Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքեր չկան, կան բացականչություններ

Հունիս 01,2021 10:00

Բարեկամներիցս մեկը վերջերս իրավացիորեն նկատել է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գրավոր եւ բանավոր տեքստերում արտահայտում է մտքեր, որոնց հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել, մինչդեռ վարչապետի ներկայիս պաշտոնակատարն իր նախընտրական ճառերում մտքեր չի արտահայտում: Ես դրանք կանվանեի բացականչություններ, որոնք պետք է բոցավառեն հավաքվածներին, թեժ պահեն նրանց մեջ ատելության կրակը:

Հավանաբար, շատերդ համացանցում տեսել եք, թե ինչպես են հռետորները (որոնց մի մասն իրենց, ցավոք սրտի, «քրիստոնյա» են անվանում) բղավում բազմահազարանոց լսարանի առաջ, իսկ հավաքվածները տրանսի մեջ են ընկնում, սկսում են գլխով ու ձեռքերով տարօրինակ շարժումներ անել, ինչպես նաեւ ոռնալ՝ հռետորի գոռգոռոցներին ի պատասխան: Արդյոք նրանք արձագանքում են հռետորի մտքերի՞ն: Ըստ ամենայնի՝ ոչ: Հռետորի հաղորդակցության ձեւը միայն առաջին հայացքից է վերբալ (բառային), բայց խորքում նա շրջանցում է գիտակցական մակարդակը եւ այդ բառերն ուղղված են խորքային բնազդներին: Արդյո՞ք կոկորդը պատռող եւ զանգվածների հրճվանքն առաջացնող հռետորները հիմար են կամ, բառիս սովորական իմաստով, աննորմալ: Վստահ եմ, որ՝ ոչ: Նրանք իրենց բիզնեսն են անում: Այլ հարց է, որ լսարանին «տաքացնելու» համար իրենք գիտակցաբար իրենց մտցնում են «տրանսի» մեջ, որպեսզի արտասանվող բացականչությունները եւ բանաձեւերն ավելի համոզիչ լինեն:

Ասում են, Ադոլֆ Հիտլերը նման ելույթների ժամանակ իրեն հասցնում էր սեռական բավարարվածության աստիճանի, եւ դա չէր կարող չազդել «Heil!» ոռնացող ամբոխի վրա: Բանական մակարդակով նրա ասածները հերքելը որեւէ դժվարություն չէր ներկայացնում: Եթե մարդիկ միացնում են իրենց ուղեղները, ապա նրանց հնարավոր չի լինի համոզել, որ միմիայն «արիներին» է հատուկ իդեալիզմն ու ինքնազոհությունը եւ միայն նրանք են գիտության եւ արվեստի շարժիչ ուժը: Երկու րոպե մտածելուց հետո ցանկացած մարդ կբերի այդ պնդմանը հակասող տասնյակ օրինակներ: Բայց խնդիրը հենց այն է, որ այդպիսի լսարաններում մարդիկ երբեք ուղեղը չեն միացնում:

Նույնը Նիկոլ Փաշինյանի նախընտրական ճառերի դեպքում է: Բացականչությունների հեղեղի մեջ մարդիկ իրենց հարց չեն տալիս, թե, օրինակ, ինչպես կարելի է հպարտանալ պարտությամբ, այսինքն՝ հսկայական տարածքներ կորցնելով եւ հազարավոր զոհեր տալով: Կամ՝ ինչպե՞ս պատահեց, որ այդ պարտության համար բոլորը մեղավոր են՝ նախկիններից սկսած, գեներալներով վերջացրած, իսկ երկրի առաջին դեմքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը մեղավոր չէ: Փաշինյանական ընտրազանգվածի ներկայացուցիչներն այդ հարցերը չեն տալիս, նրանք իրենց կուռքի ասածը տրամաբանական վերլուծության չեն ենթարկում:

Այդ ամենին կարելի էր քիչ թե շատ հանգիստ վերաբերվել՝ ի վերջո, այդպիսին է մեր հասարակության հասունության մակարդակը, որի վրա էլ աշխատում է Փաշինյանը: Խնդիրն այն է, որ այս պոպուլիստական խաղերում վտանգվում է մեր անվտանգությունն ու անկախությունը: Դրա մասին ուղիղ տեքստով երեկ ասել է հրաժարական տված արտգործնախարարը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Մեր «անգրագետ» ժողովուրդը պարզապես գիտակցում է, որ պատերազմի պարտության համար մեղքի բաժին ունեն Հայաստանի նորանկախ պետության բոլոր 4 ղեկավարները, որը ինչքան՝ պատմությունը կասի: Հույս ունենանք, որ պատմության գնահատականին ներկա սերունդը ականատես կլինի:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Նիկոլչիբեյի «բացականչություններում» մտքեր այնուամենայնիվ կան. այդ տաղանդավոր ստախոս-զազրախոս-դատարկախոսը շատ լավ է տիրապետում իր թունավոր մտքերը նրբորեն քողարկելու, դրանք փայլուն փաթեթավորելու եւ ժեխին խորամանկորեն մատուցելու արվեստին:

    «Արցախի (Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի) բեռից պետք է ազատվել, որ լավ ապրենք», «Մեղրին տանք թուրքին, որ չարչիություն անենք ու լավ ապրենք», «Տեղից էն կողմ Հայաատան չի», «մեզ ամայի ու քարքարոտ տարածքներ պետք չեն», «թուրքերը մեր հարեւաններն են, այլ ոչ թե թշնամիները», «Հայաստանում լիքը ադրբեջանական անկլավներ կան», «հպարտ ենք, որ պարտվել ենք»… Ահա նիկոլական մտքի այս գոհարներ են, որ մշտապես սրսկվում են ժողջանին, դե իսկ քրիստոնյա ժեխին բոցավառելն ու ատելության քարոզով կերակրելը անհայրենիք հերձվածողի համար ոչ միայն մշտական զբաղմունք է, այլ նաեւ հաճելի ժամանց:

    Բայց սա չէ կարեւորը, այլ իր մտքերը, որոնք ոչնչով չեն տարբերվում ԼՏՊ-ի մտքերից. երկուսն էլ նույն պարտվողականության, քիրվայականության ու վախկոտության քարոզիչներն են՝ ուղղակի մեկը գրագետ է ու զգույշ, իսկ մյուսը՝ տգետ, փնթի ու արկածախնդիր: Եւ ինչքան էլ ԼՏՊ-ն փորձի տարանջատվել իր հոգեզավակից՝ միւնույն է, չի ստացվի. ապագա Հայաստանում լեւոնանիկոլիզմը (սերգոջանիզմը, մարտիմեկիզմը եւ ժողջանիզմը) պետք է ամբողջովին արմատախիլ արվի, իր դրանց կրողները՝ կիլոմետրերով հեռու պահվեն իշխանությունից…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930