ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն առաջին անգամ է լսում և երբևէ որևէ գրքում չի կարդացել, որ մարդը կարող է պարտությունով հպարտանալ:
«Սովորաբար բախումներում, մրցույթներում և այլ տիպի հակադրություններում պարծենալու իրավունք ունի հաղթողը. Չկա՛ այսպիսի արտահայտություն, թե պարտվողներին չեն դատում, կա հակառակը՝ հաղթողներին չեն դատում: Եթե Փաշինյանը պարտությունը համարում է հպարտություն, սա որևէ տրամաբանական մտքի մեջ չի կարող տեղավորվել, և ինքն ապրում է հպարտություն, այստեղ լուրջ խնդիր կա: Եվ ո՞ւմ աչքերի մեջ պետք է նա նայի: Նա հպարտությամբ կարող է նայել այն մարդկանց աչքերի մեջ, ում շատ անհրաժեշտ էր հայոց բանակի կազմալուծումը, պարտությունը, տարածքների կորուստը: Իսկ ես այդպիսի երկու տեսակի մարդ եմ ճանաչում. Թուրքի մի տեսակ, որն անվանվում էր կովկասյան թաթար, հիմա՝ ադրբեջանցի, և բուն թուրքերը, որոնց աչքերին հպարտությամբ կարող էին նայել բոլոր նրանք, ովքեր թուրքին ծեծել էին: Բայց երբ ծեծվածն է հպարտությամբ նայում ծեծողի աչքերի մեջ, սա ինձ համար անհասկանալի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա անդրադարձավ նաև Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջանին»՝ ընդգծելով. «Եթե Փաշինյանի խոստացած խաղաղությունը պետք է գա իմ իրավունքների՝ ադրբեջանական ոտնակոխի հաշվին, եթե պետք է իմ երեխաները, թոռները, իմ սերունդները մեծանան ադրբեջանական միջավայրում, և ադրբեջանցիները տանեն ձուլման, ոչնչացման մեր ազգը, ապա այդ խաղաղությունը թող այս մարդը տանի՝ իր ընտանիքով վայելի: Ես այդպիսի խաղաղություն չեմ ուզում»:
Սերժ Սրապիոնյանի գնահատմամբ՝ ոչ թե Ալիևն է հայ գերիներին որպես Փաշինյանի վրա ազդելու միջոց օգտագործում, այլ Փաշինյանն է օգտագործում մեր գերիների փաստը. «Դրա համար ամենատարբեր առիթներով, ամենատարբեր գործողություններով հարստացնում է մեր գերիների թիվը, որպեսզի Ալիևի ձեռքին ուժեղ փաստ տա և մեր ժողովրդին ուժեղ փաստով ներկայացնի այն, որ գիտեք՝ երկիրը չտալու տարբերակ չկա, կամ երկիրը պետք է տանք՝ գերիներին բերենք, կամ գերիները պետք է մնան և ոչնչացվեն: Մի մարդ, որ իրեն երկրի ղեկավար է համարում և իր երկրին առնչվող բանակցություններին անգամ չի կարողանում մասնակցել, այդ մարդը ամենամեծ երևակայությամբ անգամ պետք է չկարողանար իրեն երևակայել այս երկրի ղեկավար: Իսկ նրանք, ովքեր համարում են, որ այս մարդը իրենց ղեկավարն է, կարող են շատ հանգիստ իրենց ղեկավարի հետ գնալ և ապրել իրենց կիրթ և կառուցողական ընկերոջ երկրում, այս երկիրը իրենց տեղը չէ»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։