2021թ. հունիսի 1-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչման արարողություն՝ ի պատիվ դպրոցի նախկին աշակերտ Ալեն Սարգսյանի և նրա սխրագործության:
2019թ. հունիսի 1-ին Վայոց ձորի Արփա գետում իր կյանքի գնով Ալեն Սարգսյանը մահվան ճիրաններից փրկեց ընկերոջ կյանքը՝ աշխարհին ի ցույց դնելով խիզախության և ընկերասիրության վառ օրինակ:
Ալենին ճանաչող յուրաքանչյուր ոք նկարագրում է նրան որպես ազնիվ, հայրենասեր, խելացի և պարտաճանաչ աշակերտ՝ սիրված ծնողների, հարազատների, ընկերների և դպրոցի ուսուցիչների կողմից: Նա երազում էր դառնալ ծրագրավորող, զբաղվում էր սպորտով, գրում բանաստեղծություններ, խաղում էր թատրոնում, և, լինելով հայրենասեր՝ դեռ մանկուց համալրել էր «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը: Այս ամենը լավագույնս է արտացոլում նրա կերպարը՝ որպես բազմակողմանի զարգացած և հայրենասեր երիտասարդի:
Դասասենյակի բացման պատիվը տրվեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին և Ալեն Սարգսյանի հորը՝ Վարդան Սարգսյանին: Դասասենյակի անվանակոչումը նպատակ է հետապնդում ոչ միայն եկող սերունդների մոտ վառ պահել Ալենի հիշատակը և նրա սխրագործությունը: Այն նաև դաստիարակելու է սերունդներ, և Ալենի օրինակով երիտասարդներին դաստիարակելու է մարդասիրության, անձնուրացության և խիզախության բարձրագույն արժեքներով:
Կարդացեք նաև
Աշակերտները և Ալենի դասընկերները ներկայացրին իրենց հերոս ընկերոջ կյանքը, նպատակներն ու երազանքները՝ երդվելով սրտերում վառ պահելով ընկերոջ հիշատակը, իրենց աշխատանքով դառնալ Ալենի խիզախությանն ու իրենց երկրին արժանի երիտասարդներ:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ալեն Սարգսյանի ծնողներին հանձնեց շնորհակալագիր՝ իր երախտիքի խոսքերը հայտնելով որդուն ընկերասիրության, քաջության և խիզախության անկոտրում ոգով դաստիարակելու համար:
«Ալեն Սարգսյանի նման իրական հերոսները ապրում են մեր կողքին: Նրանք սարեր չեն շրջում, բայց նրանց գործը և անձնազոհությունը խոսում են ամեն ինչից առավել: Նա իր սխրանքով ոչ միայն ցույց տվեց անհավանական քաջության, բարության և ընկերասիրության օրինակ, այլև ոգեշնչեց մեզ բոլորիս վերանայել մեր ապրելակերպը, և մեր առօրյա գործունեությամբ և աշխատանքով դարձնել մեր կյանքը և շրջապատը ավելի լավը»:
Վայոց ձորի մարզպետարան