«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հանդիպել են Արմավիրի մարզի Գայ և հարակից համայնքների բնակիչների հետ։
Տեղացիներից մեկը հարցրեց Էդմոն Մարուքյանին՝ ինչո՞ւ բոլորով չմիավորվեցին, որպեսզի հեռացնեն գործող իշխանությանը։ Էդմոն Մարուքյանն այսպես բացատրեց․ «Ամեն ուժ ունի իր գաղափարախոսությունը, ծրագիրը, մոտեցումները։ Մենք ժողովրդի պատգամը կատարողն ենք։ Մեզ ժողովուրդն անդադար ասել է՝ չմիանաք որեւէ ուժի»։
Մի երիտասարդ էլ բարձրաձայնեց, որ իրենց համայնքն ու հարակից 9 համայնքները խնդիրներ ունեն՝ լուսավորություն, աղբահանություն․ «Մեզ հիփոթեկային վարկեր չեն տրամադրում, որ կարողանանք բնակարան գնել կամ կառուցել։ Սա ամենակարեւոր խնդիրներից է։ Երեսուն տարում մենք չորս իշխանություն ենք ունեցել, եւ որեւէ մեկը քարոզարշավի ժամանակ չի եկել ու հարցրել, չի լսել, թե ինչ խնդիրներ ունենք։ Հուսանք՝ կաջակցեք»։ Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ իրենք համաչափ տարածքային զարգացման հետ կապված շատ են աշխատել եւ շարունակելու են աշխատել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ