Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն օգնելու է Հայաստանի ու Արցախի այն երեխաներին, որոնք ունեն մանկական քաղցկեղ և արյան խնդիրներ

Հունիս 01,2021 15:07

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը (www.hfc.am, https://www.facebook.com/hfcarmenia/):

Այս տարի ծանր պայմաններում ենք դիմավորում երեխաների պաշտպանության միջազգային օրը, քանի որ բազում երեխաներ կորցրել են իրենց հայրերին ու հարազատներին, հազարավորները տեղահանվել են իրենց սիրելի բնակավայրերից, տասնյակ հազարավորները դեռ երկար ժամանակ կրելու են պատերազմի ֆիզիկական ու հոգեբանական դաժան հետևանքները: Ես ինքս տեսել եմ պատերազմի արհավիրքը՝ նախորդ պատերազմում կորցնելով զինվոր հայրիկիս, այնուհետև՝ տեսողությունս: Երբ վեց տարեկանում ստեփանակերտյան մեր բակում հայտնված ականի պայթյունից ծանր վիրավորվեցի ու զրկվեցի տեսողությունից, օրեր շարունակ բժիշկները պայքարում էին կյանքիս համար: Դրանից հետո նույնպես քիչ զրկանքների չեմ առերեսվել, սակայն կարողացա սերտել կյանքի գլխավոր դասը, այն է՝ ոչ մի զրկանք չի կարող կոտրել մարդու երազելու և պայքարելու կամքը, ընդհակառակը՝ զրկանքները նաև հնարավորություններ են կյանքն արժևորելու, բարին գործելու և կամքը կոփելու համար:

Եվ իմ ողջ գիտակից կյանքում, անկախ կարողություններից ու կարգավիճակից, առաջնորդվել եմ նաև այդ դասով ու այլոց հանդեպ սրտացավությամբ՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով խոցելի երեխաների խնդիրները: Մեկ անգամ իմ կյանքը փրկվել է բժիշկների նվիրյալ ջանքերով, և ես վստահ եմ, որ ոչ մի երեխայի կյանք չպետք է ընդհատվի նյութական միջոցների կամ մասնագիտական կարողությունների սղության պատճառով:

Այժմ մեր սիրելի Արմեն Արմոս Մարտիրոսյանի նախաձեռնությամբ և մի խումբ ընկերների աջակցությամբ հիմնվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, և թիմի կողմից հոգաբարձուների խորհրդի նախագահ եմ ընտրվել ես, ինչը մեծ պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար: 11 տարվա ընթացքում Արմենի շուրջ բազմաթիվ ընկերներ ու սրտացավ անձինք են հավաքվել՝ անհատական դրամահավաքների միջոցով աջակցելով կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող մոտ 400 երեխայի և զգալիորեն նպաստելով նրանցից շատերի կյանքի փրկության սուրբ գործին: Այսուհետ այդ ջանքերը ստանում են շատ ավելի ինստիտուցիոնալ ու արդյունավետ բնույթ՝ և՛ դրամահավաքների կազմակերպման, և՛ միջազգային կապերի ստեղծման, և՛ մասնագիտական կարողությունների զարգացմանն ու պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն աջակցելու առումներով:

Այսպիսով, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն օգնելու է Հայաստանի ու Արցախի այն երեխաներին, որոնք ունեն մանկական քաղցկեղ և արյան խնդիրներ, երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք, քրոնիկ շնչառական խնդիրներ, իմունային համակարգի խանգարումներ և կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ:

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր պաշտոնական կայք՝ www.hfc.am հասցեով:

Ահռելի գործ ունենք անելու, որը հնարավոր կդառնա միմիայն բոլորիդ շնորհիվ, յուրաքանչյուր աջակցությունը՝ լինի ֆինանսական, մասնագիտական, կամավորական, թե մեկ այլ տեսքով, չափազանց կարևոր է: Հիմնադրամի գործունեությանն առնչվող ցանկացած հարցով կարող եք գրել Արմենին, մեծ սիրով պատրաստ ենք քննարկել համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են օգնել հիմնադրամի նպատակների իրագործմանը: Մեզ համար կարևոր է, որ դուք այս ամենը համարեք ձեզնից յուրաքանչյուրինը, ձեզ համարեք այս հարթակի անբաժան մասը:

www.hfc.am կայքում հնարավորություն ենք ստեղծել նաև բաժանորդագրվելու և միանվագ ու ամսական պարբերական նվիրատվություններ կատարելու, որի միջոցով կարող եք Ձեր ներդրումն ունենալ կյանքի համար պայքարող երեխաներին ապրելու հնարավորություն տալու կարևոր գործում:

Շնորհակալություն, որ մեզ հետ եք: Վստահ եմ, որ միասին մեծ հաջողությունների ենք հասնելու՝ փրկելով ու բարելավելով բազմաթիվ երեխաների կյանքեր:

Շնորհավո՛ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը. թո՛ղ ոչ մի երեխա այլևս չտեսնի արհավիրքներ, զրկանքներ ու հիվանդություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930