«Ֆեյսբուք» ընկերությունն այսօր հայտարարել է, որ ընդլայնում է գործընկերությունը «FactCheck Georgia» փաստերի ստուգման անկախ հարթակի հետ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հայերենով ստեղծված կեղծ բովանդակության տարածումը կանխելու նպատակով: Վրացական «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված է անկողմնակալ մարմնի՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից, առաջիկա երկու ամիսներին՝ հունիս-հուլիսին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում:
«Ֆեյսբուքի» փաստերի ստուգման ծրագրում ներգրավված է ավելի քան 80 գործընկեր ամբողջ աշխարհից, ովքեր իրականացնում են շուրջ 60 լեզվով ստեղծված բովանդակության ստուգում: Այս գործընկերները կարևոր դեր են կատարում տարածվող ապատեղեկատվության բացահայտման գործում: Երբ փաստերի ստուգողը տեղեկատվությունը որակում է որպես կեղծ, «Ֆեյսբուքը» նախազգուշական նշան է կցում բովանդակությանը և նշանակալիորեն նվազեցնում դրա տարածումը: Հաճախակի կեղծ լուրեր շրջանառող, էջերի ու դոմեյնների բովանդակության տարածումը ևս կկրճատվի և նրանք կզրկվեն գովազդի և մոնետիզացիայի հնարավորությունից:
Համագործակցելով միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ և, գերակայությունը տալով վայրերին, որտեղ սպասվում են ընտրություններ, ուր ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի, մենք որոշել ենք ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելով նաև Հայաստանում:
«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել համագործակցությունը «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելու նաև Հայաստանում: Մինչ այս հայտարարությունը, մենք հաշվի ենք առել մի շարք գործոններ, որոնք վերլուծել էինք փաստերի ստուգման ծրագրի մեկնարկից առաջ: Հայաստանյան գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (MIC) առանցքային աշխատանքը կօգնի մեզ նվազեցնել հայերենով ապատեղեկատվության տարածումը մեր հարթակներում»,- ասել է «Ֆեյսբուքի» Ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Սոֆի Այերսը:
Կարդացեք նաև
«Ֆեյսբուքն» ունի ապատեղեկատվության դեմ պայքարի երեք փուլանի ռազմավարություն: Առաջին՝ տեղեկացնել մարդկանց՝ տալով նրանց ավելի շատ տեղեկատվություն այն հրապարակումների մասին, որոնք նրանք տեսնում են: Երկրորդ՝ նվազեցնել կեղծ լուրերի և ոչ հավաստի բովանդակության տեսանելիությունը, և երրորդ՝ ջնջել բովանդակությունը, որը դեմ է «Ֆեյսբուքի» և «Ինստագրամի» Համայնքի ստանդարտներին ու գովազդային քաղաքականությանը :
Այս ռազմավարությունը, հատկապես կարևոր է առողջապահական ուղղվածության ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում: Համավարակի առաջին օրերից սկսած՝ «Ֆեյսբուքը» ջնջել է ավելի քան 18 միլիոն միավոր բովանդակություն, որոնք դեմ են եղել COVID-19-ի առնչությամբ «Ֆեյսբուքի» որդեգրած կանոններին և պարունակել են պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն:
Փաստերի ստուգման ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով : Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Փաստերի ստուգման միջազգային ցանցի մասին՝ այստեղ , իսկ կառույցի Սկզբունքների կանոնագրքի մասին՝ այստեղ :
«Ֆեյսբուքի» մամուլի ծառայություն