Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվանագիտական դիրք» պահելու արվեստը

Հունիս 01,2021 11:00

Երբ երկարաժամկետ պետական շահերը քաղաքական հռետորաբանության զոհն են դառնում

«Ա՛յ, երբ ստանաք ձեր չունեցածի կեսը կամ երկու երրորդը, այդ ժամանակ կարող եք ձեզ դիվանագետ համարել»: Խոսքերի հեղինակը 20-րդ դարի նշանավոր դիվանագետ Անդրեյ Գրոմիկոն է: Ես տվյալ դեպքում մի կողմ եմ դնում գաղափարախոսությունը, ինչպես նաեւ Գրոմիկոյի մասնակցությամբ ընդունված սխալ, կասեի անգամ՝ հանցավոր որոշումները (մասնավորապես, 1979 թվականին խորհրդային զորքերը մուտքը Աֆղանստան): Խոսքը զուտ մասնագիտական մոտեցումների մասին է, որոնք առկա էին եւ առկա են այնպիսի դիվանագետների մոտ, որպիսիք են, օրինակ, Գրոմիկոն, Քիսինջերը, Լավրովը, ի հակադրություն իմպուլսիվ, ջղաձգային, դիլետանտական մոտեցումների, որոնք դրսեւորում է Հայաստանի ներկայիս ղեկավարը: Այնպես չէ, որ Հայաստանում այդ ոլորտի մասնագետներ չկան. ինչպես էլ վերաբերվենք Վարդան Օսկանյանին, Էդվարդ Նալբանդյանին, Զոհրապ Մնացականյանին, Արա Այվազյանին, ոչ մեկի լեզուն, կարծում եմ, չի պտտվի ասել, որ նրանք դիվանագետներ չեն՝ ԱԳՆ-ում հիմա էլ աշխատում են մի քանի տասնյակ փայլուն մասնագետներ: Խնդիրն այն է, թե որքանո՞վ է նրանց հետ հաշվի նստում երկրի առաջին դեմքը:

Այդ առումով նույն Գրոմիկոյի հետ կապված պատմում են, որ երբ խորհրդային ղեկավար Նիկիտա Խրուշչովը պետք է ընտրություն կատարեր, թե ում պետք է նշանակի երկրի արտգործնախարար, նրան առաջարկեցին մի քանի թեկնածուներ, բայց մեկի մասին ասացին, որ նա լայն մտահորիզոն ունի, խելացի է, տաղանդավոր է, դիվանագիտության աստղ է, եւ Խրուշչովը նախապատվություն տվեց հենց այդ մասնագետին՝ Անդրեյ Գրոմիկոյին: Իր՝ Խրուշչովի մասին դժվար է ասել, որ նա լայն մտահորիզոն ուներ կամ ինտելեկտուալ էր, բայց, հավանաբար, ինչ-որ բնատուր ինտուիցիայով հասկանում էր, որ այդ կարեւորագույն պաշտոնում պետք է լինի հենց այդպիսի մի անձնավորություն: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ընտրվել է ժողովրդի կողմից, այն էլ՝ հրճվալից աղաղակներով եւ «դըմփ-դըմփ-հո՜ւ»-երով, կարծում է, որ ամեն ինչից գլուխ է հանում, եւ իր կողքին որեւէ մասնագետ չպիտի լինի: Պետք է լինեն «թիմակիցներ», որոնք իրենց շեֆի օրինակով, գործ անելու փոխարեն, գերադասում են բոցավառ ճառեր արտասանել, խոսելու ընթացքում հեղափոխական տրանսի մեջ են ընկնում ու, անգամ արտաքին քաղաքական թեմաներով խոսելիս, պարտադիր հիշում են բոլոր ընդդիմախոսներին եւ «նախկիններին»՝ այդ ամենը շաղախելով «ժողովուրդ» մոգական բառի հետ:

Մինչդեռ դիվանագիտությունը պոպուլիզմի եւ դեմագոգիայի հետ որեւէ կապ չունի՝ այստեղ աշխատում է ուժերի փոխհարաբերությունների հետ կապված տասնյակ գործոնների հաշվարկը, եւ անհրաժեշտ է իմանալ, թե ինչը ու երբ պիտի ասվի հրապարակավ կամ ոչ հրապարակավ: Ըստ այդմ, բանակցությունն, ի վերջո, առեւտուր է. եթե դու ակնկալում ես տալ X-ը եւ ստանալ Y-ը, ընդ որում, ըստ Գրոմիկոյի բանաձեւի, երկրորդը պետք է առաջինից առնվազն 50 տոկոսով ավելի լինի, ապա դու չպիտի քո X-ի մասին մանրամասն խոսես, այն էլ՝ համայնքային կուսակցական ակտիվի ժողովին: «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը։ Խոսքը, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածի մասին է», – ասել է վարչապետը նման ժողովներից մեկի ժամանակ: Համեմատեք «հակառակ կողմի» հայտարարության հետ. «ադրբեջանական կողմը պատրաստ է Երեւանի հետ կառուցողական աշխատանքի»՝ չի խոսվում ոչ մի գծի, ոչ մի դիրքի, ոչ մի նահանջի մասին: Երբ դու բացում ես քարտերդ եւ հրապարակավ հայտարարում ես այն մասին, թե ինչ ես ուզում զիջել, հակառակ կողմը դա ֆիքսում է որպես «նվաճած դիրք» եւ ցանկանում է առաջ գնալ: «Սկսելով բանակցությունները՝ ոչ մի քայլ չնահանջել: Եթե ընդդիմախոսդ սկսել է նահանջել, արագ չհամաձայնել փոխզիջման, ձգտել իրավիճակից ստանալ առավելագույնը», – խորհուրդ էր տալիս Անդրեյ Գրոմիկոն:

Դուք գուցե ասեք, որ նա հզորագույն Խորհրդային Միության ԱԳ նախարար էր, իսկ մեր «խեղճուկրակ երկիրը»… Այդ դեպքում բերեմ մեկ այլ օրինակ: Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված Ճապոնիան հաստատ իր հզորությամբ զիջում էր նույն ԽՍՀՄ-ին, իսկ այնուհետեւ՝ Ռուսաստանին: Բայց այդ երկիրն առայսօր, այսինքն՝ 75 տարի անց, չի ընդունում պատերազմի արդյունքները եւ բոլոր առիթներով պնդում է, որ Կուրիլյան կղզիներից մի քանիսն իր ինքնիշխան տարածքն է, որը բռնազավթվել է Խորհրդային Միության կողմից: Ճապոնիան, բնականաբար, չի պատրաստվում այդ առիթով հարձակվել Ռուսաստանի վրա: Բայց նա շարունակում է «պահել իրավունքը», «պահել դիրքը»՝ չհամակերպվելով ներկայիս status quo-ի հետ: Եվ, օրինակ, 2019 թվականի հուլիսի 29-ին Ճապոնիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ՌԴ այն ժամանակվա վարչապետ Մեդվեդեւի՝ Կուրիլյան կղզիներ կատարվելիք այցի կապակցությամբ: 1981 թվականից սկսած, փետրվարի 7-ին ճապոնիայում նշվում է «Հյուսիսային տարածքների օրը»: Դուք կարո՞ղ եք պատկերացնել Ճապոնիայի որեւէ վարչապետի, որն, ի պատասխան, իր ընդդիմախոսների քննադատության, ասեր՝ «տո լավ է, Կուրիլյան կղզիների հերն էլ անիծած, ի՞նչ եք դրանցից կպել»:

Ադրբեջանն, ըստ էության, 26 տարի շարունակ ճիշտ այդպես էր վարվում: 1994 թվականի մայիսին մեզնից պարտություն կրելով՝ այդ պետությունը նշյալ ժամանակահատվածում հնարավորություն չուներ Արցախի վրա հարձակվելու: (Թե ինչու է դա ստացվել հենց Փաշինյանի իշխանության օրոք, առանձին խոսակցության առարկա է): Բայց այս 26 տարում ամեն րոպե եւ ամեն վայրկյան ոչ մի դիվանագիտական, ոչ մի միջազգային հարթակ չկար, որտեղ հակառակորդի կողմից չասվեր, որ «Ադրբեջանի 20 տոկոսը զավթված է Հայաստանի կողմից»: Հիմա էլ Ալիեւը, շարունակելով նույն գիծը, պնդում է, որ Զանգեզուրը, Սեւանը եւ Երեւանը նույնպես «ադրբեջանական հողեր են»:

Իսկ Հայաստանի վարչապետը ճիշտ հակառակն է անում՝ ըստ էության, հրաժարվելով Շուշիից, Շուռնուխի կեսից, Սեւ լճի 70 տոկոսից, մեր ինքնիշխան տարածքում գտնվող բարձունքից, չներառելով բանակցային փաթեթի մեջ մեր գերիների հարցը: Դա զգալիորեն թուլացնում է մեր բանակցային դիրքերը: Գործում է նույն սկզբունքը. այն, ինչից դու հրաժարվում ես կամ պատրաստ ես հրաժարվել, հակառակորդդ համարում է «նվաճած սահմանագիծ» եւ սպասում է, որ դու բանակցությունների սեղանին դնես քո ունեցվածքի ինչ-որ մեկ այլ մաս:

Հասկանում եմ, թե ինչու է դա ասվում՝ քաղաքական ընդդիմախոսներին «շշպռելու» համար: Սա դասական օրինակ է, երբ այսրոպեական քաղաքական խնդիրներն ավելի կարեւոր են համարվում, քան երկարաժամկետ պետական շահերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան ձեր էթիկայի կանոնները չեն արգելում ձեր նյութերի տակ այլ կայքերի հղումներ դնել: Ահա թե ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց Փաշինյանի օրոք:

    https://hraparak.am/post/cc5e0c99846cf3eeb209deaf89ae81eb

  2. Հ.Շ. says:

    Փաշինյանին, 11 Նոյեմբեր 2020-ին չհրաժարիլը, արտաքին ճակատի վրայ, յաւելեալ աղէատալի իրադարձութիւնների պատճառը հանդիսացաւ, դա ակնյայտ է:

    Ներազգային գետնի վրայ, եւ այլազան ոլորտներում, նաեւ յստակ է որ իր, այդպէս՝ իր աթոռին կառչիլը, ոչ միայն անհնար դարձուց, Աղէտէն ետք՝ վերականգնելու գործընթացը, այլ դեռ աւելի վատթարացուց մեր ներքին ահաւոր վիճակը:

    Փաշինյանին, մինչեւ օրս տակաւին իր աթոռը պահելը, բոլորիս համար երրորդ վնաս մըն ալ արտադրեց սակայն, որուն նուազ կ’անդրադառնանք: Դա հետեւեալն է՝

    Բազմաթիւ, մեծաթիւ անձեր, մեկնող վարչակարգին մէջ եւ շուրջ, որոնք պէտք է որ ենթարկուին ծանրագոյն քննադատութիւնների, հիմնաւորուած լուրջ մեղադրանքների, տեղի ունեցած Աղէտի առնչութեամբ, շա՜տ հանգիստ են մնում: Մարդ իրենց մասին չի խօսում անգամ: Մեծ ձուկերին, շնաձուկերին մասին է խօսքը՝ պատերազմէն ետք հրաժարած նախարարներ եւ բարձրաստիճան պետական պաշտօնեաները (չհրաժարած, սովորական պատգամաւորները, միջին, փոքր կամ աննշան ձուկեր են…), ուժային պետեր, բանակի բարձրաստիճան սպաներ, եւայլն.

    Իսկ այս մեկնող վարչակարգի մասնիկներից նրանք, որոնք ճարպիկութիւնը ունին ճիշդ ատենին, յանկարծ ճիշդ բաներ ասելու – կամ այդպէս ձեւացնելու -, նոյնիսկ արժանանում են շատ դրական, բարեացական գնահատանքների: Ոմանք՝ հերոսացւում են (ԶՈՒ ԳՇի վերնախաւը, Աժում մի քանի իմքայլականները, որոնք Փաշինյանի նաւակից դուրս ելան, երբ որ արդէն Հայութեան նաւը հասած էր ծովային Անդունդին յատակը) :

    Ոմանց ալ խօսքը, յանկարծ դառնում է… վստահելի: Հաւատալի: Օրինակի համար՝ վերեւի խմբագրականի վերջաւորութեան նշուած այդ էակը:

  3. Հ.Շ. says:

    ուրեմն հիմա, ի՞նչ հաւատալիութիւն (credibility) ունի, հրաժարած տուած այդ անձը…

    10 Նոյեմբեր 2020էն ետք, ոեւէ յարգանքի – եւ վստահութեան – արժանի անձ մը, պիտի չընդունէր, նամանաւանդ՝ Արտգործ նախարարը դառնալ կառավարութեան մը, որու վարչապետը տակաւին Փաշինյանն էր. (այո, անշուշտ թէ նա շատ վեհա՜նձն մղումների կրնայ վերագրել իր այդ պաշտօնը ընդունիլը, բայց լուրջ եւ հասուն մարդոց միջեւ ենք խօսում, այստեղ.)

    ոչ այդ մարդուն այժմ ըսածները իսկական կշիռ մը կամ արժէք մը ունին, ոչ էլ բազմաթիւ այլ, սկզբնապէս ու երկար ժամանակ Փաշինյանին ծառայած անձերունը, որոնք հիմա, երբ որ այլեւս բաւական յստակացաւ որ այս վարչակարգը վերջացած է, մէկէն՝ դարձան նրա քաջ ու խիզախ քննադատները.

    առնէտները աւելի պժգալի են, քան թէ ընկղմող նաւապետը. մանաւանդ որ որ այս պարագային, բառին տառացի իմաստով՝ մարդը իսկական խենթ մըն է. զորս հոյակապ, սքանչելի կերպով օգտագործեցին մեր թշնամիները.

    (ի դէպ, յանցագործ խենթը բանտ չեն դներ, բայց կը պահուի խենթանոցում, մինչեւ որ բուժուի. անշուշտ այստեղ ոմանց սովետական հոգեխոցները պիտի բացուին, տակայն խօսքս նորմալ եւ լուրջ երկիրների օրէնքների, դատական համակարգի մասին է. ի դէպ, յիշում եմ, պահ մը՝ Առաջին Նախագահն ալ հոգեբուժարան բանտարկած էր Գորբաչովը. ես անձնապէս մասնակցած եմ այդ անհեթեթ կալանաւորունին դէմ կարծր ցոյցի մը – դաշնակներուն կողմէ կազմակերպուած… – , սովետական հիւպատոսարանին առջեւ.. ուր ծեծ ստացած եմ – խոշոր գաւազանի հարուած, կողերուս մէջ -, քանատացի ոստիկանների կողմէ…)

  4. Հ.Շ. says:

    վերեւի երկու մեկնաբանութիւններս ալ, սխալ տեղ եմ տեղադրել… երկուքն ալ կ’արձագանգեն Խմագրին այս յօդուածին՝ https://www.aravot.am/2021/06/01/1194819/

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930