Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայը երբեք չի վախեցել նահատակվելուց, մարտիրոսանալուց, հայը վախեցել է դավաճանության զոհ դառնալուց». Հովհաննես Սահակյան

Հունիս 01,2021 16:24

«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմած ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը խոսել է պատերազմում պարտվելու եւ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի մասին:

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, որեւէ տրամաբանության, բանականության մեջ չի տեղավորվում: Սկսած հետպատերազմյան ժամանակաշրջանից, երբ կապիտուլյանտը ստորագրեց այդ խայտառակ հաշտության փաստաթուղթը, որը քննարկել էր Ալիեւի հետ եւ որի մասին վերջերս ակնարկեց Վլադիմիր Պուտինը: Դրա շարունակությունն այն ընտրական գործընթացն է, որը այսօր տեղի է ունենում: Այսինքն, խորհրդարանական ընտրությանը մասնակցում է այն մարդը, որը երկիրը հասցրել է կապիտուլյացիոն վիճակի, իսկ այսօր իր թիմով պայքարում է վերընտրվելու համար, փորձում է նաեւ գնահատականներ տալ: Տրամաբանությունից դուրս է այսօր փողոցներում մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը, երաժշտական տարբեր միջոցառումներ կազմակերպելը եւ լայվ ցուցադրելը ու էլի նմանատիպ բազմաթիվ բաներ:

Այս ամենը նաեւ բոլորիս ամոթն է: Բոլորիս ամոթն է, որ մինչեւ օրս չունենք մեր հերոս նահատակների, գերեվարված տղաների, անհետ կորածների հստակ թիվ եւ չգիտենք, թե առհասարակ ինչ է կատարվում այսօր: Դրա ապացույցն է, որ տղաների աճյունները, մասունքները մի դիահերձարանից տեղափոխվում են մեկ այլ դիահերձարան: Աշխարհում նման բան ուրիշ ոչ մի տեղ գոյություն չունի: Հայը երբեք չի վախեցել նահատակվելուց, մարտիրոսանալուց, հայը վախեցել է դավաճանության զոհ դառնալուց: Ու մենք բոլորս այլեւս մտածում ենք, թե ինչի տղերքը դավաճանության զոհ դարձան, որ փաստաթուղթը ստորագրվեց գիշերով, որի արդյունքում հողերը տղաների հետ հանձնվեցին ու  նրանք մնացին շրջափակման մեջ: Սա խայտառակություն է:

Հիմա այս մարդը, այս քաղաքական ուժը հպարտ է եւ ուղիղ նայում է մարդկանց աչքերի մեջ: Այստեղ իմ կարծիքով հոգեբույժի անհրաժեշտություն կա: Ժողովուրդը այլեւս պետք է հասկանա, որ այս ընտրությունները հող հանձնելու, հող հանձնողի, թուրքի հետ քիրվայություն անողի հետ կապված խնդիր է: Ի՞նչ է նշանակում, որ երկրի ղեկավարը փաստում է, որ թշնամու զինված ուժերի ավելի քան 600 զինվորներ մտել են ինքնիշխան պետության սահմանից ներս ոչ թե ծաղիկ հավաքելու, այլ քեզ ոչնչացնելու, ագրեսիայի նպատակով, ու ոչ մի գործողություն չի ձեռնարկում»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա նաեւ վստահություն հայտնեց, որ հունիսի 20-ից հետո իշխանության գալու են նոր, ազգային ուժեր: Բայց նաեւ մտահոգություն հայտնեց, որ այս իշխանությունը կարող է քաղաքացիական բախումներ հրահրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930