Այսօր ԱԺ-ում 2020-ի բյուջեի քննարկումների ժամանակ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի զեկույցը լսելուց հետո ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եզրակացրեց. «Հետպատերազմյան շրջանում իշխանության եւ կառավարման ճգնաժամը այնպիսին չի, ինչպիսին ներկայացվում է առանձին ԶԼՄ-ների եւ քաղաքական ուժերի կողմից: Շատ դեպքերում ասում են, որ երկրում անիշխանություն է, ուժային կառույցները ոչինչ չեն անում, բարեփոխումներ չեն անում»:
Քոչարյանը Ֆիդանյանին ասաց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները մեր հասարակությանը ամենաշատն են հետաքրքրում ու լավ կլիներ, որ շոշափելի արդյունքներ ցույց տային. «Կոռուպցիան, այնուամենայնիվ, հաղթահարված չի: Տեսնում ենք տարբեր քաղաքական պրոցեսների մեջ ներգրաված մարդիկ, որոնք այսպես թե այնպես մի օր պիտի պատասխան տան՝ այդ հսկայական անշարժ գույքը ինչի հետ է կապված, երբ որ դա չի բացատրվում որեւէ բիզնես միջավայրի ներգրավվածությամբ»:
Ըստ Քոչարյանի, դա այն հիմնական խոչընդոտն է, որը թույլ չի տվել զարգացում ապահովել ավելի արագ ու հաղթանակ կերտել: Ֆիդանյանը, խոսելով լատենտային հանցագործությունների մասին, ասաց, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները աճել են 12 տոկոսով: Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը նույնպես աճել են. «Իսկ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները նվազել են՝ պայմանավորված այն իրավիճակով, որը կա մեր երկրում, դա անհերքելի փաստ է»,- ասաց Ֆիդանյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ