Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ: Այս տարվա կարգախոսն է՝ «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»:
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝ ամեն տարի ծխախոտը սպանում է մեր երկրի ավելի քան 5 500 բնակչի: Այդ մահերի 52%-ը 70 տարեկանից ցածր անձանց շրջանում է: Ծխող հասարակություն ունենալով Հայաստանն էլ տարածաշրջանում առաջատարներից է: Մեզ մոտ, ըստ 2019 թվականի վիճակագրական տվյալների, բնակչության 25,6%-ը կանոնավոր ծխող է, որից 52 %-ը տղամարդիկ են։
Այսինքն՝ ստացվում է, որ մեր հասարակությունը լավ չի պատկերացնում ծխելու վտանգն ու վնասակարությունը: Ծխողները լուրջ չեն վերաբերվում ծխելու հետ կապված թե՛ առողջապահական, թե՛ սոցիալական խնդիրներին ու դրանց հետևանքներին: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանցի կարծիքով՝ ծխախոտի օգտագործումը մեր հասարակության մեջ կեղծ արժեհամակարգի բնույթ է կրում, այն բնորոշվում է նաև որպես ինքնահաստատման միջոց:
«Ցանկացած կախվածություն ազդում է մարդու գլխուղեղի կոնկրետ համակարգի վրա, որոնք կարգավորում են մարդու ընդհանուր կենսագործունեությունը: Այս պարագայում ծխախոտը ազդում է գլխուղեղում առկա նիկոտինային ընկալիչների վրա և առաջացնում կախվածություն: Եթե համեմատենք մնացած կախվածությունների հետ, ծխախոտը ավելի հասանելի է: Այդ պատճառով մեր բնակչության շրջանում դրա օգտագործումը շատ ավելի շուտ է սկսվում, քան, օրինակ, թմրամիջոցների օգտագործումը: Ծխախոտը տղամարդկանց շրջանում ինքնադրսևորվելու ձև էլ է, մարդիկ մտածում են՝ ես ծխում եմ, ուրեմն տղամարդ եմ»,- մեզ հետ զրույցում նշեց մասնագետը:
Կարդացեք նաև
Ըստ Նազինյանի՝ մեր երկրում ծխողների մեծամասնությունը կազմում են միջին տարիքի մարդիկ, բայց դեռահասները, ուսանողական տարիքում գտնվող երիտասարդները նույնպես ծխողների շարքում են, իսկ դրան նպաստում է նաև ընտանիքում այդ երևույթի նկատմամբ վերաբերմունքը: Մասնագետը շեշտում է հասարակության մեջ տարածվող հատկապես այն երևույթը, երբ շատ հայրեր իրենց դեռահաս տղաներին սովորեցնում են խմիչք օգտագործել կամ երկու–երեք տարեկան երեխային լուսանկարում են ծխախոտի հատիկը ձեռքին:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն էլ այս տարվանից է նախապատրաստվել, որպեսզի այսուհետ կարողանա օգնություն տրամադրել այն անձանց, ովքեր ցանկանում են հրաժարվել ծխելուց: Անձը կարող է ծխելու դադարեցնելու համար ստանալ և հոգեբանական, և դեղորայքի միջոցով աջակցություն: Ծխելուց հրաժարվելու ընթացքում անձը զգում է գերազանցապես հոգեբանական դիսկոմֆորտ:
Նշենք նաև, որ առողջապահության նախարարությունն այս տարվա հունվարից գործարկել է հակածխախոտային թեժ գիծ, որին կարող են զանգահարել այն անձինք, ովքեր ցանկանում են հրաժարվել ծխելուց:
Ըստ նրա՝ թեժ գծին այս ամիսների ընթացքում ծխելը դադարեցնելու համար դիմում են հիմնականում դեռահասները եւ տարեցները:
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: