Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցի․ «Երկու օր առաջ գնացի այգիս մշակելու, զինվորականները չթողեցին, այգիս սահմանի վրա է». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 31,2021 21:21

Տավուշի մարզ սահմանամերձ բնակավայրերում լսել են՝ Երեւանում խոսում են, թե այս մարզի երեք անկլավներ՝ Բարխուդարլուն, Սոֆուլուն եւ Վերին Ոսկեպարը ուզում են տալ ադրբեջանցիներին։ Մարդիկ լսել ու զարմացել են՝ բա իրենց մի հարցնող չկա՞՝ տա՞ն, թե՞ չտան, իրենք՝ տավուշցիները բա կտա՞ն, եթե իրենց չլսեն էլ ու տան, իսկ սահմանամերձի բնակիչը ադրբեջանցու հետ էդքան մոտ հարեւանությամբ կհամաձայնի՞ ապրել։

Ազատամուտ համայնքն ու անկլավ համարվող Սոֆուլուն իրարից բաժանվում են մի երկաթգծով, երկաթգիծը հիմա չկա, այսպես ասած՝ թաղամասերն իրարից հեռու են մի քանի քայլով։ Մյուս անկլավը՝ Բարխուդարլուն է, այն արեւմուտքում Ազատամուտին է հարեւան, հարավ-արեւելքում՝ Այգեհովիտին։ Բարխուդարլուն, որտեղ խորհրդային տարիներին ադրբեջանցիներ են բնակվել, հայկական երկու գյուղերի արանքում է։ Ազատամուտի բնակիչներն իրենց մեծերից լսել են՝ մի թուրք անասնապահ Բարխուդար եկել, էդտեղ տնավորվել է, հետագայում էլ Խորհրդային իշխանություններն այդ տարածքը ներառել են Խորհրդային Ադրբեջանի կազմում։

Ազատամուտի բնակիչները չեն հավատում, որ իրենց տարածքն իշխանությունները կտան ադրբեջանցիներին։

«Էն ժամանակ մինչեւ էն շենքի՝ ԱԻՆ-ի շենքի մոտ, վրան էլ մեր դրոշն է, թուրքերն են եղել, իրենք մեր մեջտեղն են եղել, Ղազախն էր էլի։ Եթե էդ տարածքը տան, պատուհանից նայելու ենք ու մեր դիմացը թուրքերն են լինելու։ Բայց էդ ովքե՞ր են էդ լուրերը տարածում, խի՞ են տարածում, չգիտենք։ Խոսում են ու մեզ կրակը գցում, հանգիստ ապրում էինք։ Հիմա որ էդքան խոսում են, չե՞ն մտածում, որ մարդիկ կարող է թողնեն դուրս գան գյուղից։ Սա ի՞նչ բան է, հո իրար թշնամի չե՞նք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում են Ազատամուտի մի քանի բնակիչներ։

Ազատամուտն ու Սոֆուլուն բաժանող երկաթգիծը, որը չկա

Բնակիչները խաղողի այգիներ են մշակում այն հատվածում, որը հարում է Սոֆուլու անկլավին։

Ազատամուտ-սահման

Երկու երիտասարդ կին, չնայած տարածված լուրերին, պատրաստվում էին այգում գործ անել։ Չցանկացան ներկայանալ, լուսանկարվել, բայց զրույցի բռնվեցին։ Ասում են․«Մենք, որ էստեղ նկարվում ենք, գեոլոկացիան Ադրբեջան է ցույց տալիս։ Էստեղ հարսների մեծ մասի ամուսինները պայմանագրային զինծառայողներ են, ամեն օր վախի մեջ ենք, ամեն վայրկյան զանգում են, կանչում։ Առաջ շատ խաղաղ հանգիստ գալիս էինք հողի հետ աշխատելու, հիմա ո՞նց անենք, էդ որ խոսում են՝ թուրքերին են տալու, թուրքերը կարող է գան, մեր հոգեվիճակը պատկերացնող կա՞»։

Այգեհովիտից մի տղամարդ էլ, որը երկար տարիներ է խաղողի այգի է մշակում, մեզ հետ զրույցում ասաց․ «Երկու օր առաջ գնացի այգիս մշակելու, զինվորականները չթողեցին, իմ այգին սահմանի վրա է։ Թուրքերն ասել են՝ սա մեր հողն է, բայց էն ժամանակ մերն է եղել, հակառակը, իրենք են մեր հողերից ահագին վերցրել, իրենց համար մի հատ լիճ սարքել Ղազախի լիճ են ասում կամ՝ Դիրդավան»։

Վերին Ոսկեպարի հայկական գերեզմանաքար

Մեկ այլ տղամարդ էլ պատմում է, որ Հրանտ Բագրատյանն է մի որոշ ժամանակ առաջ այս տարածք այցելել․ «Ասում էր՝ ձեր անասուններն էն կողմն արածացրեք։ Բայց էդ մարդը սկի սահման չգիտի, չգիտի, որ իրա ասած էն կողմն արդեն թուրքն է, Սոֆուլուն է։ Ստեղ ոչ մի թուրք չի երեւացել։ Թե ում է ձեռնտու էս մարդկանց խառնեն․․․ ով չի ուզում Նիկոլին, ով ա ուզում Քոչարյանին, դրանք էս ժողովրդին ընդհանրապես չեն հետաքրքրում։ Էս մարդիկ ուզում են հանգիստ ապրեն, առանց ապուշ լուրեր լսելու։ Երբ կգա էդ պահը, որ արդեն հաստատված է, որ տալու են, էն ժամանակ ուրիշ խոսակցություն կլինի»։ Մեր հարցին՝ ինչպես կարելի է սպասել մինչեւ հաստատմանը, այս տղամարդը հարցով արձագանքեց․ «Բա հիմա ի՞նչ անենք, մեր էրեխեքին հավաքենք, գնա՞նք ստեղից։ Եթե ամեն ասածին լսենք՝ ստեղ հայ չի մնա»։

Հետո մտահոգություն է հայտնում սահմանային իրավիճակից, հռետորական հարց է տալիս․«Եկել են մեր տարածքից մեր զինվորներին գերի են տարել, դա ի՞նչ է։ Այսինքն՝ ոչ բանակ ունե՞նք, ոչ մտածո՞ղ։ Էրեխեքին տանեն գցեն դաշտը, ու ասեն՝ ձեր ճակատագիրն է, ինչ լինի լինի։ Էս ի՞նչ է կատարվում»։

Ասում է՝ եթե անգամ խորհրդային տարիներին ադրբեջանցիների հետ հարեւանությամբ ապրել են, հիմա անհնար կլինի․«Դա չլինելու բան է։ Մեր հինգ հազար էրեխեքին սպանեցին, ես ո՞նց կարող եմ դրանց հետ ապրել։ Մի օր կխմեմ, մի թուրքի կսպանեմ։ Ախ, չգիտեմ, էդքան եկեղեցիներ են շինել, դա մեզ փրկե՞ց, պատերազմի օրերին օգնե՞ց։ Էդ եկեղեցիների տեղը մի հատ ՀՕՊ առնեին, տաս երեխա կփրկվեր»։

Մայիսի 30-ին Տավուշի մարզ լրագրողների այցը կազմակերպել էր «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպությունը։

Կայան բնակավայրի 45-րդ փողոցի 4-րդ շենքը, դիմացի մայթի նախկին ծխախոտի գործարանի տարածքն ու այս հատվածում մոտ 100-150 մետր տարածք, ըստ Խորհրդային միության գլխավոր շտաբի վերջին քարտեզի հիման վրա GPS-ով ցույց է տալիս որպես Ադրբեջանի տարածք։ Ասում է լրագրողների խմբին ուղեկցող քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը։

Բնակիչները վրդովվել են․ այս շենքում ու տարածքում երբեք ադրբեջանցի չի ապրել

Նշված շենքի բնակիչները մի քիչ անակնկալի եկան, հետո զայրացան․«Մերն է ու վերջ, էդ լուրերը մեզ հետաքրքիր չեն»։

Կայան

Կայան բնակավայրի այս շենքը GPS-ով Ադրբեջանի տարածքում է

Բնակիչները մեծից՝ փոքր, ասում են․«Մեր ապուպապերը, որ մեր անցավորները ստեղ են ապրել, ո՞նց կլինի որ ստեղ ադրբեջանցի ապրի։ Մենք ադրբեջանցի շունչ էլ չենք տեսել ստեղ։ Սա մեր Հայաստանի հողն ա, մեր հայկական հողն ա, սահմանում ապրում, սահման ենք պահում»։

Նույն շենքի բնակիչ Սարգիսն էլ Երեւանից ժամանած լրագրողներին հարցնում է՝ Երեւա՞նն էլ է թուրքերինը։ Բնականաբար բացասական պատասխան լսելուց հետո կրկին հարց է ուղղում․«Բա եթե Երեւանը թուրքերինը չի, սա ո՞նց թուրքերինը կլինի։ Մոռացեք, որ թուրքը ստեղ կլինի»։

Ադրբեջանցիների դիրքերը Կայան բնակավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են

Սարգիսի այգիները ադրբեջանական դիրքերից 300 մետր հեռավորության վրա է, ասում է՝ Կայան բնակավայրի բնակիչները 30 տարի է «բաղ ու բաղչա» են դրել, պահել, անկլավային գյուղեր էլ կան․«Հա, ասում են, բայց պիտի տվող լինի, տվող չկա»։

Էդգար Էլբակյանն ասում է՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում մոտ 2 կիլոմետր հատված Խորհրդային միության ԳՇ վերջին քարտեզի հիման վրա GPS-ով ադրբեջանական տարածք է, Ոսկերպարի Գոմաձորի կոչվող 13-րդ դարի եկեղեցին, որից մնացել է մի հատ պատ, նույնպես GPS-ով ադրբեջանցիների տարածք է ցույց տալիս։

Ոսկեպար գյուղը

Այդ տարածքները կարծես խրված են հայկական տարածքների մեջ։

Տավուշցի Սարգիսն ասում է՝ ինչ GPS ուզում է լինի՝ ադրբեջանցիներին հող չունենք տալու

Գոմաձորի եկեղեցի

Գոմաձորի եկեղեցու հարակից տարածքից տեսանելի է Ջողազի ջրամբարը, այստեղ էլ «վիճարկվող» հատված կա․ հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Սասուն Դանիելյանը պատմում է՝ Ջողազի ջրամբարի հարեւանությամբ Հայաստանի Բերքաբեր գյուղի ոռոգելի հողերի մեծ մասը ադրբեջանցիների հսկողության տակ են։

Վերին Ոսկեպարում 17-19 րդ դարերի գերեզմանոց կա, այստեղից խաչքարերը անհայտացել են, այս տարածքն էլ GPS-ով ադրբեջանցիներին է, այն գտնվում է Ներքին եւ Վերին Ոսկեպարը կապող ճանապարհի վրա։ Ոսկեպարի 7-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցին կանգնուն է, եկեղեցու անմիջապես հետեւի հատվածը կրկին GPS-ով ադրբեջանցիներին է։

Ջողազի ջրամբարը

Այս եկեղեցու եւ հարակից տարածքները մի խումբ զինվորականներ եւ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացան որպես զինվորականներ, սակայն որեւէ փաստաթուղթ չներկայացրեցին, թույլ տվեցին նկարահանել։ Նրանք նաեւ արգելեցին Վերին Ոսկեպարը նկարահանել, հիմնավորում էին, թե՝ անվտանգության խնդիր կա։

«Տավուշում եթե սահմանագծում իրականացվի նախկին Խորհրդային միության ԳՇ վերջին թողարկած քարտեզներով, ապա ոչ միայն երեք անկլավների հետ գործ կլինի, այլեւ այդ սահմանագիծը արեւելքից տեղափոխվում է արեւմուտք։ Այսինքն, եթե համեմատենք ԳՇ քարտեզը կամ GPS- ային քարտեզը այսօրվա առաջնագծի կամ շփման գծի հետ, կտեսնենք, որ շատ տեղերում մեր առաջնագիծն ավելի արեւելք է, քան խորհրդային քարտեզներով։ Եթե հետ ենք վերադառնում խորհրդային շրջանի քարտեզ, ապա սահմանը արեւմուտք է վերադառնում՝ մոտ 2,5 կմ մայրուղին՝ ՀՀ-ն Վրաստանին եւ ՌԴ-ին կապող հայտնվու է ուղղակիորեն Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ ոչ թե դիտման կամ վերահսկողության տակ, այլ իրենց տարածքում։ Օրինակ՝ Աճարկուրտից Կիրանցի վանք գնալ հնարավոր չի լինի, որովհետեւ բլոկադայի մեջ կհայտնվի»,-ասում է Էդգար Էլբակյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31