Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) իրականացրել է հանրային կարծիքի հետազոտություն՝ պարզելու համար, թե նախընտրական Հայաստանում ինչ վարկանիշ ունեն տարբեր կուսակցությունները, քաղաքական գործիչներն ու ինստիտուտները, ինչ տեղեկատվական աղբյուրներից են օգտվում մարդիկ և ինչ խնդիրներ են տեսնում հետպատերազմյան Հայաստանում։
Հարցումը կատարվել է 2021-ի ապրիլի 8-ից մայիսի 4-ը՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով և ընդգրկել է 1 203 չափահասների։ Հարցվածների շարքում են Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի բնակիչները։
Հարցման եղանակը պատահական զանգերն են (random digit dialing (RDD), որոնց համար հիմք են երեք խոշոր կապի օպերատորների կոդերը։ Ընտրանքը կատարվել է ՀՀ վիճակագրական ծառայություն տվյալների հիման վրա։
Հայաստանցիները գլխավոր խնդիրներ են համարել՝ քաղաքական անկայունությունը (12%), ռազմագերիների վերադարձը (11%), գործազրկությունը (11%), ռազմական հարձակման ռիսկը՝ հակառակորդի կողմից (9%)։
Կարդացեք նաև
Այս հարցումը ուրվագծել է եզակի նախընտրական իրավիճակ. զգալի մեծամասնությունը (72%) ասում է, որ հաստատ կամ հավանաբար քվեարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն նախընտրելի որևէ քաղաքական ուժ քչերն են նշել (հարցը, թե ու՞մ եք ընտրելու, ենթադրում է ազատ պատասխան, առանց նախապես կազմված հարցաշարի)։
Եվ 55% -ն ասել է, որ դժվարանում է պատասխանել, իսկ 10%-ն ասել է՝ ոչ մեկին։
Հարցվածների գրեթե կեսը՝ 43%-ը, կարծում է, որ հիմա Հայաստանը լայն իմաստով շարժվում է ճիշտ ուղղությամբ, 20%-ը՝ սխալ, 37%-ը՝ դժվարանում է պատասխանել։
Հետաքրքիր է, որ այս տարվա փետրվարին անցկացված նախորդ հարցման արդյունքներն ավելի հոռետեսական էին, քանի որ Հայաստանի ընտրած ուղղությունը սխալ էր համարում 45%-ը։
Սակայն խորացել են անվստահության ու հիասթափության տրամադրությունները՝ հարցվածների 29%-ը հիասթափված է և չի հավատում ցանկացած բարելավման, իսկ 22%-ը հավատում է, որ ապագան ավելի լավն է լինելու։
Հարցվածների 41%-ը կարծում է, որ վերջին կես տարում տնտեսական վիճակը զգալիորեն վատթարացել է։ Բայց միևնույն ժամանակ 57%-ն ասել է, որ եթե հնարավորություն ունենային աշխատելու արտասահմանում, չէին մեկնի Հայաստանից։ 70%-ը չի ցանկանում նաև մեկնել արտասահման մշտական բնակության։
Բավականին լուրջ փորձության է ենթարկվել տարբեր ինստիտուտների հանդեպ եղած վստահությունը, գրեթե ամեն ինչը՝ վարչապետի գրասենյակից սկած, վերջացրած բանակի ղեկավարներով, դատարաններով ու ոստիկանությամբ ավելի քիչ հավատ է ներշնչում հայաստանցիներին, քան դա եղել է վեց ամիս առաջ։
Կարծո՞ւմ եք հայաստանցիները վախենում են ազատ արտահայտել իրենց կարծիքը։ Այս հարցին զգալի հատվածը պատասխանել է, որ չեն վախենում։
Տեղեկատվական աղբյուրների մասին հարցաշարերը ցույց են տալիս, որ ինֆորմացիայի գլխավոր աղբյուր համարվող հեռուստատեսությունը հայտնվել է պարադոքսալ իրավիճակում։
Հարցվածների 41%-ն ամեն օր միացնում է հեռուստացույցը՝ քաղաքական լուրեր իմանալու համար։ Իսկ 32%-ը երբեք չի միացնում։
Իսկ եթե միացնում եմ, ապա նայում են Հանրայինը, «Շանթը», «Արմենիա»-ն, գրեթե հավասար համամասնությամբ։
Որքա՞ն հաճախ եք օգտագործում սոցիալական մեդիան քաղաքական նորություններ իմանալու համար։ Այս հարցի պատասխանները հիմնականում Ֆեյսբուքի մասին են։ Հարցվածների 47%-ն ասել է, որ ամեն օր մտնում են Ֆեյսբուք։ Թվիթերը, Տելեգրամն ու Ինստագրամը մեծամասնությունը չի հիշատակել։
Երբ հարցը հասնում է լրատվամիջոցների հանդեպ եղած վստահությանը, ստեղծվում է բավականին աղետալի պատկեր։
Հարցը, թե լայն իմաստով ո՞ր մեդիան են համարում առավել վստահելի քաղաքական նորությունների տեսակետից, ենթադրում է ինքնաբուխ պատասխան՝ երկու մեդիա հիշատակելու հնարավորությամբ, առանց հուշման։
Առաջինը հիշատակած լրատվամիջոցի պարագայում ստացվել է այսպիսի պատկեր՝ հարցվածների 13%-ը վստահելի է համարել Հանրային հեռուստատեսությունը, 9%-ը՝ «Շանթը», 6%-ը՝ Ազատություն ռադիոկայանը։ 47%-ը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել։
61%-ը որպես երկրորդ պատասխան ընտրել է «Ոչ մեկը վստահելի չէ» պատասխանը։ Այսինքն, մի քիչ մտածել է ու ասել, որ քաղաքական լուրեր հաղորդող վստահելի լրատվամիջոց չի տեսնում։
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ