Թուրքիան Վրաստանը համարում է տարածաշրջանային համագործակցության բանալին և պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռաչափ ձևաչափ, որում կներառվեն Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Մենք հավատում ենք, որ կարող ենք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն մեր տարածաշրջանի կարևորությունը և խաղաղությունը: Նշվածի շրջանակում շատ կարևոր է եռակողմ գործակցությունն Ադրբեջանի հետ: Մենք՝ Թուրքիան, պաշտպանում ենք եռակողմ ցանկացած համագործակցություն, լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել ամենակարճ ժամկետներում անցկացնել բարձրագույն ռազմավարական խորհուրդ Վրաստանի մասնակցությամբ: Հստակ ամսաթիվը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ երկու երկրների արտգործնախարարներն անցկացնեն համապատասխան աշխատանքներ:
Վրաստանի վարչապետն իր հերթին հույս է հայտնել, որ երկու հանրապետությունները կկարողանան իրականացնել ավելի շատ համատեղ նախագծեր և խորացնել գործակցությունը: Ղարիբաշվիլին Էրդողանին հրավիրել է այցելել Թբիլիսի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ