Անցյալ ուսումնական տարում համավարակով պայմանավորված` ասպիրանտուրայի ընդունելության պարտադիր պայմաններից հանվել էին TOEFL-ի քննությունն ու ինֆորմատիկայից համապատասխան միավորի առկայությունը: Aravot.am-ի հետ զրույցում մի խումբ ուսանողներ դժգոհեցին, որ այժմ փաստի առաջ են հայտնվել, քանի որ վերջին պահին այդ քննություններից համապատասխան միավորների պահանջը պարտադիր է համարվել, մինչդեռ սահմանափակումների պատճառով չեն հասցրել պարապել:
Aravot.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը (լուսանկարում) հետեւյալը պարզաբանեց. «Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ համավարակի տարածումը կանխելու համար ոչ միայն ասպիրանտուրայում, այլեւ բակալավրում նախատեսվել էր մեկ քննություն` ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով: Այդ որոշումը մեկանգամյա կիրառության էր եւ վերաբերում էր միայն անցյալ ուսումնական տարվան:
Հաշվի առնելով, որ հունվարից համաճարակային իրավիճակ էր տիրում, ամեն դեպքում նախագծել էինք այս տարվա վրա էլ տարածել այդ որոշումը` միայն մեկ մասնագիտական քննություն: Սահմանված կարգով նախագիծը ներկայացվեց կառավարություն, եւ հիմնադիրը ոչ նպատակահարմար համարեց ասպիրանտուրայի ընդունելության եւ ուսուցման կարգում փոփոխություն անելը, հետեւաբար գործող կարգը մնաց ուժի մեջ: Այսինքն, որեւէ փոփոխություն չեղավ: Անկախ ամեն ինչից՝ դիմորդները պետք է մտածեին, որ գործող կարգ ունենք եւ նախատեսին ոչ միայն մասնագիտական, այլ օտար լեզվի եւ համակարգչային գիտելիքներին տիրապետելու քննություն ու նախապատրաստվեին դրանց»:
Տիկին Գրիգորյանը նշեց, որ եղել են ուսանողներ, որոնք նախապատրաստվել են` ի տարբերություն դժգոհողների: Նաեւ հավելեց. «Որեւէ խնդիր չեմ տեսնում դրա մեջ…Կարծում եմ` ուսանողները կհասցնեն պատրաստվել եւ քննություն հանձնել: Արդեն ԿԳՄՍ նախարարությունը ժամանակացույց է ուղարկել բուհերին, փաստաթղթերի ընդունելության ժամկետ ենք նախատեսում մայիսի 31-ից մինչեւ հունիսի 28-ը, մասնագիտական քննությունների համար բուհը ժամկետը կորոշի հուլիսի 2-7-ն ընկած ժամանակահատվածում, եւ վերջնական ամփոփիչ արդյունքները ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացվեն հուլիսի 12-ին: Մի խոսքով, բավականաչափ ժամանակ կար մարտից մեկնարկած TOEFL-ի քննությունը հանձնելու եւ արդյունք ունենալու համար»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ