«Առավոտից երեկո կառավարության շենքը պահպանում են մեծ թվով ոստիկաններ, որեւէ երկրի ղեկավար այդպես չի պատսպարվում ինչպես նա»,-այսօր Հայելի ակումբում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը` նշելով, որ բոլոր այն կառույցները, որոնք ապահովում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, նույնպես պատասխանատու են այն ամենի համար ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում: Նրա խոսքով` վստահելի աղբյուրներից տեղեկատվություն ունեն, որ բոլոր մարզպետները ընտրությունների համար ձայներ ապահովելու համար ստացել են հանձնարարականներ, իսկ բոլոր այն գյուղապետերի վրա, որոնք նրանց հետ համաձայն չեն, քրեական գործեր են նախապատրաստվում: «Պետության ղեկավարը բան ու գործ չունի, քարոզարշավ է սկսել: Ընդ որում անօրինական: Ընկել է ոտքով ման է գալիս, մարդկանց է ման գալիս, որ բարեւի: Նա հիմա օրենքով իրավունք չունի, պետք է սկսի հունիսի 7-ից հետո»,-ասաց ՀԴԿ ղեկավարը:
Արամ Սարգսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չունի այն ընտրազանգվածը, որի մասին հայտարարում է, եւ հույսը դրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վերջին պահին «նկարչություն կանեն»: Եվ, պարոն Սարգսյանի կարծիքով, հենց այդ պատճառով է, որ ՔՊ-ն նոր շտաբեր չի բացում:
Արամ Սարգսյանն ասաց, որ իր թիմով թույլ չի տալու եւ պայքարելու է ընտրակեղծիքների դեմ: Վստահ է` երկիրը փոսից հանելու միակ տարբերակը Փաշինյանի եւ նրա թիմի` իշխանությունից հեռանալն է: Նրա խոսքով, այո` ապագա կա, բայց առանց Փաշինյանի:
Արամ Սարգսյանը կարծում է, որ պետք է լուսավորել մարդկանց, որոնք գտնում են, որ Հայաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ կամ` մտնի Եվրամիություն: Նրա խոսքով, ինքը քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բացատրում է` ինչու Հայաստանը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, ինչու չպետք է դեմ դուրս գա Ռուսաստանին: Նրա խոսքով, հիմա հայտնվել են մարդիկ, որոնք դրամաշնորհներ են ստացել եւ մոլորեցնում են ժողովրդին` Ֆրանսիան զորքը կբերի եւ այլն:
Կարդացեք նաև
«Մենք խնդիր ունենք Ռուսաստանի հետ նոր, որակյալ հարաբերություններ ձեւավորելու: Դրանք պետք է լինեն փոխշահավետ, շատ վստահելի, դաշնակցային: Մենք վերջապես պետք է հրաժարվենք այն մտքից, որ մենք այն երեխան ենք, որ ուզում ենք մի տասը հատ դայակ ունենալ: Հայաստանն այն ժողովուրդը չէ, որ պետք է մուրացիկությամբ զբաղվի` թե եկեք, մեր սահմանները պահեք: Մենք ունենք հայ-ռուսական հարաբերությունների այնպիսի մակարդակ, որ թույլ է տալիս այդ խնդիրները լուծել»,-ասաց պարոն Սարգսյանը:
Նա համոզված է` Նիկոլ Փաշինյանի` պաշտոնին մնալը վտանգավոր է երկրի համար, այդ պատճառով էլ Դեմկուսը որպես կարգախոս ընտրել է`«Պաշտպանել պետությունը». «Ինչ է նշանակում` պաշտպանել պետությունը: Առաջին հերթին` անվտանգություն, երկրորդ` տնտեսության զարգացում, սոցիալական արդարություն, մշակույթ, կրթություն եւ այլն: Մենք գնում ենք այն ճանապարհով, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կարողանա իրականացնել իր վաղեմի ծրագիրը»:
Արամ Սարգսյանը բոլոր կուսակցություններին հրավիրում է կլոր սեղանի շուրջ, որպեսզի քննարկեն` ինչպես դուրս գան այս «ֆորս մաժորային» իրավիճակից եւ ինչպես արգելափակեն հնարավոր վտանգները: Ժողովրդին ցույց տան իրական վտանգը եւ ցույց տան, որ անվտանգությունն ապահովելու խնդրի շուրջ կա միասնականություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ