացնել հնարավոր չէր, իսկ հետո էլ՝ պատերազմը։

Մեզ հետ զրույցում Ժակլին Սարխոշյանը քանիցս նշեց, որ իր գործունեությունը մեծ հաշվով կապված է երեխաների ու պատանիների մշակութային դաստիարակության, կրթության հետ։


«Նոր-նոր էր ավարտվել պատերազմը, երբ «Պատերազմը մանուկների աչքերով» պարային ներկայացման գաղափարով կիսվեցի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բարույեր Ջամբազյանի հետ, որը մեծ ոգեւորությամբ ընդունեց այն։ Անցանք աշխատանքի։ Նախ հայտարարեցինք քաստինգ, ինչի արդյունքում ընտրեցինք այս հիմնադրամի հոգածության տակ գտնվող ընտանիքներից տասը երեխայի, բնականաբար՝ նրանց նախ պետք էր ծանոթացնել պարի այբուբենին։ Հետո գումարվեցին նաեւ քոլեջի նախկին սաներս։ Ընդ որում, նրանցից ոմանք ոչ միայն ուսանում են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, մի քանիսն էլ դասավանդում են։ Ընտրվեցին 17-ը՝ 10-23 տարեկաններ»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Տեսարաններ «Պատերազմը մանուկների աչքերով» ներկայացման գլխավոր փորձից

Հավելեց նաեւ, որ այս նախագծում ներառված է նաեւ կերպարվեստը, երգարվեստը, թատերարվեստը. «Սկզբնական ցանկությունս էր համավարակի ընթացքում, հետո արդեն հետպատերազմական շրջանում պարարվեստը սինթեզել մշակույթի այլ ոլորտների հետ։ Նշեցի արդեն, որ երեխաներից շատերը ծանոթ չէին պարարվեստի այբուբենին, ծանոթ չէին նաեւ երգարվեստին, կերպարվեստին նույնպես։ Կարճ ասած՝ «Պատերազմը մանուկների աչքերով» պարային ներկայացումը, որի աշխատանքները, փորձերը տեւել են շուրջ վեց ամիս, տեղի կունենա հունիսի 3-ին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական թատրոնում»։

Հետաքրքրությանը՝ ձեր ռեժիսուրայով իրականացված բեմադրությունը ո՞ւմ սցենարով է եւ ի՞նչ երաժշտությամբ է ուղեկցվելու, Ժակլին Սարխոշյանը պատասխանեց. «Երիտասարդական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն ինձ ծանոթացրեց սցենարիստ Արմինե Բոյաջյանի հետ, ներկայացմանս համար անհրաժեշտ էին նաեւ դերասաններ։ Սիրով համաձայնեցին ինստիտուտի դասախոսներից Էլեն Արմազանը, որը հանդես կգա մոր կերպարում եւ Հովհաննես Հակոբյանը, ում դերը «խոսքն» է եւ թույլ տվեք չբացել փակագծերը։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, այն ծանոթ ու սիրված երգեր ու ժողովրդական մեղեդիներ են՝ սկսած Աշոտ Սաթյանի «Մարտիկի երգ»-ից մինչեւ Տիգրան Մանսուրյանի, Մարինա Ալեսի, Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։ Հասկանալի է, որ թվարկածս գործերը կհնչեն ֆոնոգրամայով, բայց կա նաեւ կենդանի երաժշտություն երեխաների կատարմամբ։ Առաջին հայացքից ներդաշնակել ենք անհամադրելի գործիքներ՝ ջութակ, դաշնամուր, տրոմբոն, քանոն… Վստահ ենք, որ ֆոնոգրամաների կողքին երեխաների մատուցմամբ կենդանի կատարումները մի այլ հուզիչ տպավորություն կստեղծեն դահլիճում։ Քիչ էր մնում մոռանայի շատ կարեւոր մի հանգամանքի մասին. ներկայացման հայտագիրը ձեւավորված է երեխաների գեղանկարչական աշխատանքներով, որոնք արտացոլում են, թե ինչպես է պատերազմը դրոշմվել նրանց ներսում»։

Ի դեպ, թատերական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ճեմասրահում կտեղադրվի հանգանակության արկղ, որի ողջ հասույթը տրամադրվելու է ինստիտուտի՝ պատերազմում զոհված եւ վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին։

Զրույցի ընթացքում Ժակլին Սարխոշյանը քանիցս նշեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի եւ թատերական ինստիտուտի երիտասարդական թատրոնի դերը այս պարային ներկայացման իրականացման գործում՝ առաջին օրվանից մինչեւ պրեմիերա։

Հետաքրքրությանը, թե պրեմիերան չէ՞ր կարելի անցկացնել հենց հունիսի 1-ին, Ժակլին Սարխոշյանը նախ նշեց, իր խոսքերով՝ երեխաներին պաշտպանել է պետք տարին տասներկու ամիս եւ առանց դադարի, հետո էլ ասաց. «Կան երկրներ, որոնք պաշտոնապես մեկ օրով չեն սահմանափակվում։ Օրինակ՝ Ճապոնիայում երեխաների օրը տարվա մեջ նշում են երեք անգամ՝ մարտի 3-ին նշում են աղջիկների օրը, որի ժամանակ ծնողները տանը կազմակերպում են տիկնիկների ցուցահանդես, մայիսի 5-ը տղաների օրն է։ Ծնողներն այդ օրը տան դռանն ամրացնում են կապտականաչ դրոշներ իրենց տղա երեխաների քանակով՝ ի նշան քաջության ու համարձակության։ Նոյեմբերի 15-ի տոնը կոչվում է «7-5-3», քանի որ ճապոնացիների կարծիքով՝ այդ տարիքներն ամենաերջանիկն են։ Իսկ Ավստրալիայում երեխաներին նվիրված է մի ամբողջ շաբաթ հոկտեմբեր ամսին։ Այստեղ առանց ընդմիջման 7 օր ու գիշեր մանկական համերգներ են, մրցույթներ, դիմակահանդեսներ։ Աֆրիկայում էլ երեխաների պաշտպանության օրը մեկ ամիս է տեւում։ Կոլումբիայում հունիսի 4-ն է երեխաների օրը։ Այդ օրը նրանք հագնում են ծաղրածուի զգեստներ, կրում դիմակներ եւ այդպես զբոսնում փողոցներում։ Կորեացի երեխաները մայիսի 5-ին կրում են միայն իրենց ազգային հագուստները, եւ այլն»։

Մեր զրուցակիցը հավելեց, թե գուցե գալիք Ազգային ժողովը մեր երկրում էլ Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարությունները մեկ օրով չսահմանափակի արդեն ավանդական դարձած միջոցառումներով (համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ եւ այլն), մանավանդ որ, պատերազմի տպավորություններն ու հետեւանքները դեռ երկար են ուղեկցելու նրանց։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930