Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ ռեստավրացիա լինելու փոխարեն թոռներով վերադարձեք Արցախ ու ապացուցեք ալիեւներին, որ ուժեղ տղամարդ եք, հարց լուծող եք, Պուտինի ընկերն եք». Նորիկյանը՝ Քոչարյանին

Մայիս 31,2021 18:40

«Արդար Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացրեց իրենց ընտրացուցակի առաջին 30 ներկայացուցիչներին: Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գնահատական տվեց նախկին եւ ներկա իշխանություններին:

Նա վստահեցրեց, որ ներկա իշխանությունների «պրոյեկտը» չեն. «Ինձ ասում են՝ օրը մի կուսակցություն է բացվում, իսկ ի՞նչ անեինք, ժողովուրդ, գնայինք եւ անդամագրվեինք ՀՀԿ-ի՞ն, ԲՀԿ-ի՞ն, ՀՅԴ-ի՞ն, ի՞նչ անեինք: Այդ մի քանի կուսակցությունները տարիներ շարունակ զավթած պահեն քաղաքական դաշտը, 5 տարին մեկ ժողովրդի չքավոր խավին 5-10 հազար դրամ բաժանեն ու անընդհատ ուզուրպացնեն իշխանությունը, ի՞նչ եք առաջարկում: Այս քաղաքական դաշտի որակը փոխելու համար պետք է գան կուսակցություններ, որոնց ձեռքերը թաթախված չեն լինի արյան, կոռուպցիայի մեջ: Այստեղ է իմ ամենամեծ վիրավորանքը, երբ որեւէ քաղաքական հավակնություն դիտարկվում է այս համատեքստում՝ սրանք Նիկոլի՞ հետ կապ ունեն, թե՞ Քոչարյանի հետ: Նիկոլենք ու Քոչարյանենք ավելի շատ իրար հետ կապ ունեն, Նիկոլենք ու Սերժենք ավելի շատ կապ ունեն: Միքայել Մինասյանը ամեն ինչ գիտի: Այդ իրենք իրար հետ կապ չունե՞ն, Նորայր Նորիկյանը կապ ունի՞»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, դուք մի հարթության մեջ դրեցիք Փաշինյանին ու նախկին նախագահներին, ինչպե՞ս եք ՀՀ նախկին նախագահներին, որոնք հաղթանակած երկրի նախագահներ էին, համեմատում մի ղեկավարի հետ, որի օրոք պարտություն ենք ունեցել, տարածքներ կորցրել՝ Նորիկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը պարտություն է կրել ոչ թե 2020-ի սեպտեմբերին, Նիկոլ Փաշինյանը պարտություն է կրել Արցախի հարցում 2018-ի մայիս ամսին, երբ ազնվորեն չներկայացրեց ժողովրդին Արցախի հարցում ստեղծված իրավիճակը, չներկայացրեց պրոբլեմը: 30 տարի մեզ մոլորեցրել էին, որ Արցախի պահանջը ալիեւներն են դնում, պարզվեց՝ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ համանախագահներն են ուզում այն, ինչ ստացավ այս պատերազմում Ադրբեջանը»:

Ըստ Նորիկյանի, նախորդ բոլոր նախագահներն ունեին հաղթողի դիրքից Արցախի հարցը լուծելու հնարավորություն. «Ցավոք, դժբախտաբար, միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց, մյուսները թռան պատասխանատվությունից, մինչեւ քոքը չբռնեցին խնդրի լուծումը ու մեր սերնդի վրա թողեցին պարտվելու կռախը»: Նորայր Նորիկյանը նաեւ ասաց, որ Արցախի առաջին նախագահը եւ ՀՀ երկրորդ նախագահը Արցախի մասին պերճաշուք հայտարարություններ են անում, իսկ ինքը, որպես քաղաքացի, նրանց հորդորում է՝ իրենց թոռների, երեխաների հետ վերադառնան Արցախ. «Եթե այնտեղ մարդ չի ապրում՝ խնդիր կա: Ամենից լավ այդ հողը կարող է սնել, վարել, մշակել արցախցին: Այստեղ քաղաքական ռեստավրացիա լինելու փոխարեն վերադարձեք Արցախ ու ապացուցեք ալիեւներին, որ դուք այդքան ուժեղ տղամարդ եք, որ դուք հարց լուծող եք, Պուտինի ընկերն եք: Երբ խնդիրը հասնում է հայրենիքին՝ Պուտինի հետ ընկերություն չկա, երբ հերթը հասնում է իշխանությանը՝ բոլորը Պուտինի ընկերներն են: Ազնիվ չէ ձեր վարքագիծը»:

Նորիկյանը նաեւ ասաց, որ ամեն օր ահազանգեր են ստանում. «Կաշա՛ռք է բաժանվում պարոն վարչապետի պաշտոնակատար, 60 հազարով, 50 հազարով, 100 հազարով: Ստուգեք, ձեր իրավապահ մարմիններին հրահանգ տվեք: Չեք տիրապետում իրավիճակին, կամ էլ տիրապետում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31