Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Պատիվ ունեմ» դաշինքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի ներկայացրած կեղծ տեղեկանքի մասին՝ ասաց. «Տեղեկանքը վերաբերում էր նրան, որ անձը սովորել է ՌԴ-ում ու ըստ օրենսդրության, հնարավորություն է ընձեռնվում այդ ժամանակահատվածը դիտարկել որպես ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածին հավասարեցված: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչն է կեղծված, որովհետեւ երբ մենք հարցում ենք արել համապատասխան բուհ, բուհից ստացել ենք պատասխան, որ երկրորդ տեղեկանքը ուղղակի չի տրամադրվել: Այն ելից համարը եւ այն չափորոշիչները, որոնք առկա են եղել տեղեկանքում, այդ ելից համարով տեղեկանք ուղղակի չէր տրամադրվել: Հիմա մեր տրամադրության տակ կա այդ բուհի երկու տեղեկանք, որոնցից մեկը, ըստ նույն բուհի, իրականում տրված է, երկրորդն, ըստ նույն բուհի տվյալների, չէր տրամադրվել իրենց կողմից»:
Թե երկրորդ տեղեկանքը ինչո՞ւ են բերել՝ Ֆիդանյանը պատասխանեց, որ այդ տեղեկանքը այն մասին էր, որ այն վիճահարույց ժամանակահատվածում Միհրան Պողոսյանը սովորել է այդ բուհում:
Պողոսյանի ներկայացրած առաջին տեղեկանքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում, ստուգումներ են ընթանում, հնարավոր է հարուցվի քրգործ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ