Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դե ֆակտո մեկնարկած քարոզարշավի ժամանակ իշխանությունը ևս հանդիպումների շարք է սկսել, որոնք, մասնավորապես վերջին օրերին աչքի են ընկնում ընդգծված բառապաշարով: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը, բայց վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու ելույթներն այլ դրսևորումներ ու երանգներ են ստանում:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս փուլում նման բառապաշարի ու վարքագծի մի քանի պատճառ է առանձնացնում. «Ինքը վախ ունի, որ կարող է 50+1 ձայն չհավաքել: Նաև շատ լավ գիտի, որ այն քաղաքական ուժերը, որոնք հնարավորություն ունեն անցնելու ապագա Ազգային ժողով, իր հետ կոալիցիա չեն կազմի, որովհետև ոչ ոք չի ցանկանա կոալիցիա կազմել քաղաքական ուժի հետ, որն ասոցացվում է կապիտուլյացիայի, հայերի ու Հայաստանի նվաստացման հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ նման բառապաշարի պատճառը վախն է: Միևնույն ժամանակ նշեմ մեկ այլ հանգամանքի մասին՝ հիշեցնելով Արթուր Վանեցյանի նախօրեի հայտարարությունը: Նա նշել էր, որ ընտրություններից հետո ապագա պետական պաշտոնյաներն անպայման պետք է ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների բժշկական ստուգում անցնեն: Բայց ես առաջարկում եմ դա հենց հիմա անել, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին արտահայտված մտքերն ուղղակի աննորմալ են: Ինքը բացահայտ ցույց է տալիս, որ անմեղսունակ է: Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք մասնակցելու են այս ընտրություններին, պետք է ընտրություններից 5-6 օր առաջ հանձնեն համապատասխան անալիզներ ու ապացուցեն, որ իրենք թմրամոլ չեն, հոգեմետ դեղեր չեն օգտագործում ու հարբեցող չեն: Սա խնդիր է, որը մինչև ընտրությունները պետք է լուծվի»:
«Փաստի» հետ զրույցում քաղաքագետը շեշտեց, որ բացի վերոնշյալ վախերից, այլ հանգամանք ևս կա. «Նիկոլ Փաշինյանի վերջին ագրեսիվ հռետորաբանությունն ինքնապաշտպանական է, բայց այլ խնդիր էլ կա: Նա փորձում է հարազատ գտնվել իրեն երկրպագողներին, ժեխերին ու փթիրին, որոնք իր հետևից են գնում: Ես չեմ պատկերացնում, որ նորմալ մարդը կարող է նրան լսել ու ծափահարել: Մասնավորապես, ծափահարել այն մտքին, որ «մենք պարտվել ենք, բայց հպարտ ենք այդ պարտությամբ»: Ես աշխարհում չեմ տեսել որևէ դեպք, երբ որևէ ժողովուրդ կամ երկիր պարտվի ու հպարտանա, որ պարտվել է: Դա կա՛մ սադոմազոխիզմ է, կա՛մ հոգեկան շեղման դրսևորում: Մինչդեռ մեզ մոտ այդ զանգվածը կա:
Մեր պարտությամբ հպարտանալու մտքին ծափահարող այդ զանգվածն իրականում Փաշինյանի մեջ իրեն է տեսնում: Այդ հատվածին ևս հատուկ է թերուս, չար, նախանձ ու տգետ լինելը: Իրականում այս ամենից զարմանալ պետք չէ, մենք գործ ունենք աղետի հետ, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Գործ ունենք նաև կրկնակի աղետի հետ, որոնք թուրքական հինգերորդ շարասյան ներկայացուցիչներն են: Ես այդպես եմ բնութագրում բոլոր նրանց, ովքեր Նիկոլին են ձայն տալու, որովհետև նորմալ հայը, որի ազգանունը վերջանում է «յան»-ով, չի կարող հպարտանալ և ուրախանալ, որ ինքը պարտվել է ու պարտվել է թուրքին՝ մեր դարավոր թշնամուն: Չի կարող նորմալ հայը երկրպագել կամ պաշտպանել մեկին, որը մեր զինվորների կյանքի, առողջության, ՀՀ քաղաքացու ինքնասիրության ու ՀՀ տարածքների նկատմամբ ոչ տրամաբանական դիրքորոշում է դրսևորում:
Կարդացեք նաև
Կներեք, բայց ինքն ամեն ինչի վրա թքած ունի, նա արհամարհում է ամեն ինչ: Ինքը ծուռ հայելիների թագավորություն է ստեղծել, այդ ծուռ հայելիների թագավորությունում մենք ապրում ենք, ինչը, սակայն, մեզ աղետի է հասցնում: Եթե ներքաղաքական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ ձևաչափերով մանիպուլյացիաների ենթարկել, ապա արտաքին քաղաքականության դաշտում յուրաքանչյուր վայրկյան մենք տանուլ ենք տալիս: Ինչո՞ւ, որովհետև իր նման կապիտուլյանտի կողմից Հայաստանը ղեկավարելու մեծ նվերից օգտվում են մեր թշնամիները»:
Քաղաքագետի խոսքով՝ թշնամին Հայաստանից պատառներ պոկելու, Հայաստանին նսեմացնելու, Արցախը ոչնչացնելու, հայերի ինքնասիրության հետ խաղալու՝ տարիներով ունեցած երազանքները հիմա ի կատար է ածում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի նման վարչապետ կա. «Բացի այդ, ՀՀ-ում կա մի զանգված, որը ինքնախաբեությամբ է զբաղվում՝ փորձելով ամեն ինչում մեղադրել նախկիններին: Այդ զանգվածը չի հասկանում, որ նախկիններին մեղադրելով՝ ներկան չի փրկի, իսկ ներկայի աղետի մեղավորը գործող իշխանությունն է, որն այս երեք տարվա ընթացքում ցույց տվեց իր ամբողջ ապիկարությունը»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։