Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ոմանք «միջանցք» ասելով նկատի ունեն սուվերենության հետ կապված որեւէ բան, ապա վստահեցնեմ, որ դա բացառվում է»․ Մհեր Գրիգորյան

Հունիս 01,2021 11:56

Տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այսօրվա դրությամբ չեն շարունակվում, եւ պատճառը մասնավորապես ՀՀ տարածք Ադրբեջանի ապօրինի ներխուժումն է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքային խմբում հայկական կողմի ներկայացուցիչ, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ «Դրանք արդյունավետ կլինեն մի դեպքում, երբ իրավիճակը լինի առնվազն կայուն։ Սահմանային իրադրության պայմաններում չեմ կարծում, որ կառուցողական աշխատանք հնարավոր է այդ հարթակում։ Վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են»,-տեղեկացրեց Մհեր Գրիգորյանը։

Ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում առաջընթաց կա, Մհեր Գրիգորյանը շեշտեց․ «Նորից վստահեցնեմ, որ միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել եւ չի քննարկելու։ Հնարավոր էլ չի քննարկել նման հարց։ Եթե միջանցք ասելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե նկատի ունեն սուվերենության հետ կապված որեւէ բան, ապա վստահեցնեմ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայկական կողմն ինչպե՞ս է տարբերակում «միջանցք» եւ «տրանսպորտային ապաշրջափակում» հասկացությունները։ Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Իսկ դուք «միջանցք» ասելով ի՞նչ եք հասկանում։ Մի բան կվստահեցնեմ՝ եթե որեւէ մեկը «միջանցք» ասելով ենթադրում է սուվերենության հետ կապված որեւէ աստիճանի ազդեցություն, ապա դա բացառված է»։ Ճշտող հարցին ի պատասխան, թե որն է պարբերությունն այդ հասկացությունների, փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ընկալումները տարբեր են․ «Մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին է խոսքը՝ ապաշրջափակման պարագայում։ Կամ կլինի ապաշրջափակում՝ մեր սուվերեն, լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կամ չի լինի»։ Հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ի՞նչ զորքեր են կանգնելու, Մհեր Գրիգորյանը հակադարձեց՝ «զորքեր չեն լինելու»։

Թե Ադրբեջանն ինչ պայման է առաջադրում, որը հնարավոր է՝ «միջանցք» անվան տակ վնասի ՀՀ սուվերենությանը, Մհեր Գրիգորյանն ընդգծեց․ «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեք։ Մենք ասում ենք, որ չկա միջանցքային քննարկում։ Եռակողմ հանձնաժողովում մինչեւ այս պահն օգտագործվել են եւ կօգտագործվեն հունվարի 11-ի հայտարարության տերմինները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930