«Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորի 230 թեկնածու ունի: Այս մասին տեղեկանում ենք դաշինքի նախընտրական ցուցակից: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ցուցակները: Այս դաշինքի 230 թեկնածուներից 137-ը ՀՀԿ-ական են: «Պատիվ ունեմ»-ի նախընտրական ցուցակը գլխավորում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը: 2-րդ տեղում Երեւանի նախկին քաղաքապետ, գործազուրկ Տարոն Մարգարյանն է: Նրա անվան դիմաց` զբաղվածության վերաբերյալ տեղեկատվության դաշտում, գրված է` չի աշխատում:
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի 4-րդ տեղում Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ներկայումս Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն է: Այս դաշինքի ցուցակում է նաեւ «Լույս» հիմնադրամի հետազոտությունների համակարգող Հայկ Մամիջանյանը, նախորդ` 7-րդ գումարման ԱԺ-ի ՔՊ ցուցակով անցած, նախկին լրագրող Թագուհի Թովմասյանը, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ տնօրեն Տիգրան Աբրահամյանը, «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Տարոն Մարգարյանի օրոք Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ աշխատած Սամվել Ղումաշյանը:
Դաշինքի ցուցակի պատվավոր տեղում հյուրանոցի տնօրեն էլ կա: 14-րդ տեղում հանրությանը ոչ հայտնի «Էս էռ հոթել» ՍՊԸ-ի տնօրեն Ստանիսլավ Համբարձումյանն է: Ցուցակի 19-րդ տեղում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է, 73-րդ տեղում Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:
«Հայ ազգային կոնգրեսը»` ՀԱԿ-ը, 101 թեկնածու է գրանցել: Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ տեղում` Լեւոն Զուրաբյանն է, հետ` Ինեսսա Գաբայանը: ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի 10-րդ տեղում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանն է: ՀԱԿ-ի ցուցակում է նաեւ հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում 157 թեկնածու կա: Ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ցուցակի 5-րդ տեղում գործարար Խաչատուր Սուքիասյանն է: Սուքիասյանի պաշտոնի դիմաց գրված է` «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ, գործադիր տնօրենի խորհրդական:
Ցուցակի 14-րդ տեղում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն է, որը հանրությանը նույնպես հայտնի է, որպես գործարար: ՔՊ ցուցակում է նաեւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, նախկին նախարարներ Արսեն Թորոսյանը, Հակոբ Արշակյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի Վայոց Ձորի, Արագածոտնի մարզպետները, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:
ՔՊ-ի` պատգամավորի թեկնածուներից է սկանդալային պատմություններով հայտնի՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը:
ՔՊ-ի ցուցակում է նաեւ Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Այս կուսակցության նախընտրական ցուցակի 101-րդ տեղում Արտյոմ Մեհրաբյանն է, որը «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ տնօրենն է: Հաստոցաշինականից այլ աշխատակիցներ նույնպես գրանցվել են որպես պատգամավորի թեկնածուներ:
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը ներկայումս զբաղեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը: Ցուցակի 39-րդ հորիզոնականում է «Հաշմանդամություն եւ ներառական զարգացում» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարը: ՔՊ-ի ցուցակում է հայտնվել նաեւ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը. Նա 52-րդ տեղում է: ՔՊ ցուցակի 146-րդ տեղում ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն է, 156-րդ տեղում`ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ