Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիեւի՝ խելամիտ գործելու հարցում Փաշինյանը համոզվա՞ծ էր

Հունիս 02,2021 12:00

Հայաստանի իշխանությունն Ադրբեջանից որեւէ երաշխիք ստացե՞լ է, կամ, եթե ստանա՝ վստա՞հ են, որ դրանք իրագործվելու են…

Անցյալ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը, Ադրբեջանի նախագահին առաջարկեց երկուստեք հետ քաշել զինված ուժերը շփման գծից՝ Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար հատվածը։

Փաշինյանն առաջարկեց այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Նա այս մասին խոսեց Անվտանգության խորհրդի նիստում։ «Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո», – ասել էր նա: Ըստ Փաշինյանի` իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում անխուսափելիորեն կարող ենք ստանալ լայնածավալ բախում:

Ըստ էության, պետության ղեկավարը երկրի սահմանները ճշգրտման գործընթացը չի պատկերացնում այլ կերպ, քան երրորդ կողմի մասնակցությունը, ինչը փաստում է, որ Հայաստանը չի կարողանում Ադրբեջանի կողմից մեր երկիր ներխուժման խնդիրը լուծել: Ընդ որում, ինքն էլ արձանագրում է, որ խնդրի չհանգուցալուծումը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման:

Ցանկացած խնդիր բանակցություններով լուծելն, իհարկե, ավելի նախընտրելի է, քան՝ բախումներով, բայց մեր դեպքում ստեղծվել է մի վիճակ, երբ ողջ աշխարհի աչքի առջեւ Հայաստանը երեւում է որպես՝ իր հիմնական ֆունկցիաները չկատարող պետություն, որն ունակ չէ սեփական խնդիրները լուծել համապատասխան կառույցների գործունեության արդյունքում:

Վերջին փաստը ասվածի ամենացայտուն ապացույցն է՝ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս վեց հայ զինծառայողներ գերեվարվեցին ադրբեջանական զինուժի կողմից։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ «հակառակորդը գործել է այլ կերպ` դավադրաբար եւ մեր տարածքում հետադարձ սահմանից 800 մետր խորության շրջափակել եւ գերեվարել մեր 6 զինծառայողներին»:

Իսկ հակառակորդի՝ խելամիտ գործելու հարցում Հայաստանի իշխանությունները մինչ այժմ այդքան համոզվա՞ծ էին, նրանք նման երաշխի՞ք էին ստացել Բաքվից, կամ, եթե ստանան նման երաշխիքներ՝ վստա՞հ են, որ դրանք իրագործելու են…

Այսինքն, Հայաստան պետությունը հասցրել են մի իրավիճակի, երբ ցանկացած խնդրում ի պատասխան Ադրբեջանի կողմից ապօրինություններին՝ պետք է ակնկալենք միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք եւ ինչ-ինչ քայլեր:

Արձագանք, իհարկե, եղավ: Նախ՝ Միացյալ Նահանգները մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին վերջին զարգացումների համատեքստում, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվորների ձերբակալության առիթով: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում, ի դեպ, նշվել էր՝ «Հայ զինվորների ձերբակալություն» ձեւակերպումը:

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ արեց երկու կողմերին շտապ եւ խաղաղ կերպով հանգուցալուծել այդ միջադեպը: «Մենք նաեւ շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ մյուս պահվող անձանց, եւ մենք հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային հումանիտար իրավունքով իր պարտավորությունները՝ բոլոր ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել», – ասվում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:

Միացյալ Նահանգները «սադրիչ եւ անհարկի» էր համարել որեւէ տեղաշարժերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չսահմանագծված շրջաններում: «Մենք մերժում ենք ուժի գործադրումը սահմանագծման նպատակով եւ կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերն ու դադարեցնել չսահմանագծված սահմանին ռազմական ամրաշինական աշխատանքներն ու ականապատումը: Մասնավորապես կոչ ենք անում Ադրբեջանին վերատեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքերում: Նաեւ կոչ ենք անում Հայաստանին վերատեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքերում եւ ողջունում ենք նման մտադրության մասին հայտարարությունները», – շեշտել էր Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ այդ գործողությունները կնվազեցնեն լարվածությունը եւ «հրատապ սահմանագծման խաղաղ բանակցային գործընթացի հնարավորություն կստեղծեն: «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին: ԱՄՆ-ը կողմերին կոչ էր արել հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առարկայական բանակցություններին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ քաղաքական կարգավորմանը», ամփոփել էր Նեդ Փրայսը:

Արձանագրենք, որ ի տարբերություն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից հնչած գնահատականների՝ Ադրբեջանի կողմից անընդունելի գործողությունների առիթով, Ռուսաստանը որպես «չեզոք» խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր, դարձյալ շարունակում է իրեն կաշկանդված զգալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների փաստերի առիթով եւ Ադրբեջանի գործողությունները չի դատապարտում:

Վաշինգտոնի արձագանքից մեկ օր անց հանդես եկան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ փաստելով, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է. «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման եւ սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար»: Պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին, միջնորդները ընդգծել էին ԵԱՀԿ-ից իրենց տրված մանդատի պայմանները եւ կայուն, խաղաղ ու բարեկեցիկ ապագայի՝ տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները, եւ կրկին կոչ էին արել կողմերին հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները իրենց հովանու ներքո: Համանախագահներն ի գիտություն էին ընդունել մայիսի 27-ին 6 հայ զինծառայողների ձերբակալված լինելու մասին տեղեկությունը եւ կոչ արել ազատել բոլոր ռազմագերիներին ու մյուս ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Փաշինյանն այնուհետեւ նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկն արդեն նախնական արձագանքել է իր հրապարակած բանաձեւին. «Բանաձեւը ես հրապարակել եմ, համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է։ Հույս ունեմ, որ մյուս երկու համանախագահող երկրներն էլ կարձագանքեն եւ էսօր էլ կարելի է դա անել, մի քանի օրվա մեջ կարելի է զորքերը հետ քաշել, ընդհանրապես առանց նախապայմանի կարելի է զորքերը հետ քաշել, մինչեւ դիտորդները կգան»։

Հայաստանի իշխանությունն, այսպիսով, մտորում է, թե ինչպես միջազգային միջնորդներին ներգրավի մեր երկրի սահմաններից ներս իրականացվելիք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներում, ընդ որում, այն պարագայում, երբ «հարեւան» Ադրբեջանը շարունակում է դրսեւորել իրեն որպես հակառակորդ պետություն, շարունակում է ադրբեջանական բանտերում պահել հայ ռազմագերիների ու նոր գերիներ վերցնել:

Զուգահեռ, պաշտոնական Բաքուն նույնիսկ այդ պայմաններում, շարունակում է վստահեցնել, որ Ադրբեջանն այսուհետ էլ կշարունակի ամրապնդել իր սահմանները: «Եթե տեսնենք, որ մեր պետության անվտանգությանը թեկուզ փոքր սպառնալիք կա, անհապաղ տեղում կոչնչացնենք թշնամուն: Ուստի վերջին օրերի սադրանքը, որը հայերը գործել էին սահմանին, բնականաբար, չէր կարող անպատասխան մնալ եւ չմնաց», հոխորտացել է Ալիեւը:

Հանրապետության օրը Ալիեւը այցելել էր Աղդամ: Մասնակցելով քաղաքի վերակառուցման հիմնարկեքին` նա հայտարարել է` Արեւմուտքում ընդունվող բանաձեւերն ու հայտարարությունները իր քաղաքականության վրա չեն կարող ազդել: «Որեւէ մեկը չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, որեւէ մեկը չի կարող ազդել մեզ վրա: Հիմա որոշ հայամետ երկրներ ինչ-ինչ հայտարարություններ են անում, թող անեն, դա իրենց գործն է, Եվրախորհրդարանն էլ հերթական բանաձեւն է ընդունել` սուտ տեղեկությունների հիման վրա: Ես երբեք դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում, դրանք կարեւոր չեն: Կարեւորն այն է, որ մենք այստեղ ենք այսօր, կանգնած ենք եւ կշարունակենք այստեղ ապրել հավերժ», – ասել է Ալիեւը:

Սա, ըստ էության, Ալիեւի պատասխանն է Փաշինյանի՝ բոլոր հարցերը միջնորդների միջոցով լուծելու ձգտումներին ի պատասխան: Ալիեւը հատուկ ընդգծում է Արեւմուտքի կողմից իրականացված քայլերը, նպատակ ունենալով այս դեպքում էլ սիրաշահել Ռուսաստանին, ցույց տալով, որ նրա համար նշանակություն չեն ունեցել եւ այսօր էլ չունեն արեւմտյան կառույցների գործողություններն ընդդեմ Ադրբեջանի:

Իսկ ընդհանուր առմամբ, ցավալի է արձանագրել, որ հակառակորդ պետության ղեկավարը, որի երկիրը շուրջ 30 տարի ապրել է պարտվածի կարգավիճակում, սերունդ է մեծացել՝ այդ պարտվածի հոգեվիճակում, հիմա Հայաստանին մեղադրում է նրանում, որ չենք կարողանում պաշտպանել մեր պետությունն ու մեր սահմանները: Որքան էլ համոզված լինենք, որ Ադրբեջանը մեր սահմաններին դիմելու է սադրանքների, որպեսզի մեկ-երկու չհաշվարկված քայլը դառնա նոր բախման, կամ անգամ՝ ռազմական նոր գործողությունների բռնկման առիթ, միեւնույն է, սարսափելի է տեսնել այսօրվա Ալիեւին, որն ընդամենը մի քանի տարի առաջ խոստովանում էր, որ միջազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հիմա արդեն Ադրբեջանի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման առհասարակ հանել է օրակարգից, ու հասել է արդեն Հայաստան պետությանը. «30 տարվա ընթացքում հայերին չհաջողվեց պետություն կառուցել: Ուրեմն, այդ ժողովուրդը չի կարող պետություն կառուցել: Ուրեմն, այդ ժողովուրդը կարող է ապրել միայն այլ խոշոր պետությունների կազմում: 30 տարվա ընթացքում նրանք բացառիկ հնարավորություն ունեին՝ եթե չլիներ այս օկուպացիան, թշնամանքը, եթե հայերը մեր ժողովրդի դեմ այս վայրագությունները գործած չլինեին, Հայաստանը, հնարավոր է, կարող էր ապրել որպես անկախ պետություն, – ասել է նա, հավելելով, թե՝ «իսկ հիմա հայերը բացեիբաց ընդունում են, որ չեն կարող պաշտպանել իրենց պետությունն ու իրենց սահմանները»:

Ահա, թե ուր է հասցնում Հայաստանն այսօրվա իշխանությունն՝ իր անգործության եւ ոչ համարժեքության արդյունքում:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930