Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ դիմել է միջազգային հանրությանը, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կանգնելու Արցախի երեխաների կողքին և պաշտպանելու նրանց իրավունքները։ Ուղերձում մասնավորապես ասված է․
«Երեխաների իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր, անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ աշխարհի որ անկյունում։ Երեխաները ունեն մեր պաշտպանության կարիքը և մենք ուղղակի իրավունք չունենք անտարբեր լինելու նրանց անհոգ ու բարեկեցիկ մանկության նկատմամբ։
2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը իր բացասական հետևանքներն է թողել Արցախի երեխաների իրավունքների պաշտպանության վրա։ 1 երեխա զոհվել է, 9-ը՝ վիրավորվել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախային և ոչ տարբերակված հարձակումների հետևանքով։
Կարդացեք նաև
Արցախի երեխաները ստիպված էին անցնել պատերազմի դաժանությունների միջով՝ ապրելով ապաստարաններում մշտական ռմբակոծությունների տակ՝ զրկվելով իրենց ընտանիքների հետ բնականոն ապրելու իրավունքից։ Հարյուրավորները կորցրել են իրենց հարազատներին՝ հայրերին, եղբայրներին և պապիկներին, և այսօր էլ առերեսվում են կորստի հոգեբանական հետևանքներին։
Պատերազմի հետևանքով ավելի քան 10000 երեխա տեղահանվել է իր բնակավայրերից․ խախտվել է նրանց՝ ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը:
Պատերազմի ողջ ընթացքում Արցախի երեխաները զրկված էին կրթական իրավունքից, այսօր էլ 8000-ից ավելի երեխաներ կրթություն են ստանում իրենց հարազատ միջավայրից դուրս՝ բախվելով միջավայրին ինտեգրվելու հետ կապված հոգեբանական խնդիրների։
Սրանք Արցախի երեխաների իրավունքների խախտման ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք վերացնելու համար Արցախը միջազգային հանրության և մասնավորապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպությունների աջակցության կարիքը ունի։
Երեխաների պաշտպանության օրը շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին և որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան հույս եմ հայտնում, որ այս կոչը տեղ կհասնի և միջազգային հանրությունը կկանգնի Արցախի երեխաների կողքին՝ պաշտպանելու նրանց իրավունքները»։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ