Մայրաքաղաքի Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա հատման վայրում այսօր գործի դրվեց Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվաարկի խորհրդանշական ժամացույցը: Այն գործի դրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն այնուհետեւ ԶԼՄ-ների հետ կարճ զրույցում ասաց. «Կարելի է ասել, որ այսօր Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հաղթանակների խորհրդանշական մեկնարկը ազդարարեցինք»:
Իսկ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը քիչ ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. « Այսօր առավել քան երբեւէ Հայաստանին հաղթանակներ են պետք այս ծանր վիճակից եւ հոգեբանական եւ ընդհանուր ընկճվածության առումով: Իսկ հաղթանակները բացի բանակից տալիս է նաեւ սպորտը: Եվ Գագիկ Ծառուկյանի գլխավորած օլիմպիական բանակը այդ հաղթանակները պարգեւելու է մեր ժողովրդին: Ինչ վերաբերվում է հնչող երաժշտությանը, սա օլիմպիական օրհներգն է, Հայաստանի հաղթանակների խորհրդանիշերից մեկը, որը մեզ միշտ ուղեկցելու է մինչեւ այն բաղձալի հաղթանակները, որ մեր օլիմպիական կոմիտեն եւ մեր օլիմպիական թիմերը պարգեւելու են մեր ժողովրդին:
Տեսեք, բոլորս ենք համոզված, որ հայ զինվորը այս պատերազմում չի պարտվել: Իսկ նա չի պարտվել, որովհետեւ նա ավելի ուժեղ է, ավելի արագ եւ ավելի բարձր: Այս երեք որակները նաեւ օլիմպիական երեք կարգախոսներն են: Այս որակները հայ զինվորին, երիտասարդին տալիս է սպորտը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ