Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքում, անցած կիրակի օրը՝ մայիսի 30-ին ադրբեջանցի զինվորների եւ տեղացիների միջեւ հերթական կոնֆլիկտն է գրանցվել։ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Aravot.am-ի հետ զրույցում միջադեպը ոչ թե կոնֆլիկտ, այլ միկրոկոնֆլիկտ որակեց։
«Նման միկրոկոնֆլիկտներ օրը մի քանի անգամ կարող են լինել, չի կարելի մեծ պատմություն սարքել, հիմա իրավիճակն այդպես է։ Համայնքի ղեկավարի խոսքով, գյուղի հովիվն անասուններին առավոտյան հանել էր արոտավայր, որը սահմանակից է Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներին։
«Հակառակորդը բնավորության մի գիծ ունի։ Իր դիրքում, որ կանգնած է լինում՝ առավոտ, կեսօրին թե իրիկուն մարդ նկատելով ձեն են տալիս, գոռում, թե՝ անասունները մեր սահմանին մոտիկ մի բեր։ Նա էնդեղից է ձեն տվել, մեր հովիվը ներքեւից։ Իր պատմելով՝ հակառակորդն ասել է զենքս ՝ հանեմ կրակեմ, մեր հովիվն էլ զենքը հանել՝ ասել է կկրակեմ։ Սա է եղել, միջադեպը հարթվեց ու վերջացավ»,–ասաց Շադունցը։ Այն հարցին, թե գյուղի հովիվը զինված է եղել՝ Շադունցը ասաց․« Խի՞ չպիտի զինված լինեն, թող զինված լինեն, զինված հայը ո՞ւմ կտան»,–ասաց նա։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ մարզում անօրինական զենքերը հավաքագրում են, հանձնում իրավապահ մարմիններին։ Հետաքրքվեցինք՝ հովիվի մոտ եղած զենքն օրինակա՞ն է եղել։ «Չգիտեմ ումն է օրինական, ումը՝ անօրինական, բայց Տեղի համայնքապետարանի կողմից ես ստորագրել զենքեր եմ ստացել։ Դրանք բաժանել եմ Տեղի կազմի մեջ մտնող բոլոր համայնքների ջոկատի տղաներին, ովքեր ի վիճակի են մարտական հենակետերում կանգնելու։ Այո՝ ես զինել եմ նրանց, ու ճիշտ էլ արել եմ»,–ասաց համայնքի ղեկավարը։
Կարդացեք նաև
Նշենք, որ Տեղ խոշորացված համայնքի մեջ են մտնում Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր եւ Քարաշեն գյուղերը։ Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ սահմանային իրավիճակում փոփոխություն չկա։ «Գյուղի սահմանները վերահսկվում են, գյուղում տղամարդիկ 24 ժամ հերթապահում են, հլա որ կյանքը էսպես է, հետո չգիտեմ ոնց կլինի»,–ասաց Վարո Գրիգորյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ