Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը հիմա կբերեն տեղեկանք, որ Հայաստանը լքել են՝ ուսման ծարավի, ոչ թե քրեական հետապնդման արդյունքում». Անդրանիկ Քոչարյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

Հունիս 01,2021 16:33

Այսօր ԱԺ-ում 2020-ի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարցրեց. «Հիմա արտահերթ ընտրություններ են ու այսպիսի իրողության հետ առնչվեցինք, որ Հայաստանը լքած շատ հայտնի քաղաքական շրջանակներում ու կոնկրետ դաշինքում ընդգրկված անձնավորություն տեղեկանքի պահանջով դիմել էր ու պարզվեց, որ սովորում էր ՌԴ-ում՝ Մոսկվայում ուսման պրոցեսի մեջ է եղել այդ ընկերը, տեղեկանք է ներկայացրել իր վստահված անձի միջոցով ու հարցման արդյունքում պարզվել է, որ տեղեկանք տվող ընկերությունն ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: Անմիջապես հաջորդ տեղեկանքն է բերվում, որ արդեն մեկ այլ քաղաքում շարունակում է իր ուսումը զուգահեռաբար: Հիմա նորից հարցում է արված, դատի է տրված ու դատարանը պարտադրել է վիզաների վարչությանը, որ տվյալ անձին տան տեղեկանք, որ ինքը օրենք չի խախտել: Բոլորը գիտեն, որ առաջին հարցմանը պատասխան է եկել, որ տվյալ տեղեկանքը կեղծ է: Բերվել է երկրորդը, որը հավաստիացում չունի՝ կե՞ղծ է , թե՞ կեղծ չի: Մենք տեղեկանքների շրջապտույտի մե՞ջ ընկնենք, թե՞ կա լուծում: Եթե կա փող, հնարավոր է նաեւ հանել տեղեկանքներ, եթե կա իշխանություն, էլի կարելի է հանել տեղեկանքներ: Բայց տեղեկանքների կեղծ եւ ճիշտ լինելը խոչընդոտելու է մեր արդար ընտրապայքարի տիրույթը, կարող է ապականի: Ունե՞ք իրավական լուծում»:

Ըստ Քոչարյանի, մինչեւ տեղեկանքները բերվեն, ճշտվեն՝ կսկսեն ընտրությունները, ի՞նչ անեն:

Քոչարյանը հավելեց. «Նման տեղեկանքների հետ կապված մենք խնդիր ենք ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը բերեց տեղեկանք, որ ինքը վերջին տասը տարում բնակվել է ՀՀ-ում, բայց մենք բոլորս գիտենք, որ այդպիսի բան չէր կարող լինել: Հաշվի առնելով 90-ականների այն դրույթը, որ Արցախը՝ Ղարաբաղը միացել է Հայաստանին, Գերագույն խորհուրդը ինչ-որ այսպիսի որոշում ուներ, այսպես ոչ իրավական, այլ քաղաքական ճանապարհով գնացինք: Բայց բոլոր իրավական խախտումները պետք է ստանան քրեաիրավական գնահատական»:

Արա Ֆիդանյան

Ֆիդանյանը պատասխանեց. «Առաջին տեղեկանքը, որը ներկայացվել էր, ըստ բուհի տեղեկատվության, համապատասխանում էր իրականությանը, բայց համաձայն այդ տեղեկանքի էլ 22 օր չէր բավականացնում, որպեսզի համապատասխան ժամանակահատվածն ապահովեր՝ ՀՀ-ում գտնվելու: Երկրորդ տեղեկանքը, ըստ տեղեկատվության, չէր տրամադրվել: Առաջինի հիման վրա Անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժում էր ներկայացրել տվյալ անձին, դիմել էր դատարան: Դատարանի համապատասխան որոշմամբ տրամադրվել էր տեղեկանք: Այժմ երրորդ փաստաթուղթը՝ երրորդ տեղեկանքն է ներկայացվել, որի իսկությունը ստուգման փուլում է գտնվում: Երկրորդ տեղեկանքի հետ կապված, որը չէր համապատասխանում իրականությանը, դրանով նյութեր են նախապատրաստվում եւ կարծում եմ, կհարուցվի նաեւ քրեական գործ»:

Քոչարյանն արձագանքեց. «Բոլորը հիմա կբերեն տեղեկանք, որ Հայաստանը լքել են՝ ուսման ծարավի, ոչ թե քրեական հետապնդման արդյունքում: Շատերը, որոնք կբերեն նաեւ տեղեկանքներ, որ 4-5 բուհեր են ավարտվել, չեն բավարարի այն պահանջին, որ հայոց լեզվի քննություն հանձնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930