2020թ․-ի պատերազմում զոհված հայորդիների մի խումբ ծնողներ այսօր Հանրապետության հրապարակում էին՝ դժգոհություն հայտնելու երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով կազմակերպված համերգի առնչությամբ։ «Մի հարց տամ հանրությանը՝ համե՞րգ։ Ոչ թե դասական կամ ազգային երաժշտության, այլ տաշի-տուշի։ Ամենամեծ սրբապղծությունն այն է, որ սա արվում է երեխաների ձեռքերով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը։ «Տեսաք, թե ինչ աննկարագրելի պայմաններում են մեր հերոս տղաների մարմինները գցված․․․բառ չկա ասելու։
Սրանից հետո, 11 000 վիրավորից հետո, 40 000 անտուն մնացածից հետո դուք համերգ եկող ժողովուրդ եք։ Նա ուզում է աշխարհին ու Թուրքիային ցույց տալ, թե տեսեք՝ ինչ լավ եմ ստորացնում, ինչ լավ եմ ձեր հանձնարարականները կատարում։ Շահարկում են, թե ծնողներով եկել ենք խանգարելու երեխաների համերգը։ Բա մեր երեխաները երեխա չէի՞ն»,-հարցադրում արեց Գեղամ Նազարյանը։ Նա նշեց՝ եկել է տեսնելու, թե քանի՞ հոգի է եկել համերգի, այսինքն՝ քանի՞ հոգի չգիտի, որ 5000 զոհ ու 11 000 վիրավոր ունենք․ «Խնդրում եմ՝ գտեք այս համերգի կազմակերպիչներին եւ հարցրեք՝ ի՞նչը ստիպեց, ո՞վ հանձնարարեց նման համերգ կազմակերպել»։
Գեղամ Նազարյանը նաեւ հայտնեց, որ գյուղապետերի մակարդակով հանձնարարված է երեխա ապահովել համերգի համար․ «Ընդ որում, գյուղապետերին նաեւ խաբել են, թե երեխաներին տանում են թանգարան, կարուսել։ Չեն ասել, որ բերելու են համերգի»։
Պատերազմում զոհված Իշխան Պետրոսյանի դուստրն էլ Հանրապետության հրապարակ էր եկել հոր պատկերով շապիկով։ «Երեխաների համար միջոցառում են կազմակերպել ու ջրցան մեքենաներ են բերել։ Ոստիկաններն էլ եկել են սադրե՞ն»,-հարցադրում արեց Մարգարիտա Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Դուստրը շեշտեց, որ ոչ մի տարի նման միջոցառում չի կազմակերպվել․ «Ամեն ինչ անում են, որ մեզ հունից հանեն։ Հիմա մենք ունենք խոսելու իրավունք»։ Մարգարիտան ծնողներին կոչ արեց երեխաներին գոնե մեկ անգամ Եռաբլուր տանել եւ պատմել, թե ինչ են արել ընկած հերոսները։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ համերգը խափանելո՞ւ են։ «Նման գրառում ես էի արել, որ փորձելու եմ խանգարել, բայց որոշումս տաք գլխով էի կայացրել։ Հետո մտածեցի, որ ես ոչ Նիկոլն եմ, ոչ Դավոյան Արփին եւ ոչ էլ Աննա Հակոբյանը, որ գամ լաչառություն անեմ։ Կանգնելու եմ առաջին շարքում ու նայեմ երգիչների աչքերին»,-պատասխանեց Մարգարիտան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ