Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ում մարդու իրավունքների մասին խոսում են, երբ իրենց շահավետ է». հայ կանայք ուղերձ են փոխանցել միջազգային հանրությանը

Հունիս 01,2021 23:50

ՄԱԿ-ում մարդու իրավունքների մասին խոսում են, երբ իրենց շահավետ է. այս ուղերձն այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողի տեղակալ Դենիս Սամպֆին փոխանցել են Հայաստանի կանաց նախաձեռնության եւ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» անդամները:

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը» վերջերս տարբեր բողոքի ակցիաներ է անցկացրել ՀՀ-ում տարբեր դեսպանատների մոտ `պահանջելով քայլեր ձեռնարկել`կանխելու համար Թուրքիայի ցեղասպան պահվածքը հայերի  նկատմամբ`մեր իսկ հողի վրա: Իսկ Հայաստանի կանաց նախաձեռնությունը համազգային ստորագրահավաք էր նախաձեռնել նույն հարցով`ՄԱԿ-ին դիմելու համար:

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացրեց: Մասնավորաբար, կանայք պահանջել են, որպեսզի ՄԱԿ-ը Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողներին ազատ արձակելու գործուն մեխանիզմներ կիրառի: Զրույցի ընթացքում զուգահեռներ են անցկացվել անցյալ դարի սկզբին`1915-23 թվականներին, ապա 1988-92 թվականներին եւ 2016-2020 թվականներին հայերի դեմ Թուրքիայի  եւ Ադրբեջանցիների կողմից իրականացրած ցեղասպան գործողությունների միջեւ`փաստելով, որ հայ ժողովուրդն այսօր`ՀՀ տարածքում, փաստացի գերու կարգավիճակում է գտնվում: «Խոսել ենք, որ թուրքերը կենտրոնացած են հայերի վերջնական ոչնչացման վրա, բայց զուգահեռ ոչնչացրել են Մեծ Մերձավոր Արևելքի ժողովուրդներին` եզդիներին, արաբներին, թալիշներին, լեզգիներին: Հարցրինք`ինչո՞ւ այդ նուն ՌԴ-ին չպատժեցին թալիշ Ֆահրադին Աբոսզոդայի կյանքը վտանգելու, նրան «գողանալու», Բաքվի բանտում սպանելու համար, իսկ Նավալնիի թեման «պտտացրին», քանի որ հետամուտ են թրքական շահի պաշտպանությանը, որոնցից նավթադոլարների հոտ է գալիս»,- պատմեց Մարիամ Ավագյանը: Հայ կանայք միջազգային հանրությանը նաեւ մեղադրել են անցյալ դարի վերջին`Սումգայիթում հայերի ցեղասպանության վրա աչք փակելու համար, ինչը հիմք դարձավ թուրքական գործողությունների շարունակականության:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնյան խոստացել է, որ հանդիպման մասին արձանագրություն կկազմի եւ հայ կանանց բարձրացրած հարցերը  կփոխանցի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել