Մեդիափորձագետ Սերգեյ Չամանյանն այսօր խոսելով ներկա իրավիճակում լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ ուղղված բռնությունների մասին նշեց, որ դա վերջին երեք տարում ամենաթողության եւ անպատժելիության հետեւանք է:
«Միայն անցած տարի արձանագրվել է լրագրողների գործունեությունը խոչընդոտելու՝ վիրավորանքներ, սպառնալիքներ, այդ թվում՝ լրագրողների ընտանիքների անդամների հասցեին, 120-ից ավելի դեպք, եւ ոչ մի արձագանք ոչ իրավապահ մարմիններից, ոչ ռեժիմից: Սա բերում է նրան, որ ամեն տեսակի մանր-մունր թափթփուկներ, ընդհուպ, իրենց թույլ են տալիս մտածել, որ լրագրողի աշխատանքը ոչ միայն կարեւոր չէ, այլ նաեւ խանգարում է իրենց՝ կառուցել սեփական պուճուրիկ իմպերիան: 2021 թվականին մենք արդեն փաստագրված մոտ 37 դեպք ունենք միայն Ազգային Ժողովում, երբ լրագրողի աշխատանքի բնականոն ընթացքը խոչընդոտվում, նաեւ չէր թույլատրվում ազգընտիրների կողմից: Այստեղ չեմպիոնը Անդրանիկ Քոչարյանն է, որը ոչ միայն վիրավորական բառեր է ասում լրագրողների հասցեին, այլեւ իրեն թույլ է տալիս սպառնալիքներ հնչեցնել: Իսկ էթիկայի հանձնաժողովը ԱԺ-ում գոյություն ունի միայն գոյություն ունենալու համար, քանի որ բազմաթիվ դիմումները ներկայացվել են, որոնք այդ հանձնաժողովը նույնիսկ վարույթ չի ընդունել՝ համարելով, որ դրանք այն դեպքերը չեն, որոնցով ինքը պետք է զբաղվի:
Լրագրողների մասնակցությունը, ներկայությունը ցույցերին, միտինգներին հիմնական միջոցն է՝ ինֆորմացիա ապահովելու քաղաքացիների համար, որոնք չեն մասնակցում, հեռու են գտնվում իրադարձությունների վայրից: Բայց վերջերս նկատվել են դեպքեր, երբ լրագրողներ ոչ միայն չեն դիտարկվում որպես լրագրող, այլեւ հատուկ նրանց նկատմամբ գործադրվում է ուժ: Օրինակ, վերջերս Հանրապետության հրապարակում, երբ կանանց ցույցին ներկա են եղել լրագրողներ եւ մի աղջիկ լրագրողի ոստիկաններն ուղղակի հարվածել են: Կադրերը կան, ամեն ինչը կա, բայց այդ ամենը ներկայացվեց, իբրեւ այդ աղջիկն ինքն իրեն է հարվածել: Մենք բոլոր փաստաթղթերը պատրաստել ենք, դիմել ենք միջազգային կառույցներ, որոնք դա ֆիքսել են, բայց ի զորու չեն ոչինչ անել Հայաստանի տարածքում, եթե Հայաստանի իրավապահ եւ պատկան մյուս մարմինները չեն ուզում աշխատել»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
— Ո՞ր դասի մեջ մտցնեմ նրան, — և նրա գիտակցության մեջ քանի գնում, այնքան որոշակի էր դառնում «կիսատռան» անունը։
Զինվորական բառապաշարի մեջ «տռան» բառը վաղուց ի վեր մեծ սեր էր վայելում։ Այդ պատվավոր անունը տրվում էր գլխավորապես գնդապետներին կամ տարեց կապիտաններին ու մայորներին։ «Տռան» -ը «քնձռոտ ծերուկ» մականվան հաջորդ աստիճանն էր… Առանց այդ մակդիրի «ծերուկ» -ը փաղաքշական անուն էր համարվում այն ծեր գնդապետի կամ մայորի համար, որը թունդ գոռգոռում, բայց իր զինվորներին սիրում և պաշտպանում էր մյուս գնդերից, մանավանդ օտար պարեկներից, որոնք նրա զորամասի զինվորներին գինետներից դուրս էին հանում, երբ նրանք այնտեղ նստում էին սահմանված ժամանակից ավելի։ «Ծերուկը» զինվորների մասին հոգում էր, հետևում, որ ճաշը լավ լինի։ Սակայն նա անպայման որևէ թուլություն էր ունենում, և երբ թուլությունը բռնում էր՝ էլ պրծավ։ Դրա համար էլ նրան «ծերուկ» էին անվանում։
Բայց եթե «ծերուկը» իզուր տեղը բծախնդրություն էր անում զինվորների և ենթասպաների նկատմամբ, գիշերային վարժություններ ու նմանօրինակ բաներ սարքում, ապա նա սոսկական «ծերուկից» դառնում էր «անպիտան ծերուկ» կամ «նողկալի ծերուկ» ։
Անպիտանության, բծախնդրության ու հիմարության բարձրագույն աստիճանը արտահայտվում էր «տռան» բառով։ Այդ բառն իր մեջ ամփոփում էր ամեն ինչ։ Բայց քաղաքացիական տռանի և զինվորական տռանի միջև մեծ տարբերություն կար։
Առաջինը, քաղաքացիականը, նույնպես պետ է հանդիսանում, և սովորաբար հիմնարկներում նրան այդպես անվանում են ցրիչներն ու աստիճանավորները։ Նա ֆիլիստեր-բյուրոկրատ է, որը հանդիմանում է, օրինակ, այն բանի համար, որ սևագրությունը ծծանով լավ չեն չորացրել և այլն։ Նա բացառիկ ապուշ է և անասուն, ավանակ, որը խելոք է ձևանում, ցույց տալիս, թե իբր ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ կարողանում է բացատրել, և, բացի դրանից, բոլորից նեղանում է։
Ով զինվորական ծառայության մեջ եղել է, նա, իհարկե, հասկանում է այդ տիպի և զինվորական մունդիր կրող տռանի միջև եղած տարբերությունը։ Այստեղ այդ բառը նշանակում էր այնպիսի ծերուկ, որը եղել է իսկական անպիտան ծերուկ, որը շարունակ զոռով փորձանքի մեջ է ընկել և, այնուամենայնիվ, ընկրկել ամեն մի խոչընդոտի առաջ։ Նա զինվորներին չի սիրել, ապարդյուն պայքարել է նրանց դեմ, զինվորների մեջ ձեռք չի բերել այն հեղինակությանը, որ վայելում է սոսկական «ծերուկը» և մասամբ «նողկալի ծերուկը» ։
Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»