«Թերևս առաջին անգամ է, որ այսպիսի մեծ թվով գրանցված կուսակցություններ և դաշինքներ կան ընտրություններին: Իսկ սա նշանակում է մեծ ծանրաբեռնվածություն»,-ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ Գործադիր կոմիտեի շտաբի ղեկավար Եվգենի Կազյակը:
Նա տեղեկացրեց՝ երեկվանից են Հայաստանում: Իրենց առաքելության կազմում կան երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ: Առաքելության աշխատանքների մասին նա մանրամասնեց. «Մենք՝ որպես երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողներ մշտադիտարկում ենք իրականացնելու ընտրությունների բոլոր փուլերում՝ նախապատրաստականից սկսած: Կունենանք նաև կարճաժամկետ դիտորդներ: Մեր առաքելության կազմում կան 70 դիտորդներ: Մենք դիտարկում ենք իրականացնելու մայրաքաղաքում և մարզերում»:
Եվգենի Կազյակը հայտնեց՝ առաջին անգամ չեն Հայաստանում և նշեց. «Առաջին անգամ չէ, որ Հայաստանում ենք. արդեն 11-րդ այցն է: Այնպես որ, մենք այստեղ նորեկներ չենք. գիտենք մթնոլորտը, օրենսդրությունը, ընտրության կարգին ծանոթ ենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ