Լրահոս
Օրվա լրահոսը

«Պնդելով, որ հանդիպումը այս օրերին տեղի ունենա՝ Փաշինյանը քաղաքական մուրացկանություն արեց. Մակրոնն իրեն հոկտեմբերին էր կանչել». ֆրանսահայերի ցույցն՝ ընդդեմ Փաշինյանի

Հունիս 01,2021 22:02

«Կապիտուլանդ», «հողատու», «դավաճան», «Նիկո′լ, դավաճան». «հողատո′ւ դավաճան». այսպիսի վանկարկումներով և պաստառներով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ֆրանսահայերը:

Փարիզում գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դիմաց հավաքված տասնյակ ֆրանսահայեր հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ոտք դնել այնտեղ: Փողոցում ուժեղացված հսկողություն էր իրականացվում: Պատվիրակությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում էր դեսպանության շենքում: Ցույցի մասնակիցներից մի կին հայտարարեց. «Եկել եմ ասելու, որ ոտքը չդնի այստեղ: Էմանուել Մակրոնը նրան ասել է՝ հոկտեմբերին արի, եթե ընտրվես, քանի որ հիմա ժամանակը չէ: Բայց նա պնդել է, որ այսօր գա, որ իր ընտրությունների համար միավորներ հավաքի: Նա իր տարեդարձի օրը եկել է այստեղ, քարոզարշավ է անում: Բայց սա իր վերջն է, վերջին անգամ ես գալիս, Նիկո′լ, ժողովրդի փողերի հաշվին: 7000 զինվորների դիակները թողած դու գալիս ես այստեղ խնջույքներ կազմակերպելո՞ւ, վերջին անգամ է»:

Ոստիկանությունը ցանկանում էր հեռացնել ցուցարարներին դեսպանատան տարածքից: Ցույցի մասնակիցները փորձեցին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը, կարծես հարվածեցին մեքենաներից մեկին: Իսկ ոստիկանությունը նույնիսկ ինչ-որ գազ բաց թողեց ցուցարարների ուղղությամբ: Նրանցից մի տղամարդ վրդովված ասաց. «Գազեր էլ ես բաց թողնում մեզ վրա, բայց դու վերջացած ես, Նիկո′լ, գազ էլ անես մեր աչքերին, միևնույն է, վերջացած ես:  Սա Երևանը չէ, բայց Երևանում էլ քեզ պիտի ցույց տանք, հունիսի 20-ին քեզ հետ կխոսենք»:

Aravot.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը Նիկոլ Փաշինյանի այցելությունը համարեց քարոզչական բնույթի ու ասաց. «Մակրոնի հետ նկարվելուց ավելի կարևոր է պիտի լիներ Փաշինյանի համար մնալ իր ժողովրդի կողքին: Երբ երկիրը վտանգի տակ է, ընդհանուր հրամանատարը պետք է մնա պաշտպանություն կազմակերպելու նպատակով:  Բայց հստակ է, որ երկրի անվտանգությունը առաջնահերթություն չէ Փաշինյանի համար: Նա նախընտրում է շեշտը դնել իր քարոզչության վրա:

Մեր հարցին՝ արժանահավա՞տ են այն խոսակցությունները, որ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին ընտրություններից հետո՝ հոկտեմբերին է հրավիրել Ֆրանսիա, սակայն նա պնդել և հիմա է եկել, Մուրադ Փափազյանը պատասխանեց. «Այո»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Էմանուել Մակրոնն ընդունել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Մեր աշխատանքի շնորհիվ՝ նախագահ Մակրոնը պրոհայկական քաղաքականություն է վարում: Պնդելով, որ հանդիպումը այս օրերին տեղի ունենա՝ Փաշինյանը քաղաքական մուրացկանություն արեց»:

https://www.youtube.com/watch?v=VDmWSjz5laE&ab_channel=YerkirDaily

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930