«Ճիշտ կլինի հարցն ուղղեք պարոն Այվազյանին, որովհետեւ ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որում նման խնդիր ընդհանրապես գոյություն ունի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով ԱԳ նախարարի պաշտոնից Արա Այվազյանի հրաժարականի հայտարարությունը։
«Բնականաբար, բոլորիս համար առաջնային են ազգային շահերը, որեւէ առիթ չեմ տեսնում, բայց, այնուամենայնիվ, եթե կա նման միտք, ապա ճիշտ կլինի հարցն ուղղել պարոն Այվազյանին»,-հորդորեց նա։
Նկատառմանն ի պատասխան, որ Արա Այվազյանի հրաժարականին նախորդել էր անվտանգության խորհրդի նիստը, եւ գուցե հրաժարականը վկայում է այն մասին, որ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ կա, Մհեր Գրիգորյանը նշեց․ «Բացառեք դա։ Եկեք հասկանանք պահի լրջությունը։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է անվերջ լուրեր տարածել, թե կա գաղտնի փաստաթուղթ։ Չկա նման բան։ Ինչ-որ քննարկվում է, առավելագույնս հրապարակային է։ Վստահեցնեմ, որ չի էլ կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի եւ հանրայնորեն չքննարկվի։ Նման շահարկումներն ավելորդ են»։
Հիշեցնենք, որ Արցախի հարցով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, Սյունիքում Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վերահսկողությանը վերաբերող եւ ՀՀ-Ադրբեջան սահմանազատմանը-սահմանագծմանը վերաբերող փաստաթղթերը հանրայնորեն չեն քննարկվել եւ հայտնի են դարձել արտահոսքի արդյունքում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ