Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային գիտակները միակարծիք են՝ Հայաստանի ֆուտբոլի անցած առաջնությունը հաջողվեց

Հունիս 01,2021 14:26

Այս անգամ Հայաստանում վերջերս ավարտված ֆուտբոլային առաջնությունը հաջողվեց՝ մինչեւ վերջին պահը պարզ չէր, ով կդառնա չեմպիոն եւ միայն վերջին տուրում ի հայտ եկավ հաղթողը՝ «Ալաշկերտ» ակումբը:

Բայց ամեն ի՞նչ այդպես լավ է մեր ֆուտբոլային թագավորությունում, ի՞նչ բացթողումներ նկատվեցին: Հայաստանի առաջնության, կամ ինչպես հիմա են անվանում, Պրեմյեր Լիգայի արդյունքներին էր նվիրված Հայաստանի ֆուտբոլային գիտակների ակումբի /ՀՖԳԱ/ երրորդ քննարկումը, որը անցավ մայիսի 30-ին՝ «Առագաստ» սրճարանում, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի կազմակերպմամբ:
Այս անգամ ֆուտբոլային գիտակների քննարկմանը մասնակցում էր հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ» ակումբի եւ ԽՄՀՀ հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանը: Քննարկմանը իրենց մասնակցությունը բերեցին նաեւ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, Ֆուտբոլ+ շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սլավիկ Սարգսյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, Ֆուտբոլ+ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը եւ ՀՖԳԱ հիմնադիր եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Արթուր Սողոմոնյանը գտնում է, որ իրոք առաջնությունը հետաքրքիր ստացվեց, այս անգամ քիչ էր պայմանավորված խաղերը, մրցաշարի առաջատարներ դարձան այն թիմերը, որոնք ամբողջ մրցումների ժամանակ կայուն խաղ ցուցադրեցին: Նրա կարծիքով, առաջնությունում չկային ակնհայտ հետնապահներ: Առաջին անգամ կգործի Կոնֆերենցիաների լիգան եւ հայկական չեմպիոնը լավ հնարավորություններ ունի իրեն այնտեղ դրսեւորելու: «Փյունիկ» ակումբի սեփականատերը վստահ է, որ ֆուտբոլը երկրում զարգանում է: Միաժամանակ Սողոմոնյանի կարծիքով դեռ շատ աշխատանք կա անելու, մասնավորապես, հայկական ակումբներում լեգիոներների քանակի կրճատման հարցում: Ինչ վերաբերում է «Փյունիկ»-ի ելույթներին, ապա թիմի սեփականատերը ասեց, որ թիմը առաջնության առաջին կեսում այնքան էլ հաջող ելույթ չունեցավ , սակայն երկրորդ շրջանում ակումբը որոշ շտկումներ մտցրեց իր խաղում եւ հանդես եկավ ավելի վստահ: Նա հույս հայտնեց, որ հաջորդ առաջնությունը ավելի հետաքրքիր կլինի, մանավանդ, որ բարձրագույն խմբում հանդես կգա «Սեւան» մարզային թիմը:

Խորեն Հովհաննիսյանը վստահ է, որ հայրենական ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ լավ առաջին լիգա, որի շրջանակներում կխաղան գոնե 10 թիմեր եւ որ այնտեղ մասնակցեն տարբեր ակումբներ, այլ ոչ թե ակումբների երկրորդ թիմերը: Չէ՞ որ ամուր եւ ուժեղ տեղական ֆուտբոլի համար անհրաժեշտ է լավ բազա առաջին լիգայի տեսքով: «Դիտել եմ տեղական առաջնության մի քանի խաղ եւ ստացել եմ հաճույք, սակայն միջազգային չափանիշներից դեռեւս հետ ենք մնում», – ասեց հայկական ֆուտբոլի լեգենդը:   Նրա կարծիքով, բավարար չէ բարձրագույն խմբում ունենալ այդպիսի քանակով ակումբներ՝ 8, պետք է լինի գոնե 12, ինչը հնարավորություն կտա ֆուտբոլիստներին ունենալ ավելի շատ խաղային պրակտիկա:  Նա գտնում է, որ սպորտային մրցակցության համար անհրաժեշտ է այնպիսի առաջնություն անցկացնել, որտեղ վերջին տեղ գրաված թիմը զիջի իր տեղը առաջին լիգայի հաղթողին, իսկ բարձրագույն խմբում նախավերջին տեղը գրաված թիմը պետք է անցումային խաղեր անցկացնի առաջին լիգայում երկրորդ տեղը գրաված թիմի հետ:

«Աննախադեպ հետաքրքիր եւ լարված առաջնություն ստացվեց; Երկու տուրից առաջ մինչեւ ավարտը աղյուսակը գլխավորում էր «Նոա» թիմը եւ հայտնի չէր, ով է դառնալու չեմպիոն: Կայուն խաղ ցույց տվեցին առաջնության ամբողջ ընթացքում միանգամից մի քանի՝ «Ալաշկերտը», «Նոա», «Ուրարտու», «Արարատ»,  «Արարատ Արմենիա»» ակումբներ, սակայն «Ալաշկերտի» հաղթանակում մեծ էր այդ ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի ավանդը, ով կարողացավ թիմում հավաքել ուժեղ կազմ: Կարելի է ասել, որ առաջնությունը հաջողվեց», – հայտարարեց Սուրեն Բաղդասարյանը: Նրա խոսքերով,  թեպետ հայկական ակումբները զգալիորեն զիջում են միջազգային չափանիշներով արտասահմանյան թիմերին, սակայն կարելի է ասել, որ առաջնությունը կայացել է: Փորձառու մասնագետը անդրադարձավ նաեւ այն անընդունելի փաստին, որ երկու հայտնի ակումբներ առաջնության ընթացքում լքեցին այն՝ « Լոռին»  եւ  «Գանձասար-Կապանը», ինչը մտածելու տեղիք է տալիս ՀՖՖ համար:

Նա բարձրաձայնեց նաեւ այն նախադեպի մասին, որ առաջնության ընթացքում մեծ քանակով ֆուտբոլիստներ, հավանաբար, ըստ ներքին պայմանավորվածության «Շիրակ» թիմից անցան Երեւանի «Արարատ» ակումբ, ինչը զգալիորեն ուժեղացրեց վերջինիս խաղը: Դա նույնպես անընդունելի է եւ տեղին էր պատժել ակումբներին այդպիսի քայլի համար, իսկ հետագայում պետք է բացառել նման պրակտիկան:

Այո, մեր ընտրանին Ազգերի լիգայում հասավ հաջողության` առաջին անգամ հաղթելով խմբային փուլում, ներկայումս միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը աշխարհի առաջնության ընտրական փուլի ընթացքում։ Բայց հավաքականն առանց ուժեղ ներքին առաջնության, վաղ թե ուշ, կանգնելու է խնդիրների առաջ եւ պետք չէ այդկերպ արհեստականորեն նվազեցնել մրցակցությունը ակումբների միջեւ, նշեց Տ.Հովհաննիսյանը:

Բաղդասարյանը վստահ է, որ հայկական ֆուտբոլում անհրաժեշտ է ներմուծել VAR համակարգը, ինչը թույլ կտա խուսափել մրցավարական սխալներից: Խ.Հովհաննիսյանը, որպես ՀՖՖ-ի նախագահի խորհրդական հավաստիացրեց, որ հաջորդ առաջնությունում այդ համակարգը կներդրվի:

Աշոտ Մարտիրոսյանը գտնում է, որ առաջնությունում հաղթեց թիմը, որը ցույց տվեց ամենակայուն խաղը, մեկտեղ նորից արտահայտվելով լեգիոներների քանակի կրճատման օգտին: Նա փաստեց, որ «Ալաշկերտը» դարձավ չեմպիոն, ունենալով իր կազմում  ամենատարեց ֆուտբոլիստների քանակը: Սակայն ակումբը չունի երկրորդ թիմ, ինչը այնքան էլ դրական չի կարելի գնահատել ակումբի զարգացման տեսանկյունից:

Սլավա Սարգսյանը համաձայն է նրա հետ, որ Հայաստանի ֆուտբոլի ներքին առաջնությունը հետաքրքիր էր եւ չեմպիոնը ի հայտ եկավ ամենաարդար ձեւով, երեւում է, որ ակումբի ղեկավարությունը տարել է զգալի աշխատանք: Միակ բացասական կողմը նա նշեց այն, որ առաջնության շրջանակից դուրս մնացին թիմերը մարզերից, իսկ ներկա առաջնությունը կարելի անվանել համարյա երեւանյան: Նա վստահ է, որ ՀՖՖ պետք է լայնացնի ֆուտբոլի աշխարհագրությունը, զարգացնելով սիրված սպորտաձեւը նաեւ մարզերում: Նրա կարծիքով դարձյալ հրատապ է լեգիոներների քանակի կրճատումը հայկական ակումբներում, քանի որ տեղացի ֆուտբոլիստները չեն ընդգրկվում թիմերի կազմերում: Անհապաղ պետք է լուծել նաեւ երկու ԲԿՄԱ ակումբների ստեղծման հարցը, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները զորակոչից հետո «չանհետանան», ունենալով խաղային պրակտիկա:

Մենուա Մեհրաբյանը անկեղծ խոստովանեց, որ իսպանական Լա Լիգայից զատ նա ուշադիր հետեւում է նաեւ հայկական առաջնության խաղերին, ընդգծելով, որ որակական առումով այն լավն է, սակայն կան նաեւ բացասակն կողմեր: Մասնավորապես, նա նշեց մրցավարության ցածր որակը, լեգիոներների թվի ավելացումը:

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930