Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն վարչապետի լիազորությունները պահելը արդեն քրեաիրավական հետեւանք պետք է ունենա». Արա Զոհրաբյան

Հունիս 01,2021 13:36

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանների պաշտոնեական լիազորություններն անցնելու կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է. «2021 թվականի մայիսի 20-ին վարչապետի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի սահմանների սահմանազատման առնչությամբ փաստաթուղթ ստորագրելու հայտարարությամբ առաջացած դժգոհությունից նույն օրը ժամը 17.00-ից սկսված ինքնաբուխ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանները Բաղրամյան պողոտայում ֆիզիկական ուժ են կիրառել, այդ թվում՝ մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Բերման ենթարկված մասնակիցներից մի քանիսին ոստիկանների կողմից պատճառվել են մարմնական վնասվածքներ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով»:

«Զարթոնքի» ընտրական ցուցակի առաջին համար, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք վերջին իրադարձություններից հետո վստահո՞ւմ են իրավապահ համակարգին` նման հաղորդում ներկայացնելով:

«Բոլոր դեպքերում դա է իրավական ճանապարհը: Մենք ունենք նաեւ դատական համակարգ, որը վերահսկողություն է իրականացնում դատաքննության եւ հետաքննության գործընթացների նկատմամբ, եւ եթե իրենք փորձեն ինչ-որ բան այլ ուղղությամբ տանել, մենք կփորձենք դատական կարգով մեր իրավունքների պաշտպանությանը հասնել: Բոլոր դեպքերում չվստահելը բավարար չէ` առաջ չգնալու համար»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Հարցրինք նաեւ, թե ի՞նչ կարծիքի է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջերս ունեցած ելույթի մասին, որը համեմված էր «ատամները փշրել», «դուրսպրծուկ» եւ այլ արտահայտություններով:

«Ինքը որպես վարչապետի պաշտոնակատար չի էլ կարող հանդես գալ, որովհետեւ իր լիազորությունները դադարեցված են, իսկ այդ արտահայտությունները, բնականաբար ատելության խոսք են պարունակում իրենց մեջ…Միայն վարչապետի լիազորությունները պահելը արդեն քրեաիրավական հետեւանք պետք է ունենա, առավել եւս, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը նաեւ ատելության խոսք է տարածում»,-ասաց Արա Զոհրաբյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930